четверг, 27 марта 2008 г.

Մեկ ա՝ հանդիպման վայրը չի փոխվում: Անգամ՝ ժամը: Մարդիկ էլ...


Մարտի 20-ից երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում ամեն օր հավաքվող քաղաքացիները երեկ, ժամը 18.30-ին պետք է ընթերցանության ակցիա անցկացնեին, սակայն հայրենի իրավապահները մարդկանց «ցրման» յուրօրինակ գործելաոճ էին որդեգրել...

Փսիխոզ` իշխանական վերնախավում


Ժամը 18.00-ից սկսած արդեն պարզվեց, որ տասնյակ մարդկանց «բռնում-լցնում» են մեքենաները ու տանում են Հյուսիսային պողոտայից: «Մաքրում են»... Երեկվա մյուս առանձնահատկությունը հետեւյալն էր` արդեն կանանց են համատարած բերման ենթարկում: Կանայք երեկ շատ սիմվոլիկ բնորոշեցին Հայաստանում ստեղծված իրավիճակը` «Սադամին երեւի պետք է երնեկ տալ»: Իրավամբ` մի ռեժիմի իրավապահներ, որոնք արդեն ստիպված են կանանց «հավաքել», վկայում է միայն մեկ բանի մասին` իշխանական վերնախավում մասսայական փսիխոզ է, սա` աներկբա:

ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ում եւս երեկ բերման էին ենթարկել եւ դեռ ժամը 21.00-ի դրությամբ գտնվում էր Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնում ու մեզ հայտնեց, որ 5-10 րոպեից իրեն ազատ կարձակեն, տեղեկացրել էր, որ բերման են ենթարկել մոտ 50 կանանց եւ 10-ից ավելի տղամարդկանց, որոնց բնակության հասցեն պարզելուց հետո տեղափոխում են համապատասխան ոստիկանության բաժիններ: Հյուսիսային պողոտայից երեկ բերման ենթարկվածների մեջ էին` Գագիկ Ներսիսյանը, ում Շենգավիթի ոստիկանության բաժին էին տարել, Պահպանողական կուսակցությունից` Թաթուլ Մկրտչյանը, ՀՀՇ-ից Սոնա Մուրադյանը, «Սկսել» հասարակական շարժման անդամ Արսեն Խառատյանը: Ականատես կանանցից մեկը` Անուշը, ում եւս ցանկացել էին բերման ենթարկել` ուշագնաց էր եղել եւ այդ պատճառով էլ նրան փաստորեն ոստիկանները չեն կարողացել «հավաքել» տարածքից: Մյուս ականատեսներից` Կարինեն, մեզ պատմեց, որ իրենք` չորս կանանցով կանգնած, զրուցելիս են եղել, մոտեցել են ոստիկանները, ասել են` «հիմա լուռ նստեք մեքենա», կանայք պատասխանել են` «ոչ, մեր հողի վրա իրավունք չունե՞նք կանգնել», ոստիկանները սկսել են քաշքշել նրանց, սակայն կանայք իրար ձեռքերից պինդ բռնել են, այնուհետեւ մոտեցել է ոստիկանության պաշտոնյաներից մեկը ու աշխատակիցներին հրահանգել` «Լավ, թողեք»: «Զբոսանքի» եկած երիտասարդ աղջիկներից մեկն էլ լսել էր, թե ինչպես է ոստիկաններից մեկը մյուսին հաղորդել` «ասացին` 15 րոպեից նայում եք, ով մնացել է` նստած, թե կանգնած` տանում եք»: Իսկ երկու լրագրողների «բարեխիղճ» շարքային ոստիկաններն էլ զգուշացրել էին` «լավ կլինի այսօր այստեղից շուտ գնաք...»:

Հավաքվածների եւ լրագրողների ներկայությամբ երեկ երկու ոստիկան մոտեցան Լեւոն Զուրաբյանին, ում ծանուցագիր հանձնեցին` այսօր ժամը 11.00-ին ոստիկանություն ներկայանալու վերաբերյալ: Զավեշտը այն էր, որ ծանուցագիր բերողը, որին անմիջապես շրջապատեցին լրագրողները կմկմալով Լ.Զուրաբյանին մեծ դժվարությամբ կարողացավ պարզաբանել, որ նրան «չարտոնված հանրահավաքներ կազմակերպելու համար» են հրավիրում: Լ.Զուրաբյանը վերցրեց ծանուցագիրը եւ լրագրողներին հայտարարեց. «Սա քաղաքական հետապնդում է»: Ի դեպ, երեկ հավաքվածների մեջ էին քաղաքացիական հագուստով ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ, որոնք աչալրջորեն լսում էին հավաքվածներին (նրանցից երկուսը-երեքը, օրինակ, ըստ մի քանի տղամարդկանց հավաստիացումների` Շենգավիթի ոստիկանության աշխատակիցներ էին), ուսումնասիրում, հայացքով զննում էին, իսկ ոստիկանության աշխատակիցներով շրջապատված երիտասարդ օպերատորը, ում թիկնապահ-ոստիկաններն անընդմեջ հորդորում են` «ոչ մեկի հարցերին չպատասխանես», երեկ էլ շարունակում էր նկարահանել մարդկանց:

Հյուսիսային պողոտայում երեկ հավաքվածները «զբոսանքի» չգնացին, նախորդ օրվա համեմատությամբ շուտ հեռացան: Իսկ բերման ենթարկվածների վերաբերյալ ժամը 21.00-ից սկսած լուրեր էինք ստանում, որ մարդկանց ազատ են արձակում:
http://www.zhamanak.com/article/8759/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.