среда, 29 октября 2008 г.

Առողջապահությո՞ւն, թե՞ հիվանդապահություն


ԱԺ հանձնաժողովներում այս օրերին քննարկվում է 2009 թվականի ՀՀ բյուջեի նախագիծը։

Այսօր էլ առողջապահությանը վերաբերող հատվածի հերթն է։ Զուտ թվային արտահայտությամբ ոլորտին հատկացվող գումարները տարեցտարի աճում են։ 2009-ին էլ նախատեսվում է ավելացնել շուրջ 11 մլրդ դրամով։ Ու այս միտումը առողջապահության մեր պատասխանատուները հաճախ են հպարտությամբ բարձրաձայնում։ Սակայն, ըստ ՍԴՀԿ անդամ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի, իրական պատկերը ստանալու համար` պետք է նայել, թե ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն է բաժին հասնում այս կամ այն ոլորտին։ Ու այդպիսով կպարզվի, որ վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում առողջապահությանը հատկացվող գումարների չափը էապես չի փոխվում։ 2008-ի բյուջեով հատկացվել է ՀՆԱ-ի 1,52 տոկոսը, 2009-ին նախատեսվում է 1,56-ը։ Իսկ կառավարության ծրագրով նախատեսված է 2012-ին այդ թիվը հասցնել առնվազն 2,2 տոկոսի։ Մինչդեռ այս տեմպերով առաջ գնալու դեպքում` նշանակետին մոտենալու համար ամենաքիչը 15 տարի կպահանջվի։ Մկրտչյանը համոզված է, որ առողջապահությունը շարունակում է մնալ մեր երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնից դուրս։ Նա նաեւ մի շարք ուշագրավ բացահայտումներ է անում 2009-ի բյուջեի նախագծից։ Դարձյալ թվային արտահայտությամբ, մասնավորապես դեղագործական ապրանքների ձեռքբերման համար հատկացվող գումարներն ավելացել են շուրջ 700 մլն դրամի չափով։ «Այստեղ սկսում ես մտածել. 3 պատճառ կարող է լինել, չէ՞, որ դեղամիջոցների ձեռքբերման համար այդքան ավելացնում ենք գումարները։ Դա կա՛մ դեղամիջոցների թանկացումն է, կա՛մ հիվանդացության կտրուկ բարձրացումը, կա՛մ 3-րդ անհայտ պատճառն է»,- ասում է Արարատ Մկրտչյանը։ Ու քանի որ մեր բյուջեն կոռուպցիոն ռիսկերի առումով փորձաքննության չի ենթարկվում, ուստի, ըստ նրա, մնում է ենթադրել, որ նշված 3-րդ տարբերակում հենց կոռուպցիոն ռիսկ է թաքնված։ Ինչեւէ։ Ստացվում է` փոխանակ եղած գումարները կանխարգելիչ միջոցառումներին ուղղելուն, մեր բյուջեի գումարներով դեղորայք գնել ենք պատրաստվում, մինչդեռ դարձյալ առողջապահության մեր պատասխանատուներն ամեն առիթով հիշեցնում ու սովորեցնում են, որ ավելի ճիշտ ու հեշտ է կանխել հիվանդությունը, քան դա բուժել։ ԱՆ նախկին նախարարի տարակուսանքն է առաջացնում նաեւ այն, որ շուրջ 2 մլրդ դրամով ավելացել է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար հատկացվելիք գումարը։ «Եթե դա ուղղվելու է ավելի որակյալ լաբորատոր-գործիքային հետազոտություններ անելուն, միանշանակ շատ ընդունելի է։ Եթե ուղղվելու է բուժաշխատողների աշխատավարձին, մասնագետների գնահատման խնդրին, ողջունելի է, բայց 31 տոկոս աճ 1 տարում` էլի մի քիչ դժվար ընկալելի է»,- ասում է Մկրտչյանը ու չի հասկանում նաեւ ծննդօգնության համար ավելացվող գումարների նպատակահարմարությունը, ինչը, ըստ նախատեսվածի, պետք է նպաստի, որպեսզի այն անվճար լինի ոչ միայն թղթի վրա եւ հասարակության բոլոր խավերի համար։ «Վերցնել մի ծրագիր ողջ առողջապահական ծրագրերից, գումարն ավելացնել, որպեսզի ստվերը վերանա՞։ Ինձ թվում է` դա միջոց չէ»,- գտնում է նա։ Սխալ է համարում «ամեն ինչ բոլորի համար անվճար է» սկզբունքը։ Մկրտչյանն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ մեր պետությունը որոշել է փոխհատուցել հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսը։ Դրա համար 2009-ի բյուջեում նախատեսված է 40 մլն դրամ։ Այս ծրագրի տրամաբանությունը նրա համար անհասկանալի է` այն առումով, որ եթե մարդը արտերկրում բուժում ստանալու համար ի վիճակի է վճարել, ապա ինչո՞ւ է մեր կառավարությունը որոշել գնել նրա օդանավի տոմսը։ Ամփոփելով` մեր առողջապահության համակարգին հատկացվող գումարները ԱՊՀ ու մանավանդ եվրոպական երկրների համեմատությամբ շատ ցածր մակարդակում է գտնվում, իսկ ոլորտի ներսում բաշխումն ըստ ուղղությունների տարակուսանք է առաջացնում, թե ինչո՞ւ ֆինանսներն ավելի շատ չեն ուղղվում կանխարգելիչ ծառայություններին, այսինքն` մարդու առողջության պահպանմանը։ «Մեզ մոտ հիվանդապահության համակարգ է, առողջապահության համակարգ չի դարձել դեռ։ Դրա մասին է վկայում նաեւ բյուջեն»,- նկատում է Արարատ Մկրտչյանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.