четверг, 3 апреля 2008 г.

Հայտարարություն


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ.-ի ռազմավարությունը:

Ինչպես եւ սպասվում էր, փաստաթուղթն ընդամենը կրում է դեկլարատիվ բնույթ, եւ ոչ մի հստակ ծրագիր չի նախատեսվում: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը` որպես երիտասարդական խնդիրներով շահագրգիռ եւ հետաքրքրված կազմակերպություն, որոշել է սեփական առաջարկներով հանդես գալ` երիտասարդության կյանքում էական եւ որակական փոփոխություն մտցնելու համար: Պետական մարմիններն առաջարկում են փոփոխությունների այնպիսի դրույթներ, որոնք այս պայմաններում կատարել ուղղակի հնարավոր չէ: Մենք` որպես ուսանողներ, առաջարկում ենք պատկան մարմիններին զբաղվել հետեւյալ խնդիրներով` որպես առաջնահերթություն:

1. Պայքար բուհական կոռուպցիայի դեմ: Այս երեւույթը, ցավոք, համատարած է, իսկ պետությունը ոչ մի կերպ չի փորձում այս խնդրին լուծում տալ:

2. Իջեցնել կամ փորձել կարգավորել ուսանողական վարձավճարները: Ամեն տարի ուսանողական վարձավճարներն ավելանում են, իսկ կրթական որակն առանձնապես չի բարձրանում: Պետությունը պարտավոր է կարգավորել վարձավճարների բարձրացման կամ իջեցման մեխանիզմները եւ վերցնել բուհերի ձեռքից վարձավճարների կարգավորման մենաշնորհը:

3. Ուսանողական խորհուրդների բարեփոխումների ծրագրի անհրաժեշտություն: Այս կամ այն բացառություններով` վերջին տարիներին ուսանողական ինքնակառավարման մարմինները վերածվել են կուսակցական փակ ակումբների եւ մեծամասամբ ոչ մի վստահություն չեն վայելում ուսանողների կողմից: Ի դեպ, այդ մասին են վկայում նաեւ մեր միության անցկացրած բազմաթիվ մոնիտորինգները: Ուստի առաջարկում ենք ցրել ուսանողական խորհուրդները եւ ստեղծել հզոր ուսանողական արհմիություններ:

4. Երիտասարդության զբաղվածության խնդիրը: Պետք է հստակ օրենսդրական դաշտ ստեղծել` երիտասարդ կադրերին աշխատանքի տեղավորելու համար: Պետությունը պարտավոր է ամեն տարվա մի քանի տասնյակ լավագույն շրջանավարտների վերցնել աշխատանքի:

Եթե այս հստակ խնդիրները չեն իրականացվում, ապա ոչ մի դեկլարատիվ փաստաթուղթ չի կարող բարելավում մտցնել երիտասարդների կյանքում: Իսկ երիտասարդական քաղաքականության վարչության ներկայացրածը ակնահաճո է, բայց ոչ երբեք իրագործելի:

Մեր ուսանողական միությունը սկսել է երիտասարդության շրջանում ստորագրահավաք` վերոնշյալ կետերը կատարելու պահանջով:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մամլո դիվան

 Հեռ` 569644, 530966
http://www.zhamanak.com/article/8817/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.