суббота, 25 сентября 2010 г.

ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐԱՑԵԼ Է

p4
Պնդում է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ, քաղաքագիտության դոկտոր, Լիհայ համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:
- Շուրջ երկու ամիս առաջ Դուք հայտարարել էիք, թե ՀԱԿ-ն ի վերջո ձախակենտրոն ուժ է դառնալու, որտեղ գերիշխող է լինելու սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը: Ինչպես եւ կարելի էր սպասել՝ հայտարարությունը ոչ միանշանակ գնահատականների արժանացավ: Մասնավորապես, որոշ մարդիկ դա մեկնաբանեցին որպես ՀԱԿ-ի պառակտման նշան:
- Դե, հիմա Հայաստանում քաղաքականության մասին շատ ու դատարկ խոսելը փեշակ սարքած մարդկանց մի խումբ կա, որի բան ու գործը ՀԱԿ-ի պառակտման ու կործանման նշաններ տեսնելն է: Այդ մարդիկ անձրեւոտ եղանակն էլ են ՀԱԿ-ի պառակտման ու կործանման նշան համարում:

- Բայց այնուամենայնիվ՝ Դուք այդ հայտարարությունն արեցիք ՀՀՇ-ում տեղի ունեցող որոշակի խմորումների համատեքստում, եւ այլեւս գաղտնիք չէ, որ այդ խմորումները նաեւ որոշակի սպառնալիքներ էին ստեղծել ՀԱԿ-ՀՀՇ հարաբերություններում:
- Իրավիճակին մի փոքր ավելի լավ ծանոթանալուց հետո եկա այն եզրակացության, որ գաղափարախոսական տարաձայնություններն այդ խմորումների հետ իրականում շատ քիչ կապ ունեին: Բայց իմ հիմնական պնդումը, այսինքն՝ որ ՀԱԿ-ը սոցիալ-դեմոկրատական ուժ դառնալու ճանապարհին է, եւ որ դա օբյեկտիվ գործընթաց է, այլ ոչ ինչ-որ անհատների ցանկության ու կամքի արտահայտությունը՝ մնում է ուժի մեջ: Ինչ վերաբերում է Ձեր նշած սպառնալիքներին, դրանք կարող ենք լիակատար կերպով չեզոքացված համարել, իսկ ՀՀՇ-ն, ինչպես միշտ է եղել, այսօր էլ մնում է ՀԱԿ-ի ամենաամուր ու ամենածանրաբեռնված սյուներից մեկը:
- Ձեր հայտարարությանը հետեւած արձագանքներից նկատելի է, որ գոնե որոշ տարաձայնություններ սահմանումների, ոչ թե բովանդակության վերաբերյալ են: Դուք հպանցիկ անդրադարձել էիք այն հարցին, թե ինչ եք հասկանում սոցիալ-դեմոկրատիա ասելով: Կարո՞ղ եք մի փոքր ավելի մանրամասն խոսել դրա մասին: Կարո՞ղ եք նաեւ ասել, թե Ձեր կարծիքով՝ որո՞նք են սոցիալ-դեմոկրատական եւ ազատական գաղափարախոսությունների ամենահիմնական, սկզբունքային տարբերությունները:
- Ճիշտ եք նկատել: Ինքս անդրադարձա այդ փաստին՝ իմ այդ հարցազրույցի լույս տեսնելուց հետո որոշ մարդկանց հետ ունեցած զրույցների ընթացքում: Սոցիալ-դեմոկրատիայի՝ Հայաստանում ընդունված սահմանումն արմատապես տարբերվում է իմ սահմանումից: Այդ տարբերությունը կանխորոշող ամենակարեւոր տարաձայնություններն, իմ կարծիքով, վերաբերում են մասնավոր սեփականության ինստիտուտին եւ տնտեսության մեջ պետության դերի խնդրին, ավելի ստույգ՝ այն հարցին, թե արդյոք սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը համատեղելի է մասնավոր սեփականությաւն ինստիտուտի եւ շուկայական տնտեսության հետ: Հայաստանում հակված են սոցիալ-դեմոկրատիան սահմանելու որպես մի ուսմունք կամ գաղափարախոսություն, որն անհամատեղելի՞ է թե՛ մասնավոր սեփականության, թե՛ շուկայական տնտեսության հետ, եւ այդպիսով փաստորեն նույնացնելու սոցիալ-դեմոկրատիան սոցիալիզմի կամ նույնիսկ կոմունիզմի հետ: Իրականում սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության ժամանակակից ըմբռնումը, գոնե Արեւմուտքում, բաղկացած է երկու հիմնական իրողությունների գիտակցումից: Առաջին՝ այլեւս պարզապես անհնար է լուրջ ընդունել դասական ազատականության այն պնդումը, թե շուկան ինքնակարգավորվող համակարգ է, եւ որ այն առանց արտաքին միջամտության միշտ ձգտում է տնտեսապես ամենաօպտիմալ հավասարակշռությանը: Երկրորդ, ավելի դժվար է ընդունել այն պնդումը, թե հասարակությունները, որտեղ շուկան կատարելապես կամ հնարավորինս ազատագրված է պետական միջամտությունից ու կարգավորումից՝ ձգտում են սոցիալապես ամենաօպտիմալ հավասարակշռության:
- Իսկ հատկապես ի՞նչ է բխում այդ իրողությունների գիտակցումից: Եվ արդյոք սոցիալիզմը նույնպես հիմնվա՞ծ չէր այդ իրողությունների գիտակցության վրա:
- Միանգամայն ճիշտ եք, բայց սոցիալիզմի նախընտրած լուծումները ոչ միայն չափազանց արմատական էին, այլեւ որակապես տարբեր: Սոցիալիզմն անհամատեղելի է մասնավոր սեփականության եւ շուկայական տնտեսության սկզբունքների հետ: Արեւմուտքում այսօր չափազանց մեծ դժվարություն կունենաք՝ գտնելու որեւէ սոցիալ-դեմոկրատի, որը մերժում է մասնավոր սեփականության գաղափարն ու կողմ է պլանային տնտեսությանը: Այդ իրողությունների գիտակցումից բխող սոցիալ-դեմոկրատական լուծումները ենթադրում են ոչ թե շուկայի վերացում, այլ այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք շուկան կպաշտպանեն հենց շուկայական մեխանիզմի մեջ առկա ինքնակործան որոշ միտումներից:
- Այդ դեպքում այնքան էլ պարզ չէ, թե հատկապես ինչն է Ձեր նկարագրած սոցիալ-դեմոկրատիայի ու ժամանակակից ազատականության տարբերությունը: Վերջերս ազատականությունը Ձեր «ոտնձգությունից» պաշտպանել էր հրապարակախոս Մարինե Պետրոսյանը եւ, ի թիվս այլ բաների, ասել հետեւյալը. «Շուկան միշտ չի կարողանում ինքնակարգավորվել, պարբերաբար լինում են լճացման ու ճգնաժամի շրջաններ, եւ միլիոնավոր մարդիկ հայտնվում են աղքատության մեջ: Ելնելով ահա այս փորձից՝ ժամանակակից ազատականները որդեգրեցին, դասական ազատականության համեմատ, բոլորովին նոր մոտեցում, որ պետությունը պարտավոր ա միջամտել ֆինանսատնտեսական հարցերին ու աշխատանքային հարաբերություններին էնքանով, որքան անհրաժեշտ ա՝ բոլոր քաղաքացիների համար մարդկային պայմաններ ապահովելու համար... Դրա համար էլ այսօրվա եվրոպական բարգավաճ երկրները ունեն էն տեսակ ազատական տնտեսություններ, որոնցում անխտիր բոլոր քաղաքացիները սոցիալապես պաշտպանված են»: Նույն բանի մասին չե՞ք խոսում արդյոք Դուք:
- Սա նույնպես օրինակ է, որ երբեմն տարաձայնությունները սահմանումներին են վերաբերում, այլ ոչ թե այս կամ այն գաղափարախոսության բովանդակությանը: Եթե տիկին Պետրոսյանն ուզում է իր նկարագրածին ազատականության պիտակը փակցնել՝ կարող է ինձ էլ նվիրյալ ազատական համարել: Ի վերջո, տիկին Պետրոսյանը նույն բանն է ասում «եվրոպական բարգավաճ երկրների» մասին, ինչ ես էի ասել Ձեր թերթում հուլիսի 31-ին հրապարակված իմ հարցազրույցում, բայց եթե ես այդ երկրները ներկայացրել էի որպես սոցիալ-դեմոկրատական՝ նա ներկայացնում է որպես «նոր ազատական»: Մի սկզբունքային տարբերություն այնուամենայնիվ կա մեր դիրքորոշումների միջեւ: Տիկին Պետրոսյանի կարծիքով՝ արեւմտյան երկրներում սոցիալական ապահովության նշված համակարգերը կառուցել են «նոր ազատականները», պարզապես տեսնելով, թե չկարգավորված շուկան պարբերաբար ինչ աղետների պատճառ է դառնում: Ոչինչ չի կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից: Այդ համակարգերն արդյունքն են սեփական կլեպտոկրատիաների ու «հին ազատականների» դեմ այդ հասարակությունների տասնամյակներ տեւած անկոտրում պայքարի: Եթե այդ ամենն ազատականների կամ ինչ-որ մեկի բարի կամքից կախված լիներ՝ այդ նույն բարգավաճ ու արդար եվրոպական երկրներն այսօր մեր երկրից շատ տարբեր չէին լինի: Եվ ես վստահեցնում եմ, որ այդ պայքարն ազատականության դրոշի տակ չի, որ ընթացել է ու շարունակում է ընթանալ: Կասկածողներին խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել առողջության համընդհանուր ապահովագրության խնդրի շուրջ այսօր Միացյալ Նահանգներում ընթացող պայքարի մանրամասները:
- Տարաձայնությունները դրանով սահմանափակվու՞մ են:
- Բնավ: Չնայած այն հանգամանքին, որ սոցիալ-դեմոկրատների ու ազատականների միջեւ գաղափարախոսական տարածությունն իսկապես փոքրացել է ժամանակի ընթացքում, չնայած Արեւմուտքում եւս տարբերությունները հաճախ հռետորաբանական են եւ ոչ բովանդակային՝ բովանդակային լուրջ տարբերություններ այնուամենայնիվ կան: Վերցնենք թեկուզ նրանց տարբերությունները այս կամ այն քաղաքականության տնտեսական ու սոցիալական հետեւանքների խնդրի վերաբերյալ: Ազատականի ռեֆլեքսը միշտ տնտեսական հետեւանքների մասին մտածելն է եւ դրանց վրա կենտրոնանալը, սոցիալ-դեմոկրատի ռեֆլեքսը՝ սոցիալական հետեւանքների վրա կենտրոնանալը: Այսինքն՝ եթե ինչ-որ քաղաքականություն տնտեսական աճի տեսանկյունից լավ է, բայց հղի է որոշակի բացասական սոցիալական հետեւանքներով, ազատականի համար այդ հետեւանքներն ավելի թույլ արգելակ են լինելու, քան սոցիալ-դեմոկրատի համար: Սկզբունքորեն տարբեր են ազատականների ու սոցիալ-դեմոկրատների մոտեցումները սոցիալ-տնտեսական անհավասարության հարցում: Եթե ազատականները հասարակության մեջ եկամուտների բաշխման մեծ կամ մեծացող ճեղքերը խնդիր չեն համարում՝ հատկապես եթե բոլորի եկամուտներն են ինչ-որ չափով ավելանում, եւ եթե հարստացողները հանցագործ ճանապարհով չի, որ հարստանում են՝ սոցիալ-դեմոկրատներն այդպիսի միտումները չափազանց մտահոգիչ են համարում, քանի որ նման ճեղքերը սովորաբար հանգեցնում են տնտեսական կարողությունների կենտրոնացման, իսկ դա իր հերթին աղճատում ու խեղում է քաղաքական դաշտը: Պետության սոցիալական գործառույթների ու պարտականությունների վերաբերյալ եւս տարբերություններն ավելի քան հռետորական են: Վերջապես, ազատականները համարում են, որ անհատի ազատությունն ու իրավական պաշտպանվածությունը ոչ միայն անհրաժեշտ, այլ նաեւ բավարար պայման են արդար հասարակություն կառուցելու համար: Սոցիալ-դեմոկրատներն այս պնդման վերաբերյալ որոշ վերապահումներ ունեն:
- Իսկ ինչո՞ւ են նրանք համարում, որ դա բավարար պայման չէ:
- Որովհետեւ եթե մենք վաղն արթնանանք ու Հայաստանն ազատ երկիր տեսնենք՝ իմ հարեւան Համոյի զավակները նույն հնարավորությունները չեն ունենալու, ինչ որ, ասենք, Սամվել Ալեքսանյանի կամ Գագիկ Ծառուկյանի զավակները:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/politics/83554/view

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.