вторник, 25 ноября 2008 г.

«Ղարաբաղը ծախեց աթոռի հետ» կամ` «ընկերոջդ խորհուրդ տուր` թող հրաժարական տա»


Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանավեճերի ընթացքում` իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ դուրս չեն գալիս «պաշտոնական» պատկերացումների կարծրատիպերից ու դոշները դեմ տված պաշտպանում են իրենց նախագահի` Ս.Սարգսյանի, խնդրի կարգավորման տեսլականը` եթե անգամ հոգու խորքում համաձայն չեն լինում դրան:

«Ես եկել եմ այստեղ, տեսնեմ` կարող ենք Արցախի հարցում ինչ-որ մի ընդհանուր եզրեր փնտրենք, որը փորձ արեց կատարելու հանրապետության նախագահը», - երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նա ասուլիսի ընթացքում մի քանի անգամ կրկնեց այն միտքը, որ վաղ թե ուշ` բոլորս նստելու ենք կլոր սեղանի շուրջ` լուծելու «ղարաբաղյան թնջուկը», որը պետք է վեր լինի ամեն տեսակ քաղաքական կողմնորոշումներից: «Կարծում եմ` եւ հանրապետության նախագահը, եւ ցանկացած ողջամիտ հայ այս հարցում ուզում է, որ համազգային համախմբում լինի: Կուզենայի, որ անկախ նրանից, թե մենք ճամփաբաժնի որ տեղն ենք կանգնած, Արցախի հարցում համախմբվեինք: Համենայնդեպս` ոչ մեկը չի կարող մեղադրել նախագահին Արցախի հարցում, որովհետեւ նա իր կյանքով է ապացուցել, որ ինքը այդ հարցի նվիրյալն է», - ըղձական տոնով հայտարարեց մասնագիտությամբ պատմաբան ՀՀԿ-ականը: Նրա ընդդիմախոսը` ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը, եղավ այն «մեկը», ով` հակադրվելով իշխանական պրոպագանդիստին, ահա այսպիսի մեղադրանք հասցեագրեց «Արցախի հարցի նվիրյալ» Ս.Սարգսյանին. «Փետրվարի 19-ին` նախագահի ընտրությունների օրը, հայ ժողովրդի հանդեպ, այդ թվում եւ ղարաբաղցիների հանդեպ հանցագործություն կատարվեց: Պայմանավորվելով եվրոպական տարբեր տեսակի խամաճիկների հետ` առավոտյան ժամը 7-ից մինչեւ 12-ը, հանրապետությունով մեկ սկսեցին առեւանգել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Մինչեւ ժամը 12-ը չընտրված մարդուն սարքեցիք նախագահ: Լավ, Ս.Սարգսյանը չէր մտածո՞ւմ, որ Ղարաբաղ կա դիմացը, էս ի՞նչ եմ անում ես, էս ո՞ւր եմ մարդիկ առեւանգում, դեռահաս աղջիկներին ծեծում, էս ինչո՞ւ եմ կանանց խոշտանգում, էս ի՞նչ բյուլետեններ եմ լցնում, որ դառնամ նախագահ: Փաստորեն` նա Ղարաբաղը փոխեց գյոռբագյոռ աթոռի հետ: ...Եթե կար Ղարաբաղի հարցը, չէին մտածո՞ւմ, որ պետք է բռունցք լինենք, միասնական լինենք: Բացի այդ` ամիս չկա, որ փողոցներում ահաբեկչություն չլինի, որ մի լրագրողի գլուխ չջարդվի, որ մի քաղաքական գործչի չահաբեկեն: Այս ամեն ինչից` ծեծել-ջարդելուց, անմեղ մարդկանց բանտեր մտցնելուց հետո նոր ասում են` Ղարաբաղի հարց կա, հլը եկեք նստենք-տեսնենք` ի՞նչ ենք անում...»: Պրն Եղիազարյանը հայտարարեց նաեւ, որ Ղարաբաղը «ծախեցին» նրանք, ովքեր կատարեցին իր նշած բոլոր «սրիկայություններն ու ովքեր մարտի 1-ին անմեղ մարդկանց գնդակահարեցին»:

Պարոն Հարությունյանը նշեց նաեւ, որ ամեն անգամ, երբ թոռների հետ հայրենի Արցախ է գնում, անհանգստանում է նրանց համար, քանի որ, ինչպես ինքը բնորոշեց` «անընդհատ պրիցելի տակ ենք»: Գ.Եղիազարյանը շինիչ խորհուրդ տվեց «ճամփաբաժնի այլ հատվածում գտնվող», Արցախում ազգուտակ ունեցող իր կոլեգային. «Համլետ ջան, ասում ես, թե ո՞նց անենք, որ Ղարաբաղյան թնջուկը լուծվի: Ասա ընկերոջդ (Սերժ Սարգսյանին.- Հ.Մ.) թող վաղը հրաժարական տա, թող լինեն լեգիտիմ ընտրություններ, լեգիտիմ նախագահ ընտրվի: Այդ թնջուկը պրեսկոտներով չի լուծվելու, մենք դա կլուծենք: Եթե ժողովուրդը կանգնած է ՀՀ նախագահի թիկունքում, չի լինի այն երկիրը, որը մեզ բան կպարտադրի: Բայց եթե մենք այսպիսի երկիր ենք, մեզ ամեն ինչ կպարտադրեն եւ պարտադրում են»:
http://www.zhamanak.com/article/10724/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.