«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը
-Տիկին Սարգսյան, պարբերաբար Հայ ազգային կոնգրեսը հրավիրում է քաղխորհրդի նիստեր, որոնց ժամանակ քննարկվում են արտաքին եւ ներքաղաքական կյանքին վերաբերող խնդիրներ: ՀԱԿ քաղխորհրդի վերջին նիստում ընդդիմության անելիքներին վերաբերող ի՞նչ խնդիրներ են քննարկվել:
-Ես կարող եմ ասել, որ, ինչպես ամեն ամսվա վերջին նիստին, այս մի նիստին էլ մասնակցեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քննարկվել են ընթացիկ հարցեր: Սովորական աշխատանքային մթնոլորտ էր տիրում, եւ տասնութ կուսակցությունների ղեկավարները ՀԱԿ առաջնորդին ներկայացրեցին տարբեր հարցեր, որոնք կուտակվել էին մեկ ամսվա ընթացքում:
-Իսկ Հայ ազգային կոնգրեսը փորձե՞լ է վերլուծել եւ հասկանալ, թե ինչու շուրջ երեք տարվա քաղաքացիական ակտիվ պայքարից հետո մեր հասարակության մի ստվար հատված գնաց եւ մասնակցեց պոպուլիստական կոչերով հանդես եկող Տիգրան Կարապետյանի հանրահավաքին:
-Իհարկե, մենք մեր աշխատանքային գործունեության ընթացքում անընդհատ վերլուծում ենք ներքաղաքական անցուդարձը, տեղի ունեցող գործընթացները: Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, որ Տիգրան Կարապետյանին հաջողվեց հավաքել այդքան մեծ բազմություն: Պետք է հաշվի առնել հեռուստատեսության ուժը: Նա հնարավորություն ուներ օրական քսան-քսաներկու ժամ կոչով դիմելու ժողովրդին եւ հավաքագրելու այն մարդկանց, որոնք մասնակցել են հանրահավաքին: Ես ոչ մի վատ միտում չեմ տեսնում դրանում: Եթե կան մարդիկ, որոնք կկարողանան ժողովրդի մեջ կուտակված դժգոհությունն ուղղորդել եւ նպաստել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, ապա օգնած կլինեն նաեւ ՀԱԿ-ին: ՀԱԿ-ը այսօր դարձել է ինստիտուցիոնալացված կառույց, որի հետ հաշվի են նստում նաեւ եվրոպական կառույցները: Իսկ եթե Հայաստանում ձեւավորվում են ընդդիմադիր շարժումներ, դրանք ընդամենը ուժեղացնում են Հայ ազգային կոնգրեսին: Սոցիալական ծայրահեղ բեւեռացումը լցնում է համբերության բաժակը: Մենք բազմիցս հանդես ենք եկել եւ զգուշացրել իշխանություններին, որ երկրում ստեղծված վիճակը կարող է հանգեցնել անհնազանդության: Մաքսային, հարկային դաշտին վերաբերող օրենքներ են ընդունվում, որոնք ուղղակի արնաքամ են անում ժողովրդին: Իսկ հարկային դաշտին վերաբերող օրենքներն ուղղակի ոչնչացնում են մանր եւ միջին բիզնեսը: Ինչպե՞ս կարելի է ոչնչացնել մանր եւ միջին բիզնեսը: Դա ուղղակի դավաճանություն է: Մեր իշխանությունների բոլոր քայլերը, դժբախտաբար, միտված են արտագաղթը ավելի մեծ չափերի հասցնելուն: Եվ պետք չէ զարմանալ, որ ժողովուրդն իր դժգոհությունն արտահայտում է ցանկացած հարթակում:
-Ընտրությունների շեմին իշխանությունները կրկին ավանդական մեթոդներով դիմում են կեղծ կուսակցությունների օգնությանը եւ հիմա էլ հերթը հասել է «Բարգավաճ Հայաստան»-ին, որին, ըստ շրջանառվող լուրերի, պետք է միանա նաեւ Սամվել Բաբայանը: Չե՞ք կարծում, որ կարճաժամկետ հեռանկարում նրանց կհաջողվի լղոզել քաղաքական դաշտը:
-Այս ամենից կարելի է անել մի հետեւություն: Իշխանություններն այնքան վտանգավոր են համարում Հայ ազգային կոնգրեսին, որ նրանք պատրաստ են անընդհատ տարբեր կուսակցությունների միավորելու, վերաձուլելու, նորերին ասպարեզ նետելու, գնալու արհեստական միավորումների ճանապարհով: Սա խոսում է մի բանի մասին. ահաբեկված է ողջ իշխանությունը: Հանուն իշխանության պահպանման նրանք պատրաստ են համագործակցել նույնիսկ սատանայի հետ: Սակայն իշխանությունները մոռանում են, որ սպառվում են նաեւ ժողովրդի գոյատեւման ռեսուրսները: Դուք տեսեք, թե որքան անօթեւաններ կան մեր հանրապետությունում: Դա մի ծայրահեղ վիճակ է, որը ցույց է տալիս, որ երկիրը գլորվում է դեպի անդունդ: Եվ որքան էլ իշխանություններն այդ հիմնախնդիրները թողած` զբաղվում են կեղծ կուսակցություններին հրապարակ բերելով, նրանց արբանյակներին հովանավորելով, կարճ ժամանակ անց այդ ամենը «պայթում» է եւ ցույց տալիս դրանց սնանկությունը: Ես չեմ կարծում, թե ՀԱԿ-ը պետք է մրցակցի որեւէ ուժի հետ, քանի որ ՀԱԿ-ի հռչակած նպատակը գիտակից, իր իրավունքների համար պայքարող քաղաքացիական հասարակություն ստեղծելն է:
-Սակայն նույն ընդդիմադիր դաշտում ժամանակ առ ժամանակ դժգոհություններ են հնչում, որ ՀԱԿ-ը նահանջել է ժողովրդավարական, լիբերալ արժեքներից:
-Այլոց փոխարեն որեւէ բան ասել չեմ կարող, բայց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն իր տեսակետները բարձրաձայնելու խնդիրներ չի ունեցել: Եթե հիշում եք, հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը, որը տարբերվում էր ՀԱԿ-ի դիրքորոշումից: Եթե ՀԱԿ-ի ներսում չլիներ ժողովրդավարություն, ապա այն, որպես կառույց, այսօր պարզապես գոյություն չէր ունենա:
-Ժամանակը չէ՞, որ Հայ ազգային կոնգրեսը փոխի նաեւ իր կարգախոսներն ու պայքարի որոշ մեթոդներ: Միգուցե դրանով հաջողվի ավելի շատ մարդկանց ներգրավվել ակտիվ պայքարում:
-Մեր մարտավարությունը ժամանակ առ ժամանակ վերանայվում է: Մենք մեր մարտավարությունը կառուցում ենք` ելնելով երկրում առկա իրավիճակից, նաեւ` այն հնարավորություններից, թե ինչ կարող ենք անել: Մենք չենք գնում արկածախնդրության:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.