четверг, 6 мая 2010 г.

«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՔՆ Է ՊԱՀԱՆՋՆԵՐ ԹԵԼԱԴՐՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԻՆ»


Մեզ հետ զրույցում ընդգծեց նախկին նախարար, 
ՀԱԿ ներկայացուցիչ Արարատ Մկրտչյանը


- Հայաստանի Հանրապետության արտաքին մարտահրավերների օրակարգը խիստ հագեցած է. Ըստ Ձեզ` ինչ ներքաղաքական գործընթացների կհանգեցնի այդ օրակարգը: 

- Հայաստանը բավականին երկար ժամանակ արտգործնախարարի եւ նախագահի մակարդակով կուրծք էր ծեծում, թե հայ-թուրքական գործընթացի նախաձեռնությունը մերն է, թե իդեալական, ֆանտաստիկ համաձայնագիր ենք մշակել եւ մտել ենք հիանալի գործընթացի մեջ: Եթե նախաձեռնությունը մերն էր, ուրեմն` ամբողջ աշխարհին ցույց տայիք, որ դրան տեր եք կանգնելու: Եթե ասում ես ես եմ նախաձեռնողը, նախապայման էլ չկա, բա ինչի՞ ես կեսից հետ կանգնում: Ինչի՞ ես ասում թող ինքը անի` հետո ես, այսինքն` դիմացինիցդ` պարտնյորիցդ հենց սկզբից վախ ունես:
Նրա հանդեպ ի սկզբանե վստահություն չես ունեցել: Է չմտնեի՞ր այդ խաղի մեջ: Իսկ եթե նպատակն անկեղծ էր, չնայած ես դրան չեմ հավատում, եւ նախաձեռնողն էլ դու էիր, ուրեմն` մի կետանոց համաձայնագիր ստորագրեիր` դիվանագիտական հարաբերությունների ձեւավորման վերաբերյալ: Սահմանի մասին պետք էլ չեր խոսել: Մեկ տողանոց համաձայնագիր էր պետք, ինչպես դա արվում է համայն աշխարհում երկրների միջեւ հարաբերություններ ստեղծելիս: Ո՞վ էր դրդել, որ նախաձեռնող կողմը սահմաններ ճանաչելու, պատմության խրթին դրվագները ուսումնասիրելու հանձնաժողովի հետ կապված հարցեր դներ: Այստեղից էլ պարզ է դառնում, որ նախաձեռնողը ՀՀ-ն չէր, նախաձեռնողը գերտերություններն էին` ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կամ էլ` ԱՄՆ-ն ու ՌԴ-ն: Նրանք միասին պարտադրեցին այս խաղը, հետո էլ Սերժ Ազատի Սարգսյանին ասացին` հետ քաշվի ու գնա լուծի ղարաբաղյան խնդրում քո պարտավորությունները: Հիմա էլ ԼՂ հարցով պարտադրելու են լուծումներ տալ: Այս գործընթացը` ներքին օգտագործման առումով, նպատակ ունի քաղաքական դաշտին եւ հասարկությանը ցույց տալ, թե այս երկու խնդիրները շաղկապված չեն: ԼՂ հարցում իրականացվելիք տեղաշարժերը Մինսկի խմբի համնախագահների մակարդակով, երեւի թե, արդեն համաձայնեցված են: Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները իրենց փոխարտգործնախարարի մակարդակով տարածեցին տարածքների հանձնման մասին հայտարարություն, մեր արտգործնախարարությունը հերքեց, բայց ժամանակն ու պատմավավերագրական ժապավենի ընթացքը մեր աչքի առջեւ է. միշտ էլ մերոնք հերքել են, բայց հետո միշտ էլ իրականություն են դարձել այս իշխանության եւ արտգործնախարարության հերքումները:

Այս գործընթացները ներքաղաքական զարգացումների վրա ազդեցություն կունենան, որովհետեւ այս թեմաների հետ կապված ներքաղաքական կյանքում էլ ենք ակտիվություն տեսնում: Արտաքին ազդակների ազդեցությամբ երկրում քաղաքական մթնոլորտը թեժանում է, եւ դրա արդյունքները մենք կտեսնենք առաջիկա ամիսների ընթացքում:

- Ընդդիմությունը վերջերս հրապարակեց իշխանափոխության հստակ ժամանակացույց: Ի՞նչ քայլեր է հիմա ՀԱԿ-ը նախաձեռնում, որպեսզի այդ ժամանակացույցն իրականություն դառնա: 

- Այդ ձեւակերպմանն ու հայտարարությանը շատերը կանխատեսման բնորոշում էին տվել: Իմ կարծիքով, իրականում դա ոչ թե կանխատեսում էր, այլ հստակ խնդրի ձեւակերպում եւ ժամանակի ֆիքսում: Դրանք շատ տարբեր բաներ են: Այսինքն` որպես քաղաքական ուժ մենք նպատակ ենք դրել` այսինչ ժամանակաշրջանում` այսինչ ելքով, ելքն էլ իշխանափոխությունն է, գնալ առաջ: Սա ոչ թե կանխատեսում է, այլ, կրկնում եմ, հստակ դրված ծրագիր է, որին պետք է հասնել: Այսօր հանրային դժգոհությունն այնքան կուտակված է, որ այն ամեն պահի կարող է հասնել իր գագաթնակետին եւ հանգուցալուծմանը: Հիմա հարցնում են` իսկ ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, ո՞նց է լինելու... ՀԱԿ-ի երկու տարվա գործունեության ընթացքը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը տիրապետում է լրջագույն քաղաքական տեխնոլոգիաների: 1993 թ. հրապարակված Ջին Շարպի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» ձեռնարկում կան բազմաթիվ եւ բազմապիսի քայլեր, ինչպես պետք է հասնել իշխանափոխության: Կգա ժամանակը, եւ երբ ցանկություն լինի վերահրատարակել այդ ձեռնարկը, ՀԱԿ-ի օրինակը, բռնապետությունից դեպի ժողովրդավարություն անցնելու ճանապարհին, հաստատ կամրագրվի որպես նոր մոտեցում:

- Ո՞րն է այդ նոր մոտեցումը: 

- Աննախադեպ համախմբվածություն դրված խնդիրը լուծելու: ՀԱԿ-ը համբերատար քաղաքականություն է ընտրել: Ոչ թե սպասողական, այլ համբերատար: ՀԱԿ-ը հետեւողական, մեծ համբերությամբ բնակչությանն է ներկայացնում երկրում տիրող իրական վիճակը: Հանրային կարծիքի ձեւավորումը նոր գործիք, նոր մեթոդ է ազգաբնակչությանը համախմբելու ուղղությամբ: ՀԱԿ-ն իր քաղաքական հմտություններով հնարավորություն է տալիս, որպեսզի հանրությունն ինքը զգա ու հասկանա իշխանության սխալները: Ընտրություններին հասարակությունը ակտիվանում է, իսկ ընտրություններից հետո գնում է պասիվացման գործընթաց: Մինչդեռ ՀԱԿ-ը հասավ նրան, որ արդեն երկու տարուց ավելի է, այդ հասարակական ակտիվությունը պահպանվում է: Սա մեր նախանշած նպատակին հասնելու կարեւորագույն գրավականն է: ՀԱԿ-ի գրագետ տեխնոլոգիաների արդյունքում` իշխանությունն անընդհատ երերում է, եւ դրա ամպլիտուդան ժամանակի մեջ մեծանում է: Հանրային ընդդիմադիր գործընթացները դետոնատոր են հանդիսանում իշխանական հակասահմանադրական կոալիցիայի լրջագույն ճաքեր տալու հարցում: Սրանք հենց այնպես ճաքեր չեն, սրանք քաղաքական տեխնոլոգիաների արդյունք են: Լեւոն Տեր-Պետրոսյանի բնութագրումը` ժամանակի ընթացքում ականատես կլինենք ավազակապետության փլուզմանը, իրականանում է: Ներիշխանական գզվռտոցներն արդեն ոչ թե ունեցվածքի կամ տիրապետման ոլորտների վերաբաշխման թեմաներով են, այլ ներսում նրանք զբաղված են իրար ոչնչացնելու ծրագրերով: Սա էլ իր հերթին մի ազդակ է, որով ՀԱԿ-ը կարողանում է որոշակի ժամկետ նշել իր նպատակին հասնելու համար: Մեր մարզային կառույցների ստեղծման եւ ամրապնդման գործընթացը բավականին մեծ թափ է առել: ՀԱԿ-ը մարզերում տեսնելով մեր համախոհների տրամադրություններն ու լսելով նրանց կարծիքը, բոլոր նախադրյալներն ունի պնդելու, որ մեր հրապարակած ժամկետը իրատեսական է:

- Հավատո՞ւմ եք հասարակության կենսունակությանը: Պերմանենտ հիասթափությունների միջով անցած ժողովուրդը կարո՞ղ է հեղափոխություն անել, եթե նույնիսկ դրա ցանկությունը շատ մեծ է, եւ նրա համբերության բաժակի վերջին կաթիլը լցված է: 

- Ես ավելի քան համոզված եմ, որ մեր ժողովուրդը բավականին շրջահայաց է իր գործողություններում: Ես հավատում եմ հայի ներքին ոգուն, նրա ազատատենչությանը:

- Հրեայի ասած` հայի հետին խելքի՞ն: 

- Հա (ծիծաղում է - հեղ): Մեր ժողովուդն ուզում է ազատ ապրել: Ազատ, անկախ Հայաստան.... կարծեք թե սա այն կոչը չէ, որ պետք է հնչեր մեր հանրահավաքների կամ երթերի ժամանակ: Ազատ, անկախ Հայաստանին հասել ենք` ձեւի իմաստով, իսկ բովանդակությամբ այն մնացել է արդիական կոչ: Ազատ, անկախ ապրելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտության մասին է այսօր խոսքը: Անկախ, այսինքն` հանգիստ ու խաղաղ արարելու, ստեղծելու խնդիր է դրված: Հանրությունը պատրաստ է, ուղղակի մարդիկ կան, որ վախի մթնոլորտ են սերմանել: Ես համոզված եմ, որ այդ վախի էֆեկտը շատ կարճ կյանք է ունենալու: Մեծ հաշվով, վախն արդեն իսկ վերացած է: Հասարակությունը պատրաստ է հանուն ազատության կռիվ տալու: Պատահական չէ, որ ՀԱԿ-ի գործունեությունը հանրությունը դրական է գնահատում եւ պատրաստ է ՀԱԿ-ի ցանկացած կոչին արձագանքելու եւ աջակցելու ՀԱԿ-ի գործունեությանն ու առաջնորդին: ՀԱԿ-ը, կրկնում եմ, ինստիտուցիոնալ կառույց է, որը մեր երկրում նախադեպ չի ունեցել: Երբեք ընդդիմությունն այսքան համառ չի հետեւել իշխանության գործունեությանը` կառավարության որոշում, հայտարարություն, օրենսդրական նախաձեռնություններ եւ այլն: Մեկ էլ տեսար ժողովուրդը սկսում է բարձրաձայնել` էս ինչի՞ Կոնգրեսը չարձագանքեց այս հայտարարությանը, ինչո՞ւ այս խնդրին չանդրադարձավ, ինչի՞ ուշացրեց իր գնահատականը: Ժողովուրդն ինքն է ՀԱԿ-ի առջեւ պահանջներ դնում: Հասարակություն-Կոնգրես սիմբիոզը կայացել է, որովհետեւ ՀԱԿ-ը ինքն էլ ժողովրդի միջից է:

- Փաստորեն ժողովրդի իշխանությունը ՀԱԿ-ն է՞: 

- Միանշանակ:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.