суббота, 14 февраля 2009 г.
Հանրահավաքը սպասվածից բազմամարդ է լինելու
Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:
-Ավելի քան եռամսյա դադարից հետո ընդդիմությունը վերսկսում է հանրահավաքները: Ձեր կարծիքով` այս դադարն ի՞նչ ազդեցություն է ունեցել հասարակության տրամադրությունների վրա:
- Ի զարմանս շատերի, հասարակությունը շատ ավելի է ակտիվացել, եւ օր օրի ավելի է մեծանում դժգոհությունն այս իշխանություններից: Մարդիկ գնալով ավելի են գիտակցում, թե ո՞ւր են տանում իշխանությունները Հայաստանն ու հայ ժողովրդին. տանում են դեպի կործանում: Հասարակությունը հասկանում է, որ երկրում պետք են արմատական փոփոխություններ, որոնք, սակայն, հնարավոր է իրականացնել միայն իշխանափոխությունից հետո, այսինքն` նախագահի եւ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Եվ եթե ժողովուրդը ոտքի է կանգնում ու պահանջում արտահերթ ընտրություններ, ապա անհնար է այն չիրականացնելը: Եթե իշխանություններն ունակ չեղան ինքնուրույն որոշումներ կայացնելու, ապա ժողովուրդը կստիպի, որ գնան համապետական ընտրությունների:
- Ոմանց մոտ տպավորություն կա, որ հատկապես այս ընթացքում, երբ ընդդիմությունը դադարեցրել էր իր հանրահավաքները, քաղաքական կրքերը մարել են, ժողովրդի մոտ մարել է քաղաքական ակտիվությունը:
- Երեւի հանրահավաքները ժամանակավորապես դադարեցնելուց հետո առաջին մեկ ամսում մարդկանց մոտ նման տպավորություն կար: Բայց, բարեբախտաբար, մարդիկ վերլուծեցին իրավիճակը, նրանց հետ բացատրական աշխատանք տարվեց, ու վստահելով ընդդիմության առաջնորդին` Լեւոն Տեր-Պետրոսյանին, սկսեցին գիտակցել, որ դա շատ ճիշտ քայլ էր: Ժամանակավոր դադարը հնարավորություն տվեց մարդկանց` ավելի խորը մտածելու, ըմբռնելու, թե ինչ է կատարվում երկրում: Ի վերջո, հանրահավաքը քաղաքական պայքարի ձեւերից մեկն է: Բացի այդ, կան քաղաքական պայքարի այլ ձեւեր, որոնք մենք ոչ մի օր չենք դադարեցրել: Այս ընթացքում կազմակերպչական լուրջ աշխատանքներ ենք տարել ՀԱԿ-ում, ձեւավորվել է ստվերային կառավարություն: Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր հարցերի շուրջ մշակել է իր մոտեցումներն ու տեսակետները, կոնկրետ ինչ ոլորտում ինչ բարեփոխումներ է պատրաստվում անել: Միանշանակ է, որ մենք մինչեւ վերջ գնալու ենք, հասնելու ենք մեր նպատակին: Եվ ժողովուրդը տեսնելու է իր երկրի, իր զավակների ապագան: Ժողովուրդը հասկացել է, որ այս երկրում բոլոր խնդիրները վերաբերվում են միայն իրեն եւ դրանց լուծումները ինքն է տալու:
- Իսկ դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք մարտի 1-ի հանրահավաքից:
- Բոլորս ենք հիշում եւ գիտակցում, որ մարտի 1-ը ազգային ողբերգության օր էր: Դա ավազակախմբի կողմից մանրամասն մշակված եւ իրականացված եղեռն էր սեփական ժողովրդի նկատմամբ: Մենք մարտի 1-ին պետք է դուրս գանք հանրահավաքի` հիշելու եւ հարգելու համար տասը անմեղ զոհերի հիշատակը, նաեւ հիշելու համար, որ մեր ընկերներն առ այսօր գտնվում են ճաղերից այն կողմ, ու մենք պետք է պայքարենք նրանց ազատության համար: Հանրահավաքը, վստահ եմ, սպասվածից էլ բազմամարդ է լինելու` անկախ իշխանությունների խոչընդոտներից: Ժողովուրդը պետք է գիտակցի, որ երկրում առկա պրոբլեմների լուծումը միայն ընդդիմության խնդիրը չէ, այլ յուրաքանչյուրինս: Քաղաքացին, բացի իրավունքներից, ունի նաեւ պարտականություններ, եւ իր իրավունքները պաշտպանելու համար պետք է սկզբում կատարի իր պարտականությունները: Այնպես որ, ես կոչ եմ անում ժողովրդին ակտիվորեն մասնակցել հանրահավաքին եւ դրան հաջորդող հուժկու երթին:
- Ինչ եք կարծում, իշխանությունները կփորձե՞ն խոչընդոտել հանրահավաքը:
- Կարծում եմ, որ իշխանությունները կցուցաբերեն ողջախոհություն եւ կգիտակցեն, որ այդ օրն այլեւս իրավունք չունեն կրկնելու նախկին սխալները: Ես վստահ եմ, որ նրանք այդքանը կգիտակցեն:
- Իշխանությունները ԵԽԽՎ-ում խոստացել են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում: Ձեր կարծիքով` սա կարո՞ղ է երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ:
- Իմ կարծիքով` իշխանությունները հայտնվել են անելանելի դրության մեջ: Սա եւս ելք չէ: Ցավալի է, որ ԱԺ-ն միայն պահի թելադրանքով է օրենքներ ընդունում: Սա անլուրջ մոտեցում է սեփական երկրի, սեփական Սահմանադրության, սեփական օրենսդրության հանդեպ: Իսկ իրավիճակից դուրս գալու միակ ելքը մեր ընկերներին արդարացնելն է, որից հետո նոր պետք է մտածել երկխոսության եւ երկրի ապագայի մասին: Միայն քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո ընդդիմությունը կնստի երկխոսության սեղանի շուրջ: Իսկ երկխոսության թեման արտահերթ համապետական ընտրությունները պետք է լինեն: Մենք պատրաստ ենք գալու իշխանության, եթե ժողովուրդը պատրաստ է մեզ բերելու իշխանության: Ամեն ինչ կախված է ժողովրդից:
- Դուք խոսում եք արտահերթ ընտրություններից, իսկ ինչ եք կարծում, այս իշխանությունները կունենա՞ն այդքան քաղաքական կամք` այդ քայլին գնալու համար:
- Իշխանությունը եթե ունենար համապատասխան քաղաքական կամք, ապա վաղուց արդեն շատ լուրջ քայլեր կատարած կլիներ, մասնավորապես` ազատ կարձակեր քաղբանտարկյալներին: Խոսքն այն մասին չէ` նրանք ունե՞ն, արդյոք, այդքան քաղաքական կամք, թե՞ ոչ: Խոսքն այն մասին է, որ նրանք ժողովրդի ատելության ու ճնշումների տակ ստիպված են լինելու գնալ այդ քայլերին: Եվ մենք հետեւողական կլինենք մեր քայլերում, որպեսզի արդյունքում իշխանությունները չունենան այլընտրանք, ստիպված լինեն գնալու արտահերթ համապետական ընտրությունների:
- Համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանում` բեւեռացնելով սոցիալական վիճակը: Իսկ ձեր կարծիքով, այդ սոցիալական սրված վիճակը կօգնի՞ ընդդիմության պայքարին` ավելացնելով բողոքավորների թիվը:
- Ես համոզված եմ, որ օր օրի ձնագնդիկի նման աճում է բողոքավորների զանգվածը: Սակայն խնդիրը միայն սոցիալական վիճակը չէ: Այն գումարվել է մյուս բոլոր խնդիրներին. մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում սեփական երկրում, ամենաթողությունը տիրում է ամենուր, սպանություն սպանության հետեւից, եւ մարդը փողոց դուրս գալով` վստահ չէ, որ ողջ ու առողջ կվերադառնա տուն: Ու հիմա այս բոլոր խնդիրներին գումարվում է նաեւ սոցիալական վիճակը: Հազարավոր մեր հայրենակիցներ վերադառնում են ՌԴ-ից` դատարկաձեռն: Բավական չէ, նրանք, այստեղ չգտնելով հանապազօրյա հաց վաստակելու ճանապարհ, տարիներ շարունակ թողնելով իրենց ընտանիքը, մեկնել են օտար ափեր, հիմա էլ այնտեղից են դատարկաձեռն ետ գալիս: Ու բնական է, որ այս վիճակում գնալով կաճի բողոքավորների զանգվածը: Այս ամենը գալիս է նրանից, որ գործող իշխանությունները մտահոգ չեն սեփական երկրի հանդեպ, հետեւաբար` նրանց հեռացումը այսօրվա հրամայականն է:
- Փակուղում է հայտնվել «7-ի գործը», եւ դատավորը ամեն անգամ պատճառներ է բռնում` դատավարությունը հետաձգելու համար: Ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը:
- Իշխանությունները «7-ի գործով» դեռեւս չունեն քաղաքական որոշում: Այլապես նրանց չէր հուզի` քաղբանտարկյալները ոտքի կկանգնե՞ն, թե՞ ոչ: Նրանք իրենց դատավարությունը կշարունակեին, իրենց վճիռը կկարդային: Ինչեւէ, մենք, միեւնույն է, հասնելու ենք նրան, որ մեր ընկերներն ազատության մեջ լինեն: Մնացածը իշխանությունների խնդիրն է` թող իրենք մտածեն, թե ինչպե՞ս ազատ արձակեն քաղբանտարկյալներին, որպեսզի գործը չհասնի նրան, որ ժողովուրդն ինքը ստիպված լինի ազատ արձակել նրանց:
http://www.zhamanak.com/article/11362/
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.