вторник, 15 декабря 2009 г.
Ուզում են պառակտել ՍԴՀԿ-ն
ՍԴՀԿ հայաստանյան կառույցի անդամների եւ ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի ու նրան աջակցող Վահան Շիրխանյանի միջեւ հայտարարված «զինադադարը» երեկվանից այլեւս ուժի մեջ չէ, եւ դեռ ավելին` վեր է ածվել բացահայտ պատերազմի։ Դեռեւս ամիսներ առաջ սկսված այդ հակամարտությունը վերջին օրերին դադարել էր, քանի որ, մեր տեղեկություններով, կողմերը պայմանավորվել էին զինադադար վերցնել մինչեւ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի` հունվարի 9-ին կայանալիք համագումարը, որտեղ հայաստանյան հնչակյանները պետք է ընտրեն ՍԴՀԿ նոր վարչություն եւ նոր ատենապետ։
Աճեմյանին ու Շիրխանյանին աջակցող մի քանի գործիչներ, սակայն, երեկ խախտել են «զինադադարը» եւ հանդես են եկել մի հայտարարությամբ, որտեղ, անվստահություն հայտնելով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին, հայտարարել են, թե դեկտեմբերի 16-ին եւ 17-ին հրավիրում են «արտակարգ»` (նկատի ունեն արտահերթ - հեղ.) համագումար։ Հայտարարության տակ ստորագրել են ՍԴՀԿ հայաստանյան ԿՎ-ի 2 անդամներ` Գեւորգ Պերկուպերկյանն ու Արսեն Կուպելյանը, ինչպես նաեւ` ՍԴՀԿ-ի 7 կառույցներ։ Այսպիսով, հայտարարության հեղինակները պատրաստվում են համագումար անել, որտեղ պետք է «գահընկեց» անեն Լյուդմիլա Սարգսյանին։ Վերջինս, սակայն, երեկ հանդիպեց լրագրողներին եւ փաստացի ապացուցեց, որ բացի այն, որ այդ հայտարարությունը օրինական ուժ չունի, նաեւ հիմնված է «մեռած հոգիների» սկզբունքի վրա, եւ, որ ամենակարեւորն է` Աճեմյանի եւ Շիրխանյանի հետեւից երեւում են իշխանությունների «ականջները»։ Նախ, օրինականության պահը. ըստ ՍԴՀԿ կանոնադրության, ՍԴՀԿ-ն համագումար է հրավիրում 4 տարին մեկ` ԿՎ առաջարկով, իսկ «արտահերթ համագումար հրավիրվում է ԿՎ մեծամասնության առաջարկությամբ»։ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ԿՎ-ն ունի 6 անդամ։ Արտահերթ համագումար հրավիրելու պահանջի տակ ստորագրել են նրանցից 2-ը։ Այսինքն, արտահերթ համագումար հրավիրելը ԿՎ մեծամասնության պահանջը չէ։ Ավելին, ՍԴՀԿ ԿՎ մեծամասնությունը դեռ հոկտեմբերի 31-ին է որոշում կայացրել, ըստ որի, հունվարի 9-ին կայանալու է ՍԴՀԿ հերթական համագումարը։ Բացի այդ, նույն կանոնադրությամբ ամրագրված է, որ «համագումարի կայացման մասին ԿՎ անդամները մարզային կառույցներին գրավոր հաղորդում են ուղարկում համագումարի օրվանից առնվազն 2 ամիս առաջ»։ Այս կետը եւս խախտվել է, քանի որ հայտարարությունը տարածվել է արտահերթ համագումարի օրվանից ընդամենը 2 օր առաջ։ Ինչ վերաբերում է «մեռած հոգիներին», ապա այս կապակցությամբ տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ ստորագրածներից գոյություն ունեն միայն ԿՎ 2 անդամները` Գեւորգ Պերկուպերկյանն ու Արսեն Կուպելյանը, ինչպես նաեւ` «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչությունը, որի ղեկավարը, ի դեպ, նույն Պերկուպերկյանն է, եւ Կապանի «Աղասի» մասնաճյուղը։ Մնացած կառույցները, ինչպես տեղեկացրեց տ-ն Սարգսյանը, վաղուց լուծարված են կամ երբեք էլ գոյություն չեն ունեցել։ Ինչ վերաբերում է իրեն «անվստահություն հայտնելուն», ապա տիկին Սարգսյանը նշեց, որ դեռեւս սեպտեմբերին կայացած համահնչակյան 19-րդ համագումարում եզրակացություն է ընդունվել, ըստ որի, «ՍԴՀԿ հայաստանյան կառույցը` ի դեմս վարչության եւ Լյուդմիլա Սարգսյան ատենապետի, դրական առաջընթաց է գրանցել, հատկապես` վերջին 3 տարիների ընթացքում»։ «Ի՞նչ է փոխվել վերջին 2 ամիսների ընթացքում։ Առանձնապես ոչ մի բան տեղի չի ունեցել»,- հայտարարեց Սարգսյանը` ներկայացնելով կատարվածի իրական պատճառը։ Նա տեղեկացրեց, որ դեռեւս այդ համագումարից առաջ Սեդրակ Աճեմյանը իրեն ակնարկել է, որ ՍԴՀԿ-ն պետք է դուրս գա Հայ ազգային կոնգրեսից։ Սակայն տեսնելով Սարգսյանի հաստատակամությունը` Աճեմյանը փորձել է հարցը տեղափոխել համագումար։ Դա եւս Աճեմյանին չի հաջողվել, քանի որ համագումարում Գուրգեն Եղիազարյանի ելույթից եւ դրա արձագանքից հետո պարզ է դարձել, որ Կոնգրեսից դուրս գալու հարցն այդ պահին անհնար է համագումարով անցկացնել։ «Աճեմյանը, հասկանալով, որ այդ ճանապարհով չի կարող կուսակցությունը հանել Կոնգրեսի կազմից, գնաց այլ ճանապարհով` վարկաբեկել Լյուդմիլա Սարգսյանին, կայացնել համագումար, որտեղ ինքը կկարողանա ձեւավորել նոր վարչություն եւ նոր ատենապետ, որոնց օգնությամբ ինքը կարող է իրականացնել այդ խնդիրը»,- հայտարարեց Սարգսյանը։ Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանին, ապա Սարգսյանը նշեց, որ վերջինս «ի սկզբանե մտել էր ՍԴՀԿ` նպատակ ունենալով պառակտել կուսակցությունը»։ Իսկ Շիրխանյանն ու Աճեմյանը, ինչպես երեկ պատմեց Լյուդմիլա Սարգսյանը, միասին իրականացնում են իշխանությունների ծրագիրը` պառակտել Կոնգրեսն ու ստեղծել ավանդական կուսակցությունների գրպանային ընդդիմություն։ «ՍԴՀԿ-ն, որը ազգային ավանդական կուսակցություն է, անդամագրվել է Կոնգրեսին։ Իսկ մյուս 2 ավանդական կուսակցությունները իշխանական թեւում են` ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ռամկավարները։ Այստեղ պակասում է մի շատ կարեւոր օղակ` ՍԴՀԿ-ն, ինչի պատճառով ազգային ուժերի միասնությունը` գրպանային ընդդիմությունը, չի կայանում։ Դա, ըստ իրենց, պիտի հակակշիռ դառնա ՀԱԿ-ին, բայց դա ուղղակի ծիծաղելի է։ ՀԱԿ-ին ոչ մի քաղաքական ուժ չի կարող հակակշիռ դառնալ»,- երեկ հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը։ Եւ ի դեպ, վերջինս նաեւ հիշեցրեց, որ այդ նպատակով իշխանությունները նաեւ խրախուսում են Աճեմյանի գործարարական հավակնությունները. Աճեմյանը, ըստ Սարգսյանի, Հայաստանում լուրջ բիզնեսներ ունի։ «Մարդը, որը կոչված է օրինականություն պահպանելու, հարգելու կուսակցության կանոնագիրը եւ ծրագիրը, ինքը բոլոր կետերով այդ կանոնագիրն ու ծրագիրը խախտում է։ Սեդրակ Աճեմյանը փորձում է կուսակցությունը ծառայեցնել իր սեփական շահերին։ Մենք դա երբեւէ թույլ չենք տա»,- հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը։
ՀԳ. Տ-ն Սարգսյանը երեկ նաեւ նշեց, որ քանի որ այս հայտարարությունն ու դրա հեղինակների պահանջը անօրինական են, ապա իրենք ոչինչ չեն անելու եւ հանգիստ նախապատրաստվելու են հունվարի 9-ին կայանալիք համագումարին։
http://www.armtimes.com/6495
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.