суббота, 5 февраля 2011 г.

Քաղցկեղի նման մխրճվել են մեր հայրենիքի մարմնի մեջ

p2

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը

- Պարոն Եղիազարյան, վերջերս «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքներով Հայաստանում հանրային ինստիտուտներից ամենամեծ վստահությունը վայելում է բանակը (առավելագույն 5 հնարավորից միջինում 4.3 միավոր): Ըստ Ձեզ` որքանո՞վ են արժանահավատ այդ տվյալները:

- Բնական եմ համարում, որ բանակը ամենամեծ վստահությունն է վայելում մեր հասարակության շրջանում: Դա կապ ունի մեր աշխարհագրության հետ: Մեր հարևանները ստիպում են, որ մենք մեր անվտանգության գլխավոր երաշխավոր համարենք բանակը և մեր հույսը կապենք բանակի հետ: Սրանից զատ, կարծում եմ, բանակին վստահության մեծ քվե են տալիս, քանի որ ժամանակին նա հաղթել է բոլոր ռեսուրսներով իրեն մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական բանակին: Երրորդ պայմանն այն է, որ հայ օջախներում արու զավակը դիտվում է որպես այդ ընտանիքի հենասյուն: Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող արատավոր երևույթներին, դրանց հիմնական մեղավորը հրամկազմն է, որի ապաշնորհ աշխատանքի հետևանքով լինում են սպանություններ, ինքնասպանություններ: Եվ ցավոք սրտի, գնալով այդ դեպքերը ավելի հաճախակի են դառնում:

- Բանակի օրվա առթիվ սովորաբար դրվատանքի խոսքեր են հնչում, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, որ մենք կարող ենք միշտ հաղթել հակառակորդին: Սակայն բանակում կատարված վերջին սպանությունները ցույց տվեցին, թե որքան խոցելի է այն դարձել նույն բարձրագույն սպայակազմի մեղքով: Նույնիսկ ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը իր խոր մտահոգությունն արտահայտեց բանակում մարդու իրավունքների ոտնահարումների մասին:

- Այո՛, մենք պետք է ձերբազատվենք այդ երևույթներից և նախևառաջ ձերբազատվենք այն բոլոր գեներալներից և գնդապետներից, որոնք, իրենց հիմնական գործը թողած, զբաղված են երկրորդական-երրորդական գործերով: Նրանք զբաղվում են բիզնեսով, գործում են արտոնյալ դաշտում, ներքաշվում տարբեր «ռազբորկաների» և հանցագործությունների մեջ: Իսկ երբ հրամկազմը ներքաշվում է «ռազբորկաների» մեջ, շարքայինի համար ծանրոցը դառնում է տուլիկ:

- Սակայն իշխանությունը ներկայացնող փորձագետներն ու քաղաքական գործիչները պնդում են, որ բիզնեսմեններ կան ոչ միայն բանակում, այլև` խորհրդարանում, և որ բանակի արատավոր երևույթները բացառություն չեն, դրանք հանդիպում են մեր կյանքի մյուս ոլորտներում ևս:

- Իսկ ո՞վ է նրանց ձեռքը բռնել, որպեսզի չպայքարեն այդ երևույթների դեմ: Եթե ուզում են նրանցից ձերբազատվել, թող պայքարեն և ձերբազատվեն: Օրինակ, մեր կարկառուն ԱԺ պատգամավորներից մեկն ունի դեղատների ցանց: Անունը չեմ նշում, որովհետև համոզված եմ, որ նրա դեղատների ցանցը ձևակերպված կլինի հորաքրոջ աղջկա կամ կնոջ մորաքրոջ անունով: Եվ հայտնի է, որ այդ ստորը զբաղված է ժամկետանց դեղերի վաճառքով և շահույթ ստանալով: Եվ այդ տեսակին օգտագործում են տարբեր հանձնաժողովներում: Ու նրանք ոչ միայն բանակում, այլև` ամենուր քաղցկեղի նման մխրճվել են մեր հայրենիքի մարմնի մեջ:

- Չմոռանանք, որ նույն իշխանությունը մարտի 1-ին բանակը հանեց ժողովրդի դեմ:

- Այո՛, նրանք մեր որդիներին հանեցին իրենց ծնողների դեմ: Ես հիշում եմ, որ գեներալ Դուդաևին հարցրել են, թե ինչ կլինի, եթե չեչենը դուրս գա չեչենի դեմ: Դուդաևն ասել է` այն չեչենը, որը կրակ կբացի չեչենի վրա, նրա գնդակը կպտտվի, կպտտվի և կգա կմխրճվի նրա ճակատի մեջ: Հնարավոր չէ, որ հայի ձեռքով արձակված գնդակը չպտտվի և չվերադառնա իրեն: Դա մի օր լինելու է: Ես կարծում եմ, որ այսօր բանակը պետք է լուրջ տեղ տա քարոզչությանը, պատանիներին դաստիարակի իրական հերոսների կերպարներով:

- Հայաստանն ունի՞ այսօր բավարար ռեսուրսներ, որպեսզի հիմնի պրոֆեսիոնալ բանակ:

- Պրոֆեսիոնալ բանակին ես կողմ եմ երկու ձեռքով: Ճակատային գծում և սահմանում պետք է կանգնեն մասնագետները: Բայց այսօր մենք այդ շռայլությունը մեզ թույլ տալ չենք կարող: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Այսօր թալանվում է իմ հայրենիքի բյուջեն: Եթե մեր բյուջեն չթալանվի, մենք կարող ենք պահել մասնագետների մի կուռ բանակ, որը կհսկի մեր սահմանը: Եթե բյուջեն չթալանվի, մենք կարող ենք այդ գումարը հատկացնել և պահել մեր բանակի երեսուն տոկոսը:

- Շատ է խոսվում բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության մասին, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ են գործում, որոնք, թվում է, պետք է առաջինն ահազանգեն բանակում տեղի ունեցող արատավոր երևույթների մասին: Սակայն մեր հասարակության մեջ կան տաբուներ: Նույնիսկ զինծառայությունն ավարտելուց հետո զորակոչիկները խուսափում են խոսել իրենց նկատմամբ հրամկազմի ցուցաբերած նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների մասին:

- Քաղաքացիական վերահսկողության մասին կարելի է խոսել միայն քաղաքացիական հասարակության առկայությամբ: Իսկ բանանային երկրում, կլանային համակարգում, ավազակապետության պայմաններում քաղաքացիական լիարժեք վերահսկողություն չի կարող լինել: Իսկ զորակոչիկներն ինչո՞ւ չեն խոսում իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին: Նրանք վախենում են վրեժխնդրությունից: Իշխանության մեջ կան պարապ-սարապներ, որոնք նայում են, թե որ երկրում ինչ խնդիրներ կամ խոցելի երևույթներ կան և ցույց են տալիս այդ թույլ տեղը: Հաճախ Հայաստանը համեմատում են Վրաստանի հետ: Ասեմ, որ Վրաստանի նախագահ Մ.Սաակաշվիլին ստեղծել է մի համակարգ, որ բնակչության 98 տոկոսը հավատում է ոստիկանությանը: Իսկ մեր երկրում ճիշտ հակառակն է. 2 տոկոսն էլ երևի չի հավատում:

http://www.1in.am/arm/armenia_interview_8153.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.