четверг, 2 октября 2008 г.

«Եթե չեն պատժում, ուրեմն սատարում են»


«Քրեական տարրերը որքան ակտիվանան, այնքան շուտ է փլվելու այս իշխանությունը, որովհետեւ համբերության բաժակը ավելի քան արագ է լցվելու», - անկախության օրը Երեւանի կենտրոնում իշխանամերձ օլիգարխի մասնակցությամբ կատարված սպանության առթիվ մեր հարցին ի պատասխան` երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` շարունակելով. «Փտախտը, որ առկա է իշխանական բուրգում, շատ ավելի արագ է զարգանալու, եւ այդ բուրգը դատապարտված է փլուզման: Դա միանշանակ է:

Այլեւս հնարավոր չէ ընդունել, որ երկրում քրեական մի խումբ որոշում է ամեն ինչ` նույնիսկ մարդու ապրել-չապրելու հարցը: Պետք է վերջ տալ այս իրավիճակին, պետք է ազատվել այս հանցավոր իշխանություններից, որոնք կամ չեն ուզում պատժել հանցագործներին, կամ նրանց աջակցողն ու հովանավորողն են: Հետեւյալ գնահատականը կարելի է տալ` եթե չեն պատժում, ուրեմն սատարում են»: Նշենք, որ վերջին օրերին հասարակության քննարկման թեման է Ս.Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լյովա Սարգսյանի մասնակցությամբ եւ ոստիկանության թողտվությամբ օրը ցերեկով կատարված սպանությունը, երբ Լյովա Սարգսյանի ու նրա թիկնազորի եւ «Ռադիոլուր»-ի տնօրեն, «Եվրապոլիս» ծրագրի լրագրող Արթուր Սահակյանի միջեւ ծագած պատմության պատճառով սպանվել է 2 երեխաների հայր, 35-ամյա Անդրանիկ Բաբայանը:

Ինչ վերաբերում է ընդդիմության մարտավարությանը, մասնավորապես դրա մեջ որոշակի փոփոխություններ կատարելուն, ինչի մասին արդեն հայտարարվել է, ապա Հայ Ազգային Կոնգրեսին միացած ՍԴՀԿ ատենապետը ասաց հետեւյալը. «Տարածաշրջանում իրադարձություններ տեղի ունեցան, եւ, բնականաբար, մենք անհրաժեշտություն ենք տեսնում մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ մտցնելու: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանը կներկայացնի, բայց մեր նպատակները մնում են նույնը. մենք շարունակելու ենք մեր ակտիվ պայքարը եւ վստահ եմ, որ պայքարի արդյունքը վայելելու ենք ազգովի»: Կոնկրետ ՍԴՀԿ-ի մասով Լյուդմիլա Հարությունյանը հավաստեց. «Ես կարող եմ մեր մասով ասել` մեն ք մտել ենք մի պայքարի մեջ, որը գիտակցել ենք, որ հնարավոր է, որ երկարատեւ լինի, բայց մենք պատրաստ ենք այդ պայքարը մինչեւ վերջ տանելու: Մեզ ոչ մի բան չի կարող այդ պայքարից շեղել, որովհետեւ մենք գնում ենք ժողովրդի հետեւից, քանի որ պրոբլեմը կա` ժողովուրդը դժգոհ է եւ լուծումներ է փնտրում, ուզում է իր երկրում ազատ ապրել, որ իր իրավունքը պաշտպանված լինի, սոցիալապես ապահով լինի, սահմանադրական իրավունքները վերականգնվեն, եւ մենք այդ ճանապարհից ոչ մի ձեւով չենք շեղվելու»: ՍԴՀԿ ատենապետն անդրադարձավ նաեւ երկրի սոցիալական վիճակին` ուշադրություն հրավիրելով, որ մոտ ապագայում սպասվում են համատարած թանկացումներ: «Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացարձակ մտահոգված չէ երկրի ապագայով, բացարձակ պատրաստ չէ մարտահրավերներին, բացարձակ չի ուզում իր երկրում ինչ-որ բան փոխել», - ասաց Հարությունյանը: Արտագաղթի պատճառը, ըստ նրա, այն է, որ մարդը Հայաստանում իրեն պաշտպանված չի զգում եւ չի տեսնում իր կարեւորությունը երկրում:

ՍԴՀԿ ատենապետն անդրադարձավ նաեւ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելուն: «Դրանով սպանելու են նաեւ մեր երկրի մտավոր պոտենցիալը», - իր մտահոգությունը բարձրաձայնեց Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ երիտասարդներից շատ քչերն են բանակից հետո շարունակում ուսումը:
http://www.zhamanak.com/article/10282/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.