вторник, 10 января 2012 г.

Հանրահավաքային մշակույթը վերջիվերջո արդյունքներ է ունենալու. ՍԴՀԿ


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ավելի քան վստահ է, որ հասարակության և հանրահավաքային գործընթացների ակտիվացումը մեծ ազդեցություն է ունենալու նախընտրական շրջանում իշխանության վրա ճնշումներ գործադրելու հարցում: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների բազմամարդության արդյունքում մենք կարողանալու ենք առաջիկա ամիսներին լրջագույն զարգացումների գնալ՝ ընդհուպ մինչև արտահերթ ընտրությունների անցկացում: Այսօր հասարակությունը եկել է այն գիտակցությանը, որ պայքարի 4 տարիների ընթացքում ցուցաբերած ակտիվ դերակատարության և պատասխանատվության մեծ զգացումի դեպքում հնարավոր է երկրում որոշակի բարեփոխումների հասնել: Հասարակությունը կարող իշխանությանը պարտադրել գիտակցել, որ նա պարտավոր է հաշվետու լինել ժողովրդին և ծառայել նրա՝ գոնե որոշ շահերն ապահովելու ուղղությամբ: Հանրահավաքային մշակույթը, որ 4 տարի է մուտք է գործել մեր կյանք, վերջիվերջո արդյունքներ է ունենալու»,- նկատեց Լյուդմիլա Սարգսյանը:


Հարցին՝ հնարավո՞ր է ՀԱԿ հանրահավաքների մասնակիցների թվի անհամեմատ կրճատման պարագայում ևս հանրահավաքային պայքարը դիտարկել որպես պայքարի արդյունավետ միջոց, ՍԴՀԿ ատենապետը նկատեց. «Շատ վիճելի հարց է՝ արդյոք նոսրացե՞լ են հանրահավաքների մասնակիցների շարքերը: 4 տարի շարունակ հասարակությունը հանրահավաքների մեջ է եղել՝ արդարության ակնկալիքով: Մենք չենք կարող ժողովրդից պահանջել, որ 4-5 տարի շարունակ նույնքան ակտիվ լինի: Սակայն համոզված եմ, որ ընտրությունների նախաշեմին մարդիկ շատ ավելի ակտիվ, պահանջկոտ ու նպատակային են լինելու, ինչն էլ, վստահ եմ, իր արդյունքներն է տալու»:

Ամփոփելով՝ Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, որ ՀԱԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու կարգախոսներից ամենագլխավորը լինելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի կարգախոսը: «Կլինեն նաև այլ կարգախոսներ, որոնք հասկանալի կլինեն ժողովրդին, և մարդիկ այդ կարգախոսների շնորհիվ կմիանան պայքարին»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.