Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ
- Տիկին Սարգսյան, օրերս Գյումրիում անցկացված ՀԱԿ հանրահավաքին, որպես Կոնգրեսի անդամ կուսակցության ատենապետ, ներկա էիք նաեւ Դուք: Հանրահավաքում եւս մեկ անգամ հնչեց Ձեր միասնական կոչը իշխանություններին` մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Եթե իշխանությունը չարձագանքի Ձեր կոչին, ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը:
- Մենք փորձում ենք օգտագործել սահմանադրական բոլոր հնարավորությունները եւ, միայն դրանք սպառելուց հետո, կմշակենք նոր մարտավարություն: Այլընտրանքային մարտավարություն, անշուշտ, կա, բայց մենք չենք ուզում վտանգել մեր երկրի կայունությունը` հաշվի առնելով Ղարաբաղյան խնդրի սրված վիճակը եւ այն գերխնդիրները, որոնք այսօր առկա են մեր երկրում: Մենք երբեւիցե չենք արել այնպիսի քայլեր, որոնք բանակցությունների պրոցեսում կարող էին կաշկանդել առանց այդ էլ չափից դուրս խոցելի վիճակում հայտնված գործող իշխանություններին: Արտահերթ ընտրություններն այսօր օրհասական են, որովհետեւ իշխանությունները չկարողացան որեւէ ողջամիտ լուծում գտնել` ներքաղաքական վիճակը քիչ թե շատ բարելավելու համար: