«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը: - Տիկի՛ն Սարգսյան, Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած շուրջօրյա նստացույցերի արդյունքում կարելի՞ է ենթադրել, որ շուրջօրյա հանրահավաքները նաև նպատակ ունեն ճնշումներ գործադրել իշխանությունների վրա՝ Կոնգրեսի հետ նոր որակի երկխոսություն սկսելու համար: - Ես կարծում եմ, որ երկխոսությունը շատ կարևոր մշակույթ է, որ այսօր մտել է մեր քաղաքական կյանքի մեջ և որպեսզի այդ մշակույթը շարունակական և ընդունելի լինի, ապա պիտի կարողանանք այն ավարտին հասցնել և այդ մշակույթի արդյունքում, ելնելով երկրի ու ժողովրդի շահերից, իշխանությունն ու ընդդիմությունը կարողանան պայմանավորվել ու իրականացնել այն պահանջները, որոնք վեր է հանել ընդդիմությունը` ելնելով ժողովրդի պահանջներից:
Այդ իմաստով, այո, շուրջօրյա հանրահավաքների նպատակը իշխանությունների վրա ճնշումներ գործադրելն է, քանի որ բանակցային գործընթացի արդյունքում մենք տեսանք, որ իշխանությունն առանձնապես հակված չէ գնալու որևէ զիջումների, և իրենց կողմից երկխոսության մասնակցելն ավելի շատ իմիտացիոն բնույթ էր կրում, քան գործնական ինչ-որ քայլեր ձեռնարկել: Հետևաբար, ժողովրդի ակտիվ մասնակցությունը և քաղաքական գործընթացում դերակատարության բարձրացումը շատ կարևոր է, և, ինչի արդյունքում, վստահ եմ, որ ի վերջո իշխանությունը կհասկանա, որ ինքը այս երկրում իշխանություն է, թեկուզ՝ անօրինական, և պետք է գնա զիջումների՝ այս երկրի ու ժողովրդի համար:
- Այսինքն, շուրջօրյա նստացույցերը լինելու են այն անհրաժեշտ ճնշման լծակը, որը ստիպելու է իշխանություններին գնալ անհրաժեշտ զիջումների:
- Շուրջօրյա հանրահավաքներով մենք նպատակ ունենք վերջիվերջո իշխանության գիտակցությանը հասցնել այն միտքը, որ երկրում բարեփոխումներն անհրաժեշտ են, և դա ժողովրդի պահանջն է, ժողովրդի սահմանադրական իրավունքը, և իրենք պարտավոր են գնալու զիջումների և արտահերթ ընտրություններով բավարարել ժողովրդի սահմանադրական պահանջը:
- Իսկ երկխոսությունը, Ձեր կարծիքով, կվերսկսվի՞:
- Չեմ բացառում, որովհետև դա բխում է նախևառաջ իշխանության շահերից, և եթե նրանք չգնան զիջումների, ապա այլևս անհնար կլինի վերահսկել քաղաքական գործընթացը, որովհետև ժողովրդի մեծ մասը սոցիալական ծանր պայմաններում է գտնվում, ճամպրուկային տրամադրության մեջ է կամ կանգնած է Ազատության հրապարակում: Երկու դեպքում էլ դա ողբերգություն է և մեր ազգային շահերի ոտնահարում, քանզի մի հարց է, երբ երկիրը լքում են սոցիալական պայմաններից ելնելով, բայց երբ երկիրը լքում են արդարության բացակայության պատճառով, ապա դա արդեն մեծ ողբերգություն է, և մեր անկախությունն ու պետականությունը վտանգված է, հետևաբար օր առաջ պետք է կանխել դա ու օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, որպեսզի քիչ թե շատ բավարարվեն ժողովրդի պահանջները:
- Տիկի՛ն Սարգսյան, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց շուրջօրյա հանրահավաքների անցկացման վերաբերյալ, նա նաև նշեց, որ մեկ շաբաթից հետո կորոշվի, թե արդյոք դրանք շարունակվելո՞ւ են, թե՝ ոչ: Ձեր կարծիքով, ո՞րն է լինելու այն պայմանը, որի դեպքում Կոնգրեսը կդադարեցնի շուրջօրյա հանրահավաքները:
- Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, սակայն ավելի քան համոզված եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում բավականին հստակություն կմտնի իշխանություն-ընդդիմություն հատվածում, որից հետ կմտածենք շարունակության մասին: Երկու դեպքում էլ մենք մեր անելիքն ունենք և, ես կարծում եմ, որ բոլորը համոզվեցին, որ ՀԱԿ-ը հետքայլ չի անելու, որովհետև այն նպատակները, որը մենք հետապնդում ենք, բխում են մեր երկրի շահերից:
- Այսինքն, մեկ շաբաթը բավակա՞ն է իշխանությանը՝ անհրաժեշտ զիջումների գնալու համար:
- Կարծում եմ, որ շուրջօրյա հանրահավաքները բավարար հիմք են և, միանշանակ, օր օրի աճելու է մասնակիցների քանակը, հետևաբար՝ այն պետք է իշխանություններին լուրջ մտածելու տեղիք տա:
- Իսկ արտաքին աշխարհի աջակցության սպասելիքներ ունի՞ Կոնգրեսը:
- Մենք նախևառաջ հույս ենք դրել սեփական ուժերի վրա և շատ լավ կլինի, որ մենք ինքներս կարողանանաք լուծել մեր խնդիրները, և արտաքին աշխարհը որևէ միջամտություն չանի մեր երկրի քաղաքական զարգացումներում: Բայց, սովորաբար, երբ արտաքին աշխարհը տեսնում է ժողովրդի ակտիվությունը, ապա այն որոշակի ճնշումներ է գործադրում իշխանությունների վրա: Այդուամենայնիվ, մեր նպատակն է առավելագույնս պահպանել մեր անկախությունը և փաստել, որ մենք անկախ երկիր ենք, ու կարող ենք մեր խնդիրները ներսում ինքներս լուծել: Կարծում եմ, արտաքին աշխարհը, տեսնելով ժողովրդի աճող ճնշումը, կաջակցի ոչ թե Կոնգրեսին, այլ ժողովրդին: Ամեն դեպքում, մենք հաշվում ենք մեր քայլերը, իսկ թե արտաքին աշխարհը ինչպես կվերաբերվի դրան, իր խնդիրն է և Հայաստանի իշխանության: Մենք լուծում ենք մեր երկրի ու մեր ժողովրդի հարցերը:
- Տիկի՛ն Սարգսյան, կա գնահատական, որ քաղաքական դաշտ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցում Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը համընկնում են, և Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքները սկսեցին հենց այն ժամանակ, երբ Քոչարյանը հայտ ներկայացրեց վերադառնալու: Կարելի՞ է ասել, որ ՀԱԿ-ի նստացույցը նաև նպատակ ունի կանխելու Քոչարյանի վերադարձը:
- Ես ընդհանրապես բացառում եմ այդ թեման, մեր որևէ գործողություն պայմանավորված չէ Քոչարյանի վերադարձով: Ավելին, ես նաև բացառում եմ, որ Քոչարյանն այդ հնարավորությունն ունի, քանզի նա չունի ժողովրդի վստահության քվեն և դիտարկվում է ժողովրդի կողմից որպես սեփական ժոցովրդի դեմ հանցագործություն կատարած մեկը: Կարծում եմ՝ ոչ ոք դեռ չի մոռացել Մարտի 1-ի իրադարձությունները, և դա ընդհանրապես մեր պատմության ամենարյունոտ էջերից է, որը տարիներ շարունակ հիշվելու է: Քոչարյանը երկրում չունի այն կշիռը, որով կառուցվի ներքին քաղաքականությունը:
- Իսկ չկա՞ մտավախություն, որ սեփական իշխանությունը պահպանելու համար իշխանությունները պատրաստ կլինեն կրկնել Մարտի 1-ը:
- Ես կարծում եմ, որ իշխանությունը վաղուց արդեն այդ ռեսուրսը սպառել է, և այսօր ավելի շատ է կախված արտաքին աշխարհի կարծիքից ու վերաբերմունքից, քան ընդդիմությունը, իսկ արտաքին աշխարհն այս անգամ պարտավոր կլինի չներել այն մարդուն, ով կփորձի Մարտի 1-ի նման ճնշել ժողովրդի ըմբոստությունը:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.