четверг, 6 августа 2009 г.
Քաղաքական նոր փուլի նախաշեմի՞ն
Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք ու Վանատուր գյուղ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդների ու ակտիվիստների այցելությամբ մեկնարկեցին Հայ Ազգային Կոնգրեսի մարզային այցելությունները: Նրանց թվում էր նաեւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ներկայացնում ենք մեր զրույցը նրա հետ:
-Գո՞հ եք հրազդանցիների ընդունելությունից:
- Թերեւս այս պահով չէ, որ պիտի գնահատեմ հրազդանցիներին: Նրանք մշտապես մեր Շարժման առաջամարտիկներն են եղել: Անկոտրում կամքով մինչեւ վերջ մեզ հետ են եւ առ այսօր որեւէ հիմք չի եղել` կասկածելու այդ մարդկանց վճռականությանը, որ նրանց նպատակները միանշանակ ազնիվ են եւ ուղղված են երկրում սահմանադրական կարգի հաստատմանը: Այսօր առավել քան գոհ եմ նրանց ընդունելությունից, ակտիվությունից, նվիրվածությունից: Վանատուրում հայտնաբերեցի, որ Սասուն Միքայելյանի նկատմամբ իշխանությունների վարքագիծը Հրազդանում նոր հերոսներ է ծնում: Ես տեսա այնտեղ պատանիներ, ովքեր վճռականությամբ լցված մտածում են` ինչպես պայքարել ռեժիմի դեմ երկրում կարգ ու կանոն հաստատելու համար: Վստահ եմ, որ մի քանի տարի հետո Սասունի նման տասնյակ հերոս տղաներ կլինեն էնտեղ: Վանատուրցիների, հրազդանցիների ոգին անկոտրում է, հիացած եմ այդ ժողովրդով:
- Ի՞նչ նպատակ ունեն Կոնգրեսի մարզային այցելությունները:
- Նախ` մենք պարտավոր ենք այցելել բանտերում գտնվող մեր հերոս ընկերների ընտանիքներին, ծանոթանալ նրանց հոգեվիճակին եւ սոցիալական վիճակին: Պիտի ասեմ, որ նրանք բոլորը հպարտանում են իրենց հերոսներով, իրենց ամուսիններով, որոնք այսօր ճաղերից այն կողմ են: Երկրորդ նպատակը` մարզերի ընդհանուր վիճակի, մարզի ժողովրդի հոգեվիճակի, պրոբլեմների հետ ծանոթանալն էր, նաեւ` Կոնգրեսի մարզային գրասենյակները ակտիվացնելը:
- Տիկին Սարգսյան, հնարավո՞ր է կրկնվում է 2007-ի սցենարը, երբ հենց մարզային այցելությունները հիմք դրեցին հանրահավաքային պայքարի կուլմինացիային:
- Ես չեմ ասում, որ 2007թ. սցենարն է կրկնվում, բայց չեմ բացառում, որ կուլմինացիա լինելու է: Երկրում ծանր իրավիճակ է` եւ սոցիալական, եւ քաղաքական, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե վաղը մենք որ երկրում ենք ապրելու, ինչպիսի իրավիճակ կլինի, հետեւաբար պետք է պատրաստ լինել մեր երկրի, պետականության շահերը պաշտպանելուն: Իսկ այսօր իրականում այդ շահերը պաշտպանողը Հայ Ազգային Կոնգրեսն է, նրան աջակցող կուսակցություններն են եւ իրական ընդդիմությունն է:
- Գաղտնիք չէ, որ ժողովրդի մեջ որոշակի ապատիա կա: Ինչպե՞ս եք պատրաստվում կրկին «արթնացնել» ժողովրդին:
- Ես չեմ կարծում, որ ժողովուրդը քնած է: Ժողովուրդը կարող է Շարժման ողջ տրամաբանությունը չհասկանալ եւ պարտավոր էլ չէ հասկանալ, որովհետեւ ամեն ինչ չի, որ մատուցվում է ժողովրդին, սակայն այդ ամենը Շարժման ընդհանուր տրամաբանության մեջ է: Ես որեւէ ապատիա չեմ տեսնում: Ամենացավալին այն կլինի, եթե ժողովուրդը կորցնի հավատը ընդդիմության նկատմամբ: Ես նման կորուստ չեմ տեսնում, դա կարող է լինել մի պարագայում` եթե մարդիկ սկսեն ողջունել իշխանությունների քայլերը: Իսկ դա բացառվում է այս պարագայում: Հետեւաբար կգա ժամանակը, եւ ժողովուրդը, որ մի պահ հանգիստ է վերցրել, նորից կաշխուժանա եւ մեզ հետ միասին կշարունակի պայքարը երկրում սահմանադրական կարգ հաստատելու ուղղությամբ:
- Ասել է թե` համոզվա՞ծ եք, որ հնարավոր է արթնացնել պայքարի ոգին:
- Ես որեւէ խնդիր չեմ տեսնում մեր ժողովրդի հետ: Մեր ժողովուրդը գիտակից ժողովուրդ է, հասկանում է երկրում ստեղծված վիճակը, որ գործող նախագահը չի տիրապետում իրավիճակին, որ նրան տարբեր պարտադրանքներով ստիպում են քայլեր կատարել ԼՂ գործընթացում:
- Կոնգրեսի մարզային հանդիպումները շարունակակա՞ն են լինելու, քաղաքական իրավիճակ փոխելու խնդի՞ր է դրված:
- Այսօր շատ բան կախված է երկրից դուրս տեղի ունեցող զարգացումներից: Նայած, թե ԼՂ հիմնախնդրի լուծման հետ կապված ինչ իրավիճակ կստեղծվի սեպտեմբերին: Չեմ կարող ասել` ինչ հետեւողականությամբ դա կարող է լինել, բայց մի քանի մարզեր մենք հաստատ պիտի այցելենք եւ դրանից հետո արդեն կորոշենք, թե ինչ ձեւով շարունակենք մեր այցելությունները: Դա արդեն հետագայի խնդիր է:
- Տեղեկություններ կան, որ օգոստոսին հնարավոր է արտահերթ հանրահավաք լինի` ԼՂ գործընթացի զարգացումների առթիվ...
- Ես չեմ հաստատում այդ տեղեկությունը, բայց նաեւ` չեմ բացառում: Ամեն ինչ կախված է իրավիճակից: Ոչ ոք չի կարող ասել, թե վաղը մենք ինչ երկրում կարթնանանք եւ ինչ իրավիճակ կլինի: Պատրաստ պիտի լինենք ճիշտ արձագանքելու յուրաքանչյուր իրավիճակին եւ կարողանանք կազմակերպել ժողովրդին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
- Իսկ սեպտեմբերի 18-ին ի՞նչ է սպասվում: Ընդհանրապես սեպտեմբերի 18-ը սկիզբ լինելո՞ւ է ինչ-որ գործընթացի:
- Կարող ենք նաեւ էդպես համարել: Ամեն դեպքում` աշունը թեժ է լինելու:
- Քաղաքական նոր փո՞ւլ է սկսվում:
- Կարծում եմ` այո:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.