четверг, 26 марта 2009 г.

Պատասխանատվությունը կընկնի իշխանությունների վրա


ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հույս ունի, որ չնայած Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության որոշմանը, վերջինս, այնուամենայնիվ, իր լրջագույն դերակատարությունը կունենա ընտրությունների ժամանակ` ՀԱԿ-ին հատկացնելով ընտրական հանձնաժողովների իր տեղերը:

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի` դա լրացուցիչ օգնություն կլինի ընտրակեղծիքների դեմ պայքարի համար: Խոսելով սպասվելիք ընտրակեղծիքների մասին` Լյուդմիլա Սարգսյանը հիշեցրեց նախագահի ընտրությունների ժամանակ կատարվածը: ՀՀ-ից բացակայող շուրջ 200 հազար քաղաքացու փոխարեն քվեարկում են շրջիկ խմբերը` այդպիսով իշխանությունների համար ապահովելով լրացուցիչ 200 հազար ձայն: «Թեեւ դա տեսանելի չէ, սակայն մենք այդ ամենի մեխանիզմները գիտենք, գիտենք նաեւ դրա դեմն առնելու մեխանիզմները», - նշեց Սարգսյանը` տեղեկացնելով, որ իրենք ունեն այդ քաղաքացիների ցուցակը: ՍԴՀԿ ատենապետը նշեց, որ Երեւանում իշխանությունները լուրջ դժվարությունների կհանգեն ընտրությունները կեղծելու դեպքում:

«ՀԱԿ-ի համար սա ոչ միայն քաղաքապետի ընտրություն է, այլ նաեւ նախագահական ընտրությունների շարունակությունն է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ իշխանություններին պարտադրենք թափանցիկ ու արդար ընտրություններ: Այս իշխանությունները երկար գոյատեւելու հնարավորություններ այլեւս չունեն: Հասարակությունը խիստ բեւեռացված է, հատկապես խորացող ճգնաժամի պարագայում: Իշխանությունը եւս գիտակցում է, որ երկար չի կարող իշխանությունն իր ձեռքում պահել, եւ իշխանությունը դանդաղ փոխանցելու միակ կարճ ու անցնցում ճանապարհը դա քաղաքապետի ընտրություններն են: Եթե նրանք գիտակցեն, որ վաղ թե ուշ իշխանությունը պետք է հանձնեն, ուրեմն պետք է գնան թափանցիկ ընտրությունների: Եթե ոչ` հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա», - նախազգուշացրեց տիկին Սարգսյանը: Հարցին, որ եթե, այնուամենայնիվ, կրկնվեն ընտրակեղծիքները, որո՞նք են լինելու ՀԱԿ-ի հետագա գործողություններն ու հետընտրական պայքարի մեթոդները, ՍԴՀԿ ատենապետն արձագանքեց. «Կապրենք, կտեսնենք: Հետընտրական պայքարը պետք է ավելի շատ մտահոգի իշխանություններին, քան մեզ, որովհետեւ այս անգամ, եթե կրկին փորձեն նույն սցենարը կիրառել, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իրենց վրա»:

Ինչ վերաբերում է իշխանահաճո որոշ կուսակցությունների ղեկավարների կանխատեսմանը, թե ընդդիմությունն այս ընտրություններում եթե չհաղթի, կարող է մարտի 1-ը կրկնվել` Սարգսյանն արձագանքեց. «Իշխանությանը հարող կուսակցությունները երբեմն շատ տգեղ դերակատարում են ստանձնում` փորձելով հասարակությանը ահաբեկել: Թող չփորձեն ահաբեկել մարտի 1-ի կրկնությամբ: Ժամանակներն անցել են, եւ մեր ժողովրդին այլեւս հնարավոր չէ ահաբեկել: Մեզ փորձեցին ահաբեկել, մեզ ձերբակալեցին, ծեծեցին, բանտարկեցին, ոչինչ չստացվեց: Խորհուրդ կտայի, որ ամեն մեկը մտածեր, թե իշխանափոխությունից հետո ինչ իմիջ է ունենալու հասարակության մեջ»: Իսկ եթե որոշ գործիչներ նման կանխագուշակումներ են անում, ապա, Սարգսյանի կարծիքով, «ունեն կազմած սցենար, որը մտածում են, որ կարող են կիրառել, բայց վստահ եմ, որ դա այլեւս իրագործելի բան չէ»:

ՍԴՀԿ ատենապետին հարցրին նաեւ, որ եթե ՀԱԿ-ը հաղթի այս ընտրություններում, ինչպե՞ս է Լեւոն Տեր-Պետրոսյանն աշխատելու որպես քաղաքապետ այս իշխանությունների հետ: «Ես դա պատկերացնում եմ, իսկ այ իշխանությունը չի պատկերացնում: Լեւոն Տեր-Պետրոսյանն, իհարկե, կարող է աշխատել քաղաքապետ, բայց իրենք ինչպես պետք է աշխատեն Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ` ես չգիտեմ: Երբ Տեր-Պետրոսյանը կընտրվի ու կորոշի աշխատել քաղաքապետ, իշխանություններն իրենք պետք է մտածեն, թե ինչպես պետք է աշխատեն նրա հետ: Կարծում եմ, որ նրանցից շատերը կհասկանան, որ այլեւս չեն կարող աշխատել», - պատասխանեց նա` հավելելով. «Անհրաժեշտության դեպքում Լ.Տեր-Պետրոսյանը կարող է նաեւ իր բարձունքից իջնել եւ կատարել աշխատանք շարքային քաղաքացու նման, բայց նա կարող է նաեւ լինել նախագահ, որի տեսակը շատ երկրներում նախանձ կառաջացներ»:
http://www.zhamanak.com/article/11704/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.