среда, 10 декабря 2008 г.
«7-ի գործը»` ԵԽԽՎ բանաձեւի պահա՞նջ
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը երեկ բանավիճելու էր եկել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ: Թեման բազմաշերտ էր` ԵԽԽՎ` առաջիկայում սպասվող մոնիտորինգի նիստից մինչեւ լեգենդար «7-ի գործ»:
Նա ՀՀԿ-ական այն կարծր տեսակն է, ով ոչ մի կերպ չի ընդունում քաղբանտարկյալ տերմինը եւ, բնականաբար, քաղբանտարկյալ չի համարում ԱԺ պատգամավոր իր գործընկերներին ու նրանց բախտին արժանացած ընդդիմադիր մյուս գործիչներին: Պարզվում է` Պետրոսյանը միայն վերջերս` իրենից հարցազրույց վերցրած լրագրողից է իմացել, որ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քր.գործերում «առկա է միայն ինքնախոստովանություն եւ այլ ապացույցներ չկան»: Եվ եթե լրագրողը լուսավորած չլիներ պարոն Պետրոսյանին, թերեւս նա անհրաժեշտություն չէր զգա զանգահարել Հատուկ քննչական ծառայության պետին (որի անունը չտվեց) ու նրա հետ կոնսուլտացիա անել. «Ասեցի` ինչպե՞ս ես գործերն ուղարկում դատարան, եթե, բացի ինքնախոստովանություններից, այլ` մեղքը հաստատող ապացույցներ չկան: Ասեցի նաեւ` չէ՞ որ Համարբերգը նշել էր, որ միայն ոստիկանների ցուցմունքով էլ մարդիկ պիտի դատի չտրվեն: Եվ նրա (ՀՔԾ պետի) առաջին ասածն այն էր, որ ավելի քան ապացույցներ կան, ավելի, քան մենք ենք պահանջում, եւ ոչ մեկը չի խոստովանել իր մեղքը, այսինքն` ինքնախոստովանությունը չի դրվել այդ մեղադրանքի հիմքում: Ես` որպես իրավաբան, այսօր էլ ոչ նրա ասածին, ոչ լրագրողի ասածին չեմ հավատում, այսինքն` հավատում եմ, բայց չեմ կարծում, որ նրանց ասածները հարյուր տոկոսանոց հաստատված է: Որովհետեւ, որպեսզի ապացույցները քննարկվի, վեր հանվի, մենք պետք է անպայման դատավճիռ ունենանք, այսինքն` դատավորները պետք է գործերը քննեն: Կարծում եմ, որ գործերը քննվելիս կբացահայտվի, եթե իրո՞ք այդ մեղադրանքի հիմքում կլինի միայն ինքնախոստովանություն կամ միայն ոստիկանների ցուցմունք, ապա էն ժամանակ էլ կասեմ, որ դատարանն իրավունք չունի մեղադրական դատավճիռ արձակել»: Մասնագիտությամբ իրավաբան Ռ.Պետրոսյանի խոսքից բառացի մեջբերված այս հատվածից կարելի է եզրակացնել, թե պրոֆեսիոնալ ինչպիսի ցենզ ունեն իշխանական պատկանելության իրավաբանները, ովքեր երբեմն-երբեմն ստանձնում են Ս.Սարգսյանի` իրավական հարցերով հուշարարի դերը:
Ինչեւէ: Լյուդմիլա Սարգսյանն ընդդիմանալով իր գործընկերոջը` տվեց քաղբանտարկյալ բառի սահմանումը. «Եթե մեղադրական գործերի հիմքում չկան նյութեր, որոնք առ այսօր ապացուցում են այդ մարդկանց մեղքերը, ուրեմն նրանք քաղաքական բանտարկյալներ են: Ինը ամիսների ընթացքում, ժամանակին, երբ Ձեզ հարց տվեցին, թե ի՞նչ գնահատական կտաք այս գործերին, Դուք ասացիք` ժամանակ է պետք: Անցել է 9 ամիս, եւ Հայաստանում չկա մի մարդ, որը կասկածում է, որ բոլոր այդ գործերը սարքված են: Ոչ ոք չի կասկածում, որ այդ մարդիկ անմեղ են, ոչ մի հանցանք չեն գործել, ինչպես որ մեզանից յուրաքանչյուրը, որոնք չգիտես ինչու` ազատության մեջ են: Հետեւաբար` մարտի 1-ի դեպքերի հետեւանքով կալանավորված անձինք պատանդներ են գործող իշխանությունների ձեռքին: Սա ողջ հասարակության գնահատականն է այդ գործերի վերաբերյալ», - ասաց տկն Սարգսյանը:
Խոսք գնաց նաեւ ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի մասին, որոնք, ըստ Պետրոսյանի, «գրեթե կատարված են, մնում է «7-ի գործն» ավարտվի դատարանում եւ` կամ արդարացնեն, կամ դատապարտեն, եւ դրանով իսկ փակվի այս հարցը»: Երբ պատգամավորին հարցրինք, թե կարո՞ղ է նշել բանաձեւերի այն կետերը, որոնք, ըստ իրեն, կատարվել են, վերջինս թվեց. «Ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, փաստահավաք խումբ, նախագահին կից ստեղծվել է, էն, այսպես կոչված` հաշվետու հանձնաժողովը, որն ուրիշ անուն ունի` հանրային խորհուրդ (ծիծաղում է.- Հ.Մ.), նախագահի մոտ հավաքվեցին բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, Համարբերգի ցուցումը, որ չպետք է միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա մարդուն դատապարտեն: «7-ի գործով» կտեսնեք, որ կկատարվի»: Պետրոսյանը որպես բանաձեւերի պահանջների կատարում` հիշատակեց նաեւ «հասարակության հետ հանդուրժողականության մթնոլորտի փոփոխությունը»: Մեր այն հարցին, թե որպես իրավաբան ի՞նչ կարծիքի է` դատաքննության ի՞նչ ընթացք կունենա «7-ի գործը», որում ներգրավված անձանց մեղսագրվում է մարտյան դեպքերի հետեւանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքներն այն դեպքում, երբ մինչեւ հիմա դրանք պարզված չեն, Պետրոսյանը նկատեց. «Եթե այդ 10 մարդու զոհվելու մեջ մասնակցություն չունեն այդ մարդիկ, դատարանն անպայման դատավճռով այդ մեղադրանքը կհանի նրանց վրայից: Էնտեղ կմնա ուրիշ մեղադրանքներ, եթե կան ու դրանցով կդատապարտվեն»: ՀՀԿ-ականը, փաստորեն, ակամա խոստովանեց, որ իշխանությունները որոշել են ամեն դեպքում դատել «7-ի գործով» մեղադրյալներին: Իսկ թե ի՞նչ հանցանքի համար, դատավարության ընթացքում կորոշվի: Լ.Սարգսյանն էլ այս կապակցությամբ ասաց. «Խիստ կասկածում եմ, որ այդ` «7-ի գործով», արդարացի վճիռ կկայացվի, բայց նաեւ սարսափում եմ այն մտքից, թե ինչ պրոբլեմների առաջ կկանգնի մեր ժողովուրդը դրանից հետո»:
http://www.zhamanak.com/article/10861/
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.