Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀԱԿ-ի ընտրացուցակի մասին
«Բնականաբար, մոտենում ենք ինչ-որ շրջանի, երբ բոլորին հետաքրքրում են հերթական խորհրդարանական ընտրությունները: Բայց ես մնում եմ համոզման, որ հնարավոր է հերթական ընտրությունները կանխել: Իհարկե, նաեւ կարծում եմ, որ պետք է պատրաստ լինել հերթական ընտրությունների: Իմ կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերի քննարկման առարկան այսօր դա է, բայց ինչ մնում է ՀԱԿ-ին, ՀԱԿ-ում դա այդքան բուռն քննարկումների առարկա չէ: Չեմ բացառում, որ ինչ-որ շրջանակներում շոշափվում է այդ հարցը, բայց եթե նման քննարկումներ լինեին, մենք եւս դրանց մեջ կլինեինք»,- «Առավոտի» հարցին՝ իրականության հետ աղերսներ ունե՞ն այն լուրերը, որ այս օրերին ՀԱԿ-ում բուռն քննարկվում են նախընտրական ցուցակի եւ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցողների ցուցակի հարցերը, ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ ՀԱԿ-ում քննարկվում են ընտրություններին մասնակցության ընդհանուր մարտավարությունը, ընտրակեղծիքների եւ ընտրախախտումների դեմ պայքարի մեխանիզմները: Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ՍԴՀԿ ատենապետը կարծում է, որ դրա կազմման համար դեռ մեխանիզմներ պետք է մշակվեն, որից հետո միայն այդ հարցը կարող է դառնալ քննարկման նյութ:
Խոսակցություններ են շրջանառվում, որ Կոնգրեսի բավականին կարկառուն դեմքեր հրաժարվում են թե մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով առաջադրվել: Ի դեպ, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանն իր մասով օրերս 1in.am-ի հարցին ի պատասխան՝ չէր հերքել այդ լուրը: «Դավիթ Շահնազարյանը ոչ թե չէր հերքել, այլ չէր պատասխանել այդ հարցին, եւ եթե Շահնազարյանը չէր հերքել, կարող եմ ես հերքել, որովհետեւ տեղյակ եմ, որ նման թեմա չի քննարկվել. Շահնազարյանը այդ հարցը չի շոշափել: Նման լուրերը որակում եմ որոշ շրջանակներին հուզող հարցեր, իրենք շատ կցանկանան, որ այդպես լինի: Իշխանական հատվածում կան շրջանակներ, որոնք շատ կցանկանային, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին չլիներ, բայց դա այդպես չէ: Դեռ շատ լուրեր կպտտվեն, շատ խոսակցություններ կլինեն, բայց երբ կհրապարակվեն ցուցակները, բոլոր նման բաներն ի չիք կդառնան: Այսօր նման թեմա չկա: Որեւէ մեկը դեռ չգիտի՝ առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, կամ մեծամասնականով մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ: Հետեւաբար չեմ կարծում, որ որեւիցե մեկը կարողանա այդ մասին կարծիք արտահայտել կամ վաղաժամ որոշում կայացնել»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Մեր զրուցակիցը, համենայնդեպս, վստահեցնում է, որ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակից դժգոհներ չեն լինի, քանի որ, իր կարծիքով, այդ ցուցակում մարդիկ կընդգրկվեն իրենց աշխատանքի արդյունավետությամբ:
Քանի որ ՀԱԿ-ում եւս ակնկալում են «50+1» տոկոս ձայներ, հետաքրքրվեցինք՝ իր եւ իր կուսակցության տեղը ՀԱԿ-ի ցուցակում որտե՞ղ է տեսնում ՍԴՀԿ առաջնորդը: Պատասխանը համեստ էր. «Սուտ կլինի ասել, որ մեզանից որեւիցե մեկն այդ մասին չի մտածել, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր արժանի տեղը կունենա այդ ցուցակում: Վաղաժամ եմ համարում այդ մասին խոսել, քանի որ ցուցակի կազմման տրամաբանությունը դեռ հստակ չէ, վերջնական մեխանիզմներ դեռ չկան: Հետեւաբար որտեղ ճիշտ կհամարեն, որտեղ արժանի կտեսնեն՝ այդտեղ էլ կլինեմ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.