Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն այսօր հայտարարել է, որ սոցիալական խնդիրներից բացի իրենց համար կարևորագույն խնդիր է հանդիսանում ազգայինը:
Ըստ ՍԴՀԿ-ի' կան հարցեր, որոնք պահանջում են այժմեական լուծումներ: Մասնավորապես.
«1.Արցախյան հիմնախնդիր: Նույնիսկ նվազագույն չափով վերծանված մադրիդյան սկզբունքների հակահայկական բովանդակությունը, մեզ հուշում է, որ այն հայանպաստ չէ, այն չի կարող արցախյան հիմնախնդրին արդարացի լուծում տալ և հետևաբար մեզ համար անընդունելի է:
Արտաքին ուժերի ճնշմամբ ու ուղղորդմամբ, ոչ լեգիտիմ և այդ պատճառով խոցելի իշխող վարչակարգը իր կամքից դուրս մխրճվել է մի գործընթացի մեջ, որը, եթե անհապաղորեն չկասեցվի, գցելու է երկիրը աղետալի ծուղակի մեջ: Հայ զինվորի արյան գնով ազատագրված տարածքները, ոչ թե մանրադրամ են շուկայական առևտրի համար, այլ հանդիսանում են մեր պատմական հայրենիքի անբաժան մասը:
2. Հայ - թուրքական հարաբերություններ: Նույն պատճառաբանությամբ (լեգիտիմության բացակայությունը) ներկա բանակցային գործընթացում աղետալի ծուղակ է հանդիսանում Հայաստանի համար տխրահռչակ ճանապարհային քարտեզի դրույթների ընդունումը, որը լի է ազգային արժանապատվությունը ստորացնող, ազգային անվտանգությունը խոցելի դարձնող դրույթներով: Մինչդեռ ՍԴՀԿ-ն համոզված է, որ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից միակ դուռն է հայ - թուրքական հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ»:
ՍԴՀԿ-ն գտնում է, քանզի Թուրքիան ինքն է միակողմանի նախաձեռնել Հայաստանի հետ սահմանի փակումը, ապա ինքն էլ պետք է մտածի այդ սահմանը բացելու մասին: Այլ խնդիր է, թե Հայաստանը ինչպիսի դիրքորոշում կունենա այդ պարագայում: ՍԴՀԿ-ի կարծիքով մեր երկիրը ոչ պետականորեն, ոչ էլ իրավականորեն դեռ պատրաստ չէ հայ - թուրքական սահմանի վերաբացմանը:
« Ինչպես սոցիալական, այնպես էլ ազգային խնդիրները կարող են լուծումներ ստանալ միմիայն ժողովրդավար երկրում: Ամենից առաջ անհրաժեշտ է հաստատել երկրում ժողովրդավարություն, որը հիմնարար արժեք է կուսակցության համար: Հենց այդ դրդումով էլ ՍԴՀԿ-ն մաս է կազմել համաժողովրդավարական Հայ ազգային կոնգրեսին, որը կազմաքանդման է ենթարկում իշխող ավտորիտար ռեժիմը: Միայն ժողովրդավարության հաստատմամբ, ազնիվ, հավասար մրցակցության մեջ մտնելով այլ կուսակցությունների հետ, ՍԴՀԿ-ն հնարավորություն կունենա անկաշկանդ քարոզելու և իրականացնելու իր կողմից որդեգրած գաղափարներն ու սկզբունքները»,-ասված է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության հաղորդագրության մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.