вторник, 25 марта 2008 г.
Շիրխանյանը խախտեց իր ու Վազգենի պայմանը
Ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը մարտի 21-ին անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը: Երեկ զրուցեցինք նրա հետ:
-Պարոն Շիրխանյան, Ձեր` հնչակյան դառնալը եթե ոչ զարմանալի, ապա զարմանալիին մոտ քայլ էր: Ինչու՞ որոշեցիք անդամակցել հենց այս կուսակցությանը եւ ինչո՞ւ հենց այժմ:
- Ես միշտ եղել եմ քաղաքականության մեջ` 1988-ից, իսկ մինչ այդ եղել եմ կոմունիստ, այսինքն` նորից եղել եմ քաղաքականության մեջ: Դա վկայում է, որ քաղաքականությունն ինձ համար երբեք խորթ չի եղել, իսկ քաղաքականություն ասելով ես միշտ հասկացել եմ լինել ժողովրդի կողքին: 2000թ.-ին դուրս գալով իշխանությունից մշտապես մասնակցել եմ ընդդիմադիր տարբեր շարժումների, պահպանելով իմ տեսակետները, շատ անգամ համաձայն չլինելով այն քաղաքական ուղղությունների հետ, որ տարել են ընդդիմադիր գործիչները, բայց միշտ ունեցել եմ մի գլխավոր նպատակ ու համոզմունք, որ Հայաստանում բռնազավթված իշխանության դեպքում մենք չենք կարող երկիրը կայուն զարգացման վիճակի բերել: Եթե չկա իշխանություն-ժողովուրդ, բանակ-ժողովուրդ միասնություն, եթե չկա համահայկական միասնություն, հոգեւոր վերելքի վիճակ, մենք Ղարաբաղին տեր կանգնել չենք կարող: Քաղաքականության մեջ Վազգեն Սարգսյանի հետ հայտնի պայման ունեինք` լինել շատ ակտիվ, բայց ոչ կուսակցական: Այն ժամանակ դա միակ ճիշտ տարբերակն էր, որովհետեւ կուսակցությունները շատ էին, մենք քիչ, բոլորի հետ պետք էր շփվել, բոլորի հետ աշխատել, բոլորի ուժերը գումարել: Բայց այս տարիների ընթացքում, ես ցավով եմ դա նշում, հասկացա մի բան, որ շատ կուսակցություններ` որպես այդպիսին, դարձել են քաղաքական դաշտի տերը` չունենալով դրա իրավունքը, միայն անուն, հիմնադիր եւ այդ հիմնադիրի շուրջ ծավալվող ինչ-որ խաղեր, կուսակցականներին ինչ-որ տաքուկ տեղեր տեղավորելու նպատակներ եւ այլն: Ու ես միշտ մտածել եմ` այ եթե ես որոշեի անդամակցել որեւէ կուսակցության` ու՞ր կգնայի: ՍԴՀԿ-ն միշտ առանձնացել է ինձ համար, 120 տարեկան է ու փառավոր անցյալ ունի եւ միշտ ծառայել է ազգին, երբեք չի վարկաբեկվել, դավաճանությունների մեջ չի մեղադրվել, ունի հրաշալի գաղափարախոսություն, որը ինձ շատ հոգեհարազատ է` դա սոցիալական-սոցիալիստական գաղափարախոսությունն է: Իսկ դա նշանակում է, որ կուսակցությունը ձգտելու է ապահովել արդարություն, հավասարություն եւ օրինականություն: Հենց այդ չափանիշներով էլ ես ընտրել եմ այս կուսակցությունը: Սա ոչ այնքան զարմանալի, որքան վճռական քայլ է քաղաքական իրավիճակի զարգացման այս փուլում:
- Իսկ կուսակցությունը Ձեզ գրկաբա՞ց ընդունեց, ինչ-որ ինստանցիաներով կամ խողովակներով ստիպված չեղա՞ք անցնել:
- Եղել է երդման արարողություն` Եռաբլուրում, Անդրանիկի շիրիմին, շիրիմի վրա փռված էր 1914թ.-ի դրոշ, որն անցել է ցեղասպանության դաշտերով, արտասահմանյան երկրներով եւ հասել այստեղ: Դա ինձ համար խիստ խորհրդանշական էր: Ինչքան ես հասկանում եմ, կուսակցությունը դեմ չի եղել իմ անդամությանը:
- Ինչպե՞ս է իրեն զգում, ինչպես ընդունված է ասել` նորաթուխ հնչակյանը:
- Այն, որ ՍԴՀԿ-ն որոշել է սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին, հասնել Հայաստանում օրինականության վերականգնման, դա ինձ համար միանշանակ ընդունելի ծրագիր է: Ոչ միայն այս երկու օրը, այլ նաեւ դրան նախորդող երկու շաբաթը, որի ընթացքում ես միշտ այստեղ եմ եղել, ինձ համոզել են, որ կուսակցությունը շարունակելու է այդ գիծը` մինչեւ խնդիրն ավարտին հասցվի: Դա շատ կարեւոր է:
- Իսկ արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու ՍԴՀԿ-ի որոշումը վերջինիս անդամագրվելու նախապայմաններից մեկը եղավ: Եթե ՍԴՀԿ-ն այլ թեկնածուի սատարելիս լիներ կամ վերջին ընտրություններում քաղաքական չեզոքություն պահպանած լիներ, դա կուսակցական դառնալու Ձեր որոշման վրա կազդե՞ր:
- Իհարկե կազդեր, ես այդ դեպքում կսպասեի: Ես ընտրեցի հենց ՍԴՀԿ-ն, որովհետեւ կուսակցությունը շատ ակտիվ դիրք է ընդունել ներկա քաղաքական իրավիճակում, իսկ ես ակտիվ ու ճշմարիտ քայլերի հետեւող եմ: Եթե ՍԴՀԿ-ն սատարեր, ասենք, Վահան Հովհաննիսյանին, Արտաշես Գեղամյանին կամ Սերժ Սարգսյանին, բացառվում է, որ ես անդամակցեի: Բայց քանի որ կուսակցությունն իրեն շատ ճիշտ է պահել այս ընթացքում, դա միայն իմ համոզմունքը չի, ես վստահաբար եմ եկել: ՍԴՀԿ-ն տարբերվում է բոլոր կուսակցություններից նրանով, որ այն մարդ կուսակցություն չի, ինչպես շատ այլ կուսակցություններ: Այն գաղափարական շատ լուրջ ուղղություն է եւ թույլ տվեք ասել` ճիշտ ազգային ուղղություն:
Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` առկա քաղաքական իրավիճակին վերաբերող հատվածը կներկայացնենք հաջորդիվ:
http://www.zhamanak.com/article/8728/
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.