пятница, 17 декабря 2010 г.

2011 թվականը արտահերթ նախագահական ընտրությունների տարի է լինելու»

317581261126914
-Տիկին Սարգսյան, ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ինչպե՞ս ենք ամփոփում տարին:
-Նախ, որպեսզի կարողանանք լիարժեք գնահատական տալ ներկա իրավիճակին, պետք է անդրադարձ կատարենք, թե ինչով է իրականում սկսվել Սերժ Սարգսյանի նախագահությունը և ինչ հետևանքներ է ունեցել: Իշխանությունը բռնազավթած օլգարխիկ կլանը շուրջ երկուսուկես տարի հայ ժողովրդի նկատմամբ բարոյական, տնտեսական, քաղաքական արժեհամակարգային արժեքների ոչնչացմանն ուղղված տեռոր է իրականացնում:
Մարտի 1-ի սպանդից հետո Հայաստանում ժողովրդի ծանր բարոյահոգեբանական վիճակը պայմանավորված է իշխանական քրեաօլիգարխիկ համակարգի նկատմամբ ունեցած ատելությամբ և անվստահությամբ, որը հանգեցրել է արտագաղթի ցուցանիշների աննախադեպ աճի. երկիրը լքում են ինչպես մտավորականն ու շարքային քաղաքացին, այնպես էլ ազնիվ գործարարն ու գիտնականը: Մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա դրված հարկային ծանր բեռը միտված է միջին խավի նպատակային ոչնչացմանը: Սոցիալական օր օրի ծանրացող վիճակը պայմանավորված է ինչպես աշխատատեղերի բացակայությամբ, այնպես էլ` անվերահսկելի գնաճով: Մենաշնորհային տնտեսվարման հանցավոր համակարգը ոչնչացրել է առողջ մրցակցության ամեն հնարավորություն: Սպառողին պարտադրվում է այն գինը, որը նախընտրելի է մենաշնորհային ներկրողի համար, իսկ, ինչպես մենք գիտենք, ներկրողը համակարգին հավատարմորեն ծառայող օլիգարխիկ կլանն է: Գազի գնի արհեստական և ոչ հաշվարկային բարձրացումը շղթայական ռեակցիայով ազդելու է ինչպես հոսանքի, ջրի գների բարձրացման վրա, այնպես էլ` բոլոր կենսական, առաջին անհրաժեշտության ապրանքների վրա:
Բանակում տիրող ոչ կանոնակարգային հարաբերությունները, զինվորների նկատմամբ կիրառվող ստորացումները և չարդարացված ճնշումները, հոգեբանական անառողջ մթոնոլորտը անտանելի են դարձրել ծառայությունը զինված ուժերում, որի հետևանքով արդեն տասնյակ ժամկետային զինծառայողներ ինքնասպանություն են գործել կամ սպանվել են, սակայն ոչ թե թշնամու, այլ իրենց զինակիցների կողմից: Այսպիսով, կարելի է ասել, որ օլիգարխիկ կլանի արատավոր բարքերը ամրագրվել են նաև բանակում: Դժբախտաբար, չկա մի ոլորտ, որտեղ կարողանայինք առաջընթաց գրանցել, էլ չասեմ, թե ինչպիսի ետընթացներ ենք ունեցել արտաքին քաղաքականության ասպարեզում: Եթե անդրադառնանք ԼՂ հարցի լուծմանը, ապա շատ տեսանելի է, որ այն ձեռքբերումնները, որ ունեցել ենք մինչև 1998 թվականը, այսօր ոչնչացված են` Հայաստանը այսօր դիտարկվում է որպես ագրեսոր և հակամարտող կողմ: Եթե դրան ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Ղարաբաղը դուրս է մղված բանակցային գործընթացից, և Ղարաբաղի ժողովրդի կարծիքը արտահայտում են ոչ թե Արցախի իշխանությունները, այլ Հայաստանի նախագահը, ուրեմն կարող ենք համարել, որ աշխարհը այլևս Արցախը չի ցանկանա դիտարկել որպես պետական, իրավաբանական առանձին միավոր: Ահա այն ձեռքբերումները, որ մենք ունենք 2011 թվականի նախաշեմին:
-Ինչպե՞ս կմեկնաբանեիք Սերժ Սարգսյանի կողմից սկսված պաշտոնանկությունները:
-Բնականաբար, այն իշխանությունը, որը կառուցված չէ ազգային նպատակների շուրջ, որը չունի գաղափարախոսություն, ազգային արժեքներ, բարոյականություն, և իշխանությունը կառուցում է քրեաօլիգարխիկ կլանի սյուների վրա, որը պահպանվում է փողի և բռնությունների հիման վրա, չէր կարող երկար ժամանակ մոնոլիտ լինել: Մենք այսօր ականատեսն ենք դառնում քրեաօլիգարխիկ համակարգի ճաքերի մեծացման, ինչը, վերջ ի վերջո, տապալելու է այս իշխանությունը: Այս վարչախմբի համար ազգային և պետական շահերը վաղուց արժեզրկված գաղափարներ են, և բնական է, որ վաղ թե ուշ ճաքեր պիտի տային: Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի հրաժարականին, որը, բնականաբար, պարտադրվել է նրան, ապա դրանից ավելի խոսուն փաստ, որ համակաարգը քայքայվում է, չի կարող լինել: Հավանաբար, Սերժ Սարգսյանը չկարողացավ մարսել այն ոտնձգությունը, որ Բեգլարյանը իրեն թույլ տվեց իր արարողակարգի աշխատակցի հանդեպ: Շատ լավ գիտակցելով, որ եթե կուլ տա այս խայծը, ապա դա նախադեպ կստեղծի: Ես դա չեմ գնահատում որպես Սերժ Սարգսյանի քաղաքական կամքի դրսևորում, որով նա փորձում է ազատվել կրիմինալից և մաքրել իր շրջապատը, այլ դա պարտադրված քայլ էր, որը նա պիտի կատարեր: Հակառակ դեպքում, նմանատիպ ոտնձգություններն էլ ավելի են արագացնում իր իշխանության փլուզումը:
-Տիկին Սարգսյան, իշխանությունների այս քայլերը ինչպե՞ս կարող են ազդել ընդդիմության քայլերի, ռազմավարության վրա:
-Համաժողովրդական շարժումը և նրա կարծիքը, որը մշտապես մատուցվում է հասարակությանը` ներկայացնելով օլիգարխիկ կլանի արատավոր բարքերը, մեծ ազդեցություն ունեն իշխանության նկատմամբ ունեցած հասարակական կարծիքի վրա, և, բնականաբար, ես այս հրաժարականները դիտարկում եմ նաև մեր համառ պայքարի մեծագույն նվաճումների շարքում: Վստահ եմ, որ կլինեն նոր հրաժարականներ, և դա՝ շնորհիվ շարժման կողմից ձևավորված հասարակական կարծիքի: Սերժ Սարգսյանը հասկացել է մի բան, որ ինքը պարտադրված է հաշվի նստել հասարակական կարծիքի և ընդդիմության տրամադրությունների հետ:
-Տիկին Սարգսյան, իսկ ինչպե՞ս է տարին ամփոփում ընդդիմությունը:
-Ընդդիմությունը մշտապես համառ և հետևողական պայքար է մղել այս իշխանությունների վարած արատավոր երևույթների և ապազգային, ապապետական քաղաքականության դեմ, և այսօր շատ տեսանելի է, որ շարժումը ավելի մեծ թափ է հավաքում, ընդլայնվում է նաև աշխարհագրությունը: Այդ են վկայում այն հավաքները և այցելությունները, որ մենք կազմակերպում ենք մարզերում, և, բնականաբար, մեր պայքարը ավարտվելու է հաղթանակով: Որպես ամփոփիչ խոսք էլ ուզում եմ ասել, որ 2011 թվականը աննախադեպ է լինելու և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության համար, քանի որ շատ կանխատեսելի է արդեն, որ այդ տարին հայ ժողվոդի համար լինելու է վճռորոշ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության ասպարեզում: Վստահ եմ, որ 2011 թվականը արտահերթ նախագահական ընտրությունների տարի է լինելու:
http://1in.am/arm/armenia_interview_4718.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.