вторник, 3 июня 2008 г.

ՀՆՉԱԿՆԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ


Առավոտյան 10:30-ից ՀՀՇ վարչության գրասենյակի մոտ ՀՀՇ անդամ 4 հացադուլավորներին միացել են նաեւ ՍԴՀԿ անդամներ Համբարձում Եղիազարյանը եւ Գարեգին Սեդրակյանը:
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Համբարձում Եղիազարյանը՝ իրենց պահանջն է ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարումը, որոնք «իշխանություններ կոչվածները» չեն ուզում կատարել:
Թե որքան նրանք կմնան հացադուլի մեջ, դեռ չեն որոշել: «Ընթացքում արդեն կտեսնենք՝ թե առողջականի եւ այլ խնդիրների հետ կապված ինչպես կվարվենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Համբարձում Եղիազարյանը: Առայժմ հացադուլավորներն, իրենց ասելով, լավ են զգում:
Հացադուլ սկսելու մասին ՍԴՀԿ հացադուլավորներն այսօր պատրաստվում են իրազեկումներ ուղարկել համապատասխան գերատեսչություններ՝ Երեւանի քաղաքապետարան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ դատախազություն եւ Կարմիր խաչ:
Իրավապահ մարմիններ, նրանց ասելով՝ տարածքում չկան, որեւիցե միջադեպ տեղի չի ունեցել եւ հուսով են, որ չի լինի: Պատահական անցորդները մոտենում, հետաքրքրվում են: «Մարդկանց այսօր ամեն ինչ է հետարքրքում: Արդեն ունենք ձեւավորված քաղաքացիական հասարակություն, որին չի կարելի քնեցնել իմիտացիաներով, որոնք կատարում են ներկայիս իշխանությունները բոլոր հարցերում»,- կարծում է Եղիազարյանը:
Իսկ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ եթե նույնիսկ քաղբանտարկյալներից մեկ-երկու հոգու այսօր ազատ են արձակում, ապա դա ընդամենը խափանման միջոցը փոխելու արդյունքում է: «Մյուսների նկատմամբ բացարձակ տեղաշարժ չկա: Մեր պահանջն է՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ ոչ թե խափանման միջոցը փոխել: Մեր անդամների հացադուլը ես քաղաքական չեմ համարում, այլ մեր ընկերների համար պայքար է, որ նրանք ազատության մեջ հայտնվեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:
Նրա ասելով՝ առաջիկայում մյուս կուսակցություններից ես հացադուլավորներ կլինեն, եւ նրա կարծիքով՝ նրանք նույնպես ՀՀՇ վարչության մոտ կհավաքվեն: «Չբացառենք, որ ՀՀՇ գրասենյակը կարող է ընդհանուր դժգոհության կենտրոն դառնալ: Քանի որ նաեւ՝ այդ տարածքն ավելի ապահով է հացադուլի համար: Լինելով ՀՀՇ-ի տարածքը՝ ոտնձգություններ ոստիկանության կողմից չեն կարող լինել»,- նշեց տիկին Սարգսյանը:
Ինչ վերաբերում է հացադուլի ժամկետներին, ապա նա տեղեկացրեց, որ իրենք իրավունք չունեն վտանգելու իրենց ընկերների կյանքը եւ որքան կկարողանան, այնքան կշարունակեն: «Սակայն թե ՀՀՇ-ից, ՍԴՀԿ-ից այնքան շատ կամավորներ կան, որ որոշել են հացադուլի նստել, որ դա կարելի է անժամկետ համարել: Նրանք ներքին որոշում ունեն, որ միմյանց պետք է փոխարինեն՝ երեք-երեք օր նստեն»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.