вторник, 11 ноября 2008 г.
«ԼՂ հարցը լուծելու են ոչ թե Ռոբերտն ու Սերժիկը, այլ ԼՂ ժողովուրդը»
«Փակուղի»` այսպես են գնահատում Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման ներկա փուլը ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ նույն կուսակցության կենտրոնական վարչության անդամներ Գուրգեն Եղիազարյանն ու Վահան Շիրխանյանը, ովքեր երեկ ասուլիս էին հրավիրել «Իրավունք դե ֆակտո» ակումբում:
Տկն Սարգսյանը հանրագումարի բերելով խնդրի կարգավորման շուրջ մինչ օրս արձանագրված փաստերը` կարծիք հայտնեց, թե «առ այսօր Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանն իրենց հանցագործ գործողությունները փորձում էին արդարացնել մի հանգամանքով. ամեն անգամ պատճառաբանելով, թե եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնա, նա պիտի հանձնի ԼՂՀ-ն, իսկ իրենք, անկախ իրենց գործողություններից, Ղարաբաղը պահող են: Կարծում եմ, որ հիմա չկա միամիտ մարդ, որը հավատա նրանց այդ բացատրություններին եւ փաստերը ցույց են տալիս, որ նրանց միակ նպատակն է ավելի երկարացնել իրենց իշխանության ժամանակը Հայաստանում, եւ նրանք բացարձակ նպատակ չունեն պահել Ղարաբաղը, որովհետեւ չեն էլ կարող պահել: ...Երբ խոսվում էր լեգիտիմ նախագահ ունենալու մասին, արմատական ընդդիմությունը շատ լավ հասկանում էր, որ երկրին անհրաժեշտ է լեգիտիմ նախագահ, որպեսզի ղարաբաղյան խնդիրը չտանենք եւ չհասցնենք մի փակուղու, որից այն կողմ այլեւս չենք կարող լուրջ բանակցություններ վարել ու փորձել ի նպաստ մեզ լուծել ԼՂ խնդիրը»: ՍԴՀԿ ատենապետը ԼՂ խնդրի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակը պայմանավորեց նախագահական կեղծված ընտրություններով` նկատելով, թե Ս.Սարգսյանն ի վիճակի չի այդ խնդիրը լուծելու, որովհետեւ նա լեգիտիմ նախագահ չէ եւ իր ետեւում չունի ժողովուրդ, որը կաջակցի իրեն այդ հարցում: «Իշխանությունների հիմնավորումների պաշարն այլեւս սպառված է, եւ բնականաբար գործընթացները զարգանալու են ի վնաս Ղարաբաղի»: Տկն Սարգսյանն ասաց նաեւ, որ ընդդիմությունը, գիտակցելով պահի լրջությունը, «իրեն զուսպ է պահում»` հնարավորություն տալով Ս.Սարգսյանին «գործընթացները գոնե այնպես զարգացնել եւ ընթացող բանակցությունների ընթացքում առավելագույնս շահեկան դիրքերից հանդես գալ, որպեսզի բանը չհասնի 7 շրջանները հանձնելուն»:
Մյուս բանախոսը` Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց, թե Ս.Սարգսյանը մինչ Մոսկվա կատարելիք այցը գիտեր, թե ուր եւ ինչի համար է գնում, ու արդեն Մոսկվայում «մի խայտառակ փաստ արձանագրվեց». ԼՂ կոնֆլիկտն ունի երկու կողմ` Հայաստան եւ Ադրբեջան, իսկ ԼՂ-ն ընդհանրապես դուրս մղվեց բանակցություններից: Իսկ դա, ըստ բանախոսի, վերջին 10 տարվա փորձից ելնելով, վտանգավոր հետեւանքներ է ունենալու: «Վերջին 10 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ոնց են թմրամոլներով, հանցագործներով, ազգի տականքներով ընտրություններ անցկացնում, թե ոնց են ջարդում ընտրատեղամասերում: Եվ եվրոպական ջնտլմենները գալիս են ու ասում, որ ընտրությունները մեկ քայլ առաջ էին: Փաստորեն, նրանք մեզանից ստանալու բան ունեին եւ ստացան արդեն, ցավոք սրտի. սրանց ոչ լեգիտիմությունը ներվում էր պարզ մի բանի համար` մեկ ժամ շուտ վերցնել մեր ազգին պատկանող հողերը, եւ վերջին գործընթացները տանում են դրան: Այնպես որ` այս հարցը ոչ թե Ս.Սարգսյանի կամ Ռ.Քոչարյանի, այլ մեր ազգի առաջ ծառացած խնդիր է, եւ այն ԼՂ ժողովուրդը պետք է լուծի, ոչ թե Ռոբերտն ու Սերժիկը»:
Վահան Շիրխանյանն էլ, անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 884 բանաձեւի համապատասխան կետին, ըստ որի` ԼՂՀ-ի հայ ազգաբնակչությունը գտնվում է կոնֆլիկտի մեջ` Ադրբեջանի հետ, ասաց. «Քոչարյանի մուտքը Հայաստան` նշանավորվեց ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մղելով: Դրանից հետո` արդեն 2008թ.-ին, ի հայտ եկավ Անվտանգության խորհրդի մյուս բանաձեւը, որով Հայաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը ԼՂ տարածքից, վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապահովել փախստականների վերադարձը, նաեւ կոչ է արվում աշխարհի բոլոր երկրներին չճանաչել ԼՂՀ-ն: Սա Քոչարյանի նվերն էր Հայաստանին` Հայաստանը ճանաչվեց ագրեսոր, էթնիկ զտումներ անցկացրած երկիր եւ սկսեցին մշակվել տարբեր բանաձեւեր` հիմքում ունենալով այդ փաստը»: Շիրխանյանն այնուհետ անդրադարձավ «Մադրիդյան սկզբունքներ» ասվածին ու այսպիսի հարցադրում արեց. «Հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ-ն մշակի մի առաջարկ, որը հակասի ՄԱԿ-ի Անվտանգության կամ ԵԽ բանաձեւերին: Այդպիսի բան աշխարհում չի լինում, ՄԱԿ-ը 2008թ.-ին իր բանաձեւում բառացիորեն կրկնել է «Մադրիդյան սկզբունքները» եւ ոչ մի հակասություն նրանց մոտեցումների մեջ չի կարող լինել: Եվ այսօր մեր իշխանավորներն ասում են, որ կարելի է բանակցել «Մադրիդյան սկզբունքների» շուրջ եւ փոխզիջումների գնալ: Ինձ մոտ հարց է առաջանում` ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը` հո՞ղը` հողի դիմաց, ճանապա՞րհը` ճանապարհի դիմաց...ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը»: Ապա եւ նշեց, թե միջազգային կառույցները շահագրգռված չեն հարատեւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում եւ «այն ճանապարհը, որով նրանք մեզ տանում են` դա նշանակում է մշտական գործողության ական են դնում, որը կարող է պայթել իրենց ուզած ժամանակ»: Շիրխանյանի կարծիքով` միջազգային հանրությունը Անդրկովկասի ժողովուրդների համար նոր պատերազմ է ուզում նախապատրաստել` նման պաղեստինաիսրայելյան պարբերաբար կրկնվող բախումներին եւ որքան շատ լինեն այդպիսի բախումնածին օջախներն, այնքան ձեռնտու է գերտերություններին: ՍԴՀԿ վարչության անդամն ասաց նաեւ, որ այսօր անհրաժեշտ է, որ ԼՂ իշխանությունները ներկայացնեն իրենց հստակ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ` համաձա՞յն են նրանք այն առաջարկներին, որոնք սեղանի վրա են: Այն հետեւողական գաղտնիությունը, որը պահպանում է իշխանությունը, դա կասկածների շատ ավելի մեծ աղբյուր է, քան այն առանձին լուրերի տարածումը, որը մենք ստանում ենք: Ի՞նչ է հետապնդում այդ գաղտնիությունը` խաբել ժողովրդին, հասցնել մի վիճակի, որը, նորից եմ կրկնում, լինելու է նոր պատերազմի սկիզբ»: Ապա եւ հավելեց. «Ես վստահ եմ, որ Ղարաբաղը մենք չենք կորցնելու, եւ դա հասարակությունը թույլ չի տալու, որպեսզի Հայաստանի իշխանությունը հանձնի այն: Այսինքն` ստորագրվելու է մի փաստաթուղթ, որով հանձնելու են ազատագրված տարածքները, իսկ Ղարաբաղի ժողովուրդն ու բանակը չեն ընդունելու ու չեն ենթարկվելու այդ փաստաթղթին»:
http://www.zhamanak.com/article/10602/
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.