вторник, 10 февраля 2009 г.
Սպանությունը կապված է կեղծ անձնագրերի հե՞տ
Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունից անցել է արդեն վեց օր, սակայն իրավապահ մարմինները մինչեւ օրս պաշտոնապես որեւէ վարկած չեն ներկայացրել։
Իսկ հետաքննության հարցում էլ ակնհայտ առաջընթաց կարծես չի նկատվում։ Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ կենտրոնական գրասենյակի քաղաքական խորհրդատու Գուրգեն Եղիազարյանը երեկ մեզ հետ զրույցում ներկայացրեց Մհերյանի սպանության վարկածներից ու հնարավոր պատճառներից մեկը։ «Քաղաքում լուրեր են պտտվում այն մասին, որ Անձնագրերի եւ վիզաների վարչությունը «ամենաեկամտաբեր» ճյուղերից մեկն է Հայաստանում` պղնձին, մոլիբդենին, նույնիսկ ոսկուն համահավասար բիզնես։ Ըստ շրջանառվող լուրերի, երկար ժամանակ է` Վրաստանից տասնյակ հազարավոր մարդիկ անձնագրեր են ստանում Հայաստանում` որոշակի լուրջ գումարների դիմաց։ Այսինքն` նախկին հանցագործները, քրեական տարրերը, ծանր հանցագործությունների համար հետախուզվողները այսպիսով ազգափոխ են լինում եւ դառնում են հայ։ Ասենք` Գոգոլաշվիլին դառնում է Գեւորգյան, ՀՀ-ից ստանում է անձնագիր եւ մեկնում է Ռուսաստան։ Ասում են` Ալվինա Զաքարյանի օրոք շատ լուրջ զեղծարարություններ են կատարվել, եւ իշխանությունները զեղծարարի ձեռքը չեն բռնել մի պարզ պատճառով` որ այդ Գոգոլաշվիլիները, որ հայ են դարձել եւ ՀՀ անձնագիր են ստացել, հետո ցուցակներով դարձել են ընտրողներ»,- ասում է Եղիազարյանը եւ հիշեցնում, թե ինչպես էին ԱԺ եւ ապա` նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունները տեղամասեր բերում տարբեր անձանց, ովքեր քվեարկում էին այդ գոյություն չունեցող հայերի փոխարեն։ Եղիազարյանը նաեւ նշում է, որ ըստ որոշ լուրերի, «Գեւորգ Մհերյանը, լինելով երիտասարդ ու անփորձ եւ հայտնվելով այդ պաշտոնում` տեսել է, թե ինչ է կատարվում, որի արդյունքում էլ նա գնդակահարվել է»։ «Ամենայն հավանականությամբ, դուրս էր եկել շատ լուրջ գումարների վրա, որոնք շորթվել են մինչեւ նրա գալը. ըստ ամենայնի, այդ գումարները կիսվել են մեկ-երկու հոգու միջեւ»,- նշեց Եղիազարյանը։ Այս ամենը հաշվի առնելով` վերջինս վստահ է, որ այս հանցագործությունը, ինչպես եւ նախկինում կատարված նման բազմաթիվ սպանություններ կամ չի բացահայտվի, կամ էլ` կհայտնվի պատահական որեւէ մեկը եւ կհայտարարի, թե իբր` ինքն է սպանել Մհերյանին` կենցաղային հողի վրա։ Եղիազարյանը իր այդ համոզմունքը բացատրում է նրանով, որ նման դեպքեր մենք արդեն ունեցել ենք։ «Ի հայտ է գալիս «սպանություն կատարող» եւ իր վրա է վերցնում հանցագործությունը, որը հավանական է` ինքը չի արել։ Դրա ապացույցն էլ այն է, որ երբ տպագրվեց հանցագործի ֆոտոռոբոտը, ՀՔԾ-ն հայտարարեց, թե նման ֆոտոռոբոտ ընդհանրապես գոյություն չունի։ Ֆոտոռոբոտը բարդացնում է իրենց գործը. եթե այն նախապես տպում են, ապա հետո դժվար կլինի գտնել մի մարդու, որը կասի, թե ես եմ արել, եւ այդ մարդը պետք է այդ ֆոտոռոբոտի դիմագծերով լինի։ Իսկ երբ չկա ֆոտոռոբոտ, ապա շատ ավելի հեշտ է ընտրել ցանկացած արտաքինով «հանցագործի»»,- ասում է Եղիազարյանը։ Վերջինիս խոսքերով` այդ սպանությունը չի բացահահայտվի նաեւ մեկ այլ պատճառով, քանի որ հանցագործությունը կատարվել է «ավազակապետության շրջանակներում», այսինքն` ներիշխանական խմորումների արդյունքում։ «Ոստիկանության միջին օղակում բավականին լուրջ, հասուն մասնագետներ կան, ղեկավարներին ի նկատի չունեմ, մարդիկ կան, որ ի վիճակի են բացահայտել հանցագործություններ, բայց ոչ այն դեպքում, երբ հանցագործությունը կատարվել է «ավազակապետության շրջանակներում». այդ հանցագործությունների բացահայտումը ապագա չունեն։ Իսկ այն հանցագործությունները, որոնք դուրս են «ավազակապետության շրջանակներից», դրանց բացահայտումը հնարավոր չէ միայն մի պարզ պատճառով` ոստիկանությունը իր ֆունկցիոնալ պարտականությունները չի կատարում։ Ոստիկանության հիմնական ֆունկցիաներից են հանցագործությունների կանխարգելումը, բացահայտումը եւ հասարակական կարգի պահպանումը։ Մեզ մոտ ոստիկանությունը զբաղված է միմիայն ընդդիմադիր դաշտով»,- ասում է ԱԱ նախկին փոխնախարարը եւ հիշեցնում` հանցագործությունների դեմ պայքարելու փոխարեն, ոստիկանները երկար տարիներ զբաղված են ընդդիմության հետապնդումներով։ Վերջին, ամենաթարմ օրինակն էլ, ըստ Եղիազարյանի, այն է, որ շուրջ մեկ ամիս է` քրեական հետախուզության աշխատակիցները, ընկած դռնեդուռ, մարդկանց համոզում են չմասնակցել մարտի 1-ի հանրահավաքին։
http://www.armtimes.com/12185
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.