суббота, 27 августа 2011 г.

«Եթե տանգո պարել չստացվի իշխանությունների հետ, ապա կարող ենք պարել...տրնգի»

«Ես երբեք կողմ չեմ եղել, որ քաղաքացին օրենքը խախտի, բայց նաև դեմ եմ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ իրականացվող բռնությանը»–այսօրվա ասուլիսին հայտարարեց «ՍԴՀԿ» ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորումը։

Լյուդմիլա Սարգսյանը խոստովանեց, որ եթե իր հետ էլ այն կերպ վարվեին, ինչպես ընդդիմադիր երիտասարդի դեպքում, ապա ինքը նույնպիսի արարքի կդիմեր։  «Մեր երկրում ոստիկանական «բեսպրեդել» գոյություն ունի։

Եթե Տիգրան Առաքելյանը մոտեցել, պահանջել կամ խնդրել է, թե ինչու են ստուգում երիտասարդին, կարելի էր քաղաքակիրթ կերպով բացատրել։ Ես կարծում եմ՝ խնդրել բառը իսպառ բացակայում է մեր իրավապահների մոտ»,–նշեց ատենապետը։ Այն հարցին, թե արդյո՞ք այդքան վճռորոշ էր Տիգրան Առաքելյանի գործոնը իշխանության հետ երկխոսությունն առկախելու հարցում, «ՍԴՀԿ» ատենապետը պատասխանեց. «Մեր մարտավարությունը չի կապվում անձերի հետ, բայց Տիգրան Առաքելյանի հետ կապված իրադարձությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները չունեն համարժեք քաղաքական կամք»։

Նա ընդգծեց, որ երկխոսությունը տեղի ուենացավ այն բանից հետո, երբ Հայաստանում քաղբանտարկյալ չկար։

«Եթե իշխանություներն ու իրավապահ մարմինները այսօր չեն ուզում փոխել խափանման միջոցը, ապա Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է։ Մենք համարում ենք, որ այդ միջադեպը հրահրված է իշխանության կողմից, այլ ոչ թե մեր։ Իշխանությունն է Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ դարձրել»,– հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը։

Միաժամանակ բանախոսը նշեց, որ իրենք չեն պնդում, որ դատավճիռ ու հետաքննություն չլինի, ուղղակի իրենք պահանջում են, որ փոխվի ՀԱԿ ակտիվիստի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը։

«Հավանաբար Սերժ Սարգսյանին և նրա վարչախմբին պետք էր արտաքին խնդիրները լուծելու համար երկխոսության իմիտացիա անել, ձևական կամք դրսևորել և ժողովրդավար երևալ»,–իր դիտարկումը ներկայացրեց բանախոսը։ 

«Երկխոսությունն առկախվեց միգուցե շատերի համար ոչ հիմնավոր պատճառներով, բայց իրականում կա լուրջ պատճառ։ Դժբախտաբար, քաղաքական նոր մշակույթ հանդիսացող երկխոսությունը դադարեց», – իր տեսակետը հայտնեց  «ՍԴՀԿ»  ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Նա նշեց, որ ընդդիմությունը շուրջ երեք ու կես տարի կարողացավ ունենալ ժողովրդի լայն աջակցությունը, և որ բոլորը հայ ազգային կոնգրեսի գոյությունն ընկալեցին որպես ինստիտուցիոնալ կառույց։

«Իշխանությունները փաստորեն ընդառաջ գնացին մեր այն բոլոր նախապայմաններին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին քաղբանտարկյալներին ազատ արձակելուն, Ազատության հրապարակի ազատագրմանը»,– շեշտեց բանախոսը։

Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում սովորաբար իշխանությունն իրեն համարում է բացառիկ մենապետ ուժ, մինչդեռ ՀԱԿ–ը քաղաքական դաշտում դարձավ առաջատար և իրավիճակը վերահսկող միակ քաղաքական ուժը, որը կարողանում էր զսպել ժողովրդի մեջ կուտակված դժգոհությունը։

«Իշխանությունը մի պահ գիտակցեց պահի լրջությունը և ընդառաջ գնաց բանակցությունների գաղափարին։ Սակայն այսօր պիտի փաստեմ, որ մի իշխանություն, որը բազմիցս ապօրինի ճնշումներ է գործադրել դատական համակարգի վրա, երկխուսության առկախումն անխուսափելի է դարձնում»,–ասաց «ՍԴՀԿ» ատենապետը։ Բանախոսը նկատեց, որ Հայաստանում սովորաբար որոշումները քաղաքական են, այլ ոչ թե իրավական։

«Դա չի կարող փոխվստահություն առաջացնել իշխանության և ընդդիմության միջև»,–ընդգծեց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով. 

«Ուզում եմ հիշեցնել Դավիթ Հարությունյանի այն խոսքը, թե տանգոն մենակ չեն պարում։ Որպեսզի պարը կայանա և գրավիչ լինի,պետք է վստահելի գործընկեր լինի»։

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե «դուք այդ պարը չե՞ք պարում», ատենապետն ասաց. «Մենք էդ պարը պարում ենք, եթե գործընկերը կարողանա պարեցնել»։

«Եթե տանգո պարել չստացվի իշխանությունների հետ, ապա կարող ենք պարել...տրնգի»,– հավելեց Լյուդմիլա Սարգսյանը։ 

http://sdhkarm.com/index.php?option=com_content&view=article&id=286:l-r&catid=1:articles&Itemid=1

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.