пятница, 11 февраля 2011 г.

Սթափվե՛ք. շուտով գարուն է...

arm129728011025

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայրենակիցներ, Ս.Սարգսյանի իշխանության տարիներին տնտեսությունը աննախադեպ անկում ապրեց: Այսօր հողի աշխատավորին պետությունը հանձնել է բախտի քմահաճույքին: Բանկերը, գյուղացու համար հիմնականում անհասու են, եթե նույնիսկ վարկ ստացողներ են լինում, ապա բարձր տոկոսադրույքների պատճառով եւ այն մարելու համար, գյուղացին ստիպված է լինում հողը վաճառքի հանել: Հողային օրենսգրքում, վերջին փոփոխության արդյունքում (այժմ գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականատեր կարող է լինել ոչ միայն տվյալ համայնքի անդամը, այլ նաև դրսից եկածը) մոտ 80 000 հեկտար պահուստային ֆոնդը, նախատեսված նորաստեղծ ընտանիքների համար, գրեթե ամբողջությամբ վաճառվեց օլիգարխներին եւ քաղաքից եկած չինովնիկներին: Պետական պատկան մարմինները այսպիսով գյուղացուն պարտադրում են կաշառքի միջոցով օրենքով չնախատեսված հողակտորների վրա տան շինարարություն իրականացնել: Իշխանությունները,իրենց հանցավոր նպատակն իրականացնելու համար փոխեցին Հողային օրենսգիրը, որպեսզի գյուղերի զարգացման համար նախատեսնված պահուստային հողերի սեփականատեր դառնան: Արդեն իսկ կատարված փաստ է,որ գյուղերի զարգացման, ծավալման համար այլեւս հողեր չեն մնացել:
Անօրինականություններն ու կաշառակերությունը, թանկ վառելիքը, գյուղատնտեսական տեխնիկայի, սերմնացուների եւ որակյալ թունաքիմիկատների բացակայությունը անհնար են դարձնում հողի մշակումը: Օլիգարխների կողմից վերահսկվող շուկաներում, վերավաճառողները ուղղակի թալանում են գյուղացուն: Նպատակային անկատար, հանցավոր օրենսդրությունը, միջոցների բացակայությունը, բերում են նրան, որ գյուղացին վաճառելով իր հողը հերթական օլիգարխին լքում է հայրենիքը:
Այս է պատճառներից մեկը, որ Գելափի ինստիտուտի տվյալներով վերջին երեք տարում Հայաստանը լքել է մոտ 120 000 մարդ: Իրականում այս թիվը շատ ավելի բարձր է:
Իշխանությունների կողմից վարվող հանցավոր ներքին ( արտաքինի մասին խոսելը անիմաստ է եւ ոչ պատվաբեր) քաղաքականության արդյունքում Հայաստանի հարյուրավոր գյուղեր,այդ թվում սահմանամերձ, քայքայվել են, կամ գտնվում են դրա եզրին:
Պարոնայք ոչ լիգիտիմ իշխանավորներ, սթափվեք, շուտով գարուն է, դեմքով անհապաղ շրջվեք դեպի հողի աշխատավորը և նրա հոգսերը, խնդիրը համազգային է և սպառնում է վերածվել գյուղացիական համընդհանուր անհնազանդության: Հույսներդ չդնեք մայրաքաղաք մուտք գործող ճանապարհների փակման վրա:
ԳՅՈՒՂԸ, որ կանգնի` գերան կկոտրի»:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.