Կանայք պահանջում են «Հ1»-ի օրինական գործունեություն եւ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հրաժարականը: Նրանք երթով Ազատության հրապարակից գնացին մինչեւ ռադիոտուն, ապա հակառակը:
Երթին մասնակցում էին հազարավոր կանայք, իսկ նրանց շրջապատել էին հիմնականում երիտասարդ տղաները, որոնք ձեռքերը բռնած շրջան էին կազմել ու կանանց առել մեջը:
«Մենք պահանջում ենք ՀՀՌԸ խորհրդի նախագահի հրաժարականը, «Հ1» հեռացիր»,-այս խոսքերով կանաց առաջնորդում էր ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ում խոսքերին բուռն արձագանքում էին ներկա կանայք` «հիմա» «հեռացիր» կոչերով: Նրա կողքին էր կանգնած նաեւ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը: Ռադիոտան շենքի մոտ քաղաքային ոստիկանության հատուկ ջոկատայիններն էին կանգնած, որոնք մեծ շառավղով փակել էին ռադիոտան մուտքը:
«Ամոթ», «ամոթ» էին գոռում հավաքված կանայք: ԵՊՀ-ի մոտով անցնելիս նրանց կոչերը սաստկացան, իսկ ահա մետրոյի «Երիտասարդական»-ի կանգառում կանգնածներին գառում էին «միացիր», «հիմա»: «Եթե Արմեն Ամիրյանը մեզ արհամարհեց նաեւ իր կնոջը, քրոջը, դստերը, երբ կանայք են ոտքի կանգնում, արդեն վերջն է»,-«Ա1+»-ին ասաց վանաձորցի Սուսաննան, ով ծանր դրոշ էր թափահարում ողջ երթի ընթացքում:
«Այս երթը նշանակում է, որ մենք մեր եղբայրների, ամուսինների, որդիների կողքին ենք, էլ տուն չենք գնա, մինչեւ արդարություն չհաստատվի»,-«Ա1+»-ին ասաց մեկ այլ կին ակտիվիստ:
«Եթե հազարավոր կանայք են խառնվել գործին, կասկածից վեր է, որ հաղթելու ենք»,-ասաց ուսանողուհի Աննան: Նշենք, որ ողջ երթի ընթացքում կանանց ջերմ էին ընդունում եւ նրանց կոչերին արձագանքում բազմաթիվ մարդիկ, շատ վարորդներն էլ միացնում էին իրենց ազդանշանները եւ բռունցքներով պայքար ցույց տալիս:
«Ազատության» հրապարակ հասնելիս, հրապարակում ներկա տղամարդիկ ջերմ ծափողջույններով դիմավորեցին իրենց բառերով ասած` «հաղթանակած կանանց»:
Արդեն հրապարակում էլ ելույթ ունեցավ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը, ով դիմեց հավաքվածներին «ՀՀ ազատ քաղաքացիներ» կոչով եւ ասելով, որ իրենց` կանանց պատգամը այլեւս իրողություն է:
«Եթե մենք ուզում ենք մեր թոռներին ազատ քաղաքացի դաստիարակել, ուրեմն խոսքի ազատություն պիտի լինի եւ նրանք պետք է հրաժարական տան: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները ստանան հայեցի դաստիարակություն, մուղամներ ու խուժանի, անգրագետ փողոցայինի խոսք չլսեն հեռուստատեսությամբ ու մեր արդարացի պահանջով հաղթել ենք»,-ասաց ներկաներին նա,որին բուռն արձագանքեցին բոլորը. «հիմա», «հիմա»:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.