Հունվարի 9-ին, համաձայն համահնչակյան կուսակցության 19-րդ համագումարում կայացված որոշման, տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան կառույցի հերթական 7-րդ համագումարը:
Միջոցառումը տեղի ունեցավ «Հանրապետություն» կուսակցության Էրեբունու շտաբում, քանի որ կուսակցության դիմումը` համագումարի անցկացման համար տրամադրել կառավարության նիստերի դահլիճը, մերժվել էր: Հայաստանյան մի շարք հյուրանոցային համալիրներ, որոնց եւս կուսակցությունը դիմել էր դահլիճ տրամադրելու խնդրանքով, մերժել էին` անհեթեթ հիմնավորումներով: Ինչեւէ, համագումարը, չնայած խոչընդոտներին, կայացավ, որը վերստին ատենապետ ընտրեց Լյուդմիլա Սարգսյանին: Հիշեցնենք, որ 2009-ի դեկտեմբերի 16-ին ՍԴՀԿ մյուս` վահանշիրխանյանական թեւը եւս համագումար էր հրավիրել` իրեց ձեւակերպմամբ` «արտակարգ համագումար», որի ընթացքում անվստահություն էր հայտնվել ՍԴՀԿ դե յուրե ատենապետ Լ.Սարգսյանին, եւ նոր ատենապետ էր ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը: Այսպիսով, ներկայումս ՀՀ-ում փաստացի առկա է երկու Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն, որոնցից միայն մեկը` Լ.Սարգսյանի ղեկավարած թեւն է օրինական, քանի որ դա է գրանցված արդարադատության նախարարությունում, իսկ կուսակցության փաստաթղթերն ու կնիքը կուսակցության օրինական ատենապետի մոտ են, առանց որոնց պերկուպերկյանական թեւը չի կարող գործել որպես օրինական կուսակցություն: Ուստի համապատասխան հայցով դիմել է վարչական դատարան` հույս ունենալով վերականգնել իր իրավունքները կուսակցության նկատմամբ:
Նկատենք, որ 7-րդ համագումարին հրավիրված էր նաեւ Հայ Ազգային Կոնգրեսը` ի դեմս Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչների: Վերջիններս, սակայն, հրավիրված չէին ՍԴՀԿ մյուս թեւի «արտակարգ համագումարին» եւ ինչպես դրանից հետո ՀԱԿ կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ էր ասվել, Կոնգրեսը համագործակցում է Լ.Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ի հետ: Համագումարում հնչած իր ելույթում, Լ.Տեր-Պետրոսյանը գնահատանքի խոսք հղեց ՍԴՀԿ-ին` Շարժման եւ մանավանդ ՀԱԿ-ի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար, միաժամանակ հավելելով. «Չգիտեմ՝ ինձ հետ կհամաձայնեք, թե չեք համաձայնի, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Հայաստանում երբեք այնքան հեղինակություն եւ ժողովրդականություն չի վայելել, որքան վերջին երկու տարիների ընթացքում», - հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: Ապաեւ, անդրադառնալով ՍԴՀԿ-ում արձանագրված պառակտմանը, ՀՀ առաջին նախագահը նշեց, թե նմանատիպ երեւույթները հատուկ են բոլոր կուսակցություններին, եւ դա ժամանակավոր բնույթ է կրում: «Այսօր Հնչակյան կուսակցության կորիզն այնքան ամուր է, սկզբունքային, նվիրված համազգային շարժմանը, որ մեզ պառակտելն անհնար է», - իր ելույթում հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, թե կուսակցությունը պատրաստ է ընդունել բոլոր «մոլորյալներին»` ակնարկելով մյուս թեւում հայտնված հնչակյաններին: «Հայրենի հանրությունը լավագույնս տեղեկացված է, որ մենք վճռական պայքար տարանք եւ ազատվեցինք այդ վտանգավոր թափոններից: Այդուհանդերձ, մենք մեր դուռը բաց ենք թողել բոլոր այն հնչակյանների համար, ովքեր կընդունեն իրենց մոլորությունը եւ կվերադառնան: Կարծում եմ՝ կուսակցությունը, լինելով մայր կուսակցություն, ներողամիտ կգտնվի իրական հնչակյան անդամների նկատմամբ», - նշեց Լ.Սարգսյանը: Նաեւ ընդգծեց, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը եղել է, կա ու կլինի Համաժողովրդական Շարժման ավանգարդում, ՀԱԿ կազմում եւ մինչեւ վերջ պայքարելու է ժողովրդավարության եւ անկախության ամրապնդման համար:
Իսկ թե ինչո՞վ է զբաղվելու ՍԴՀԿ մյուս` Պերկուպերկյանի գլխավորած թեւը, եւ արդյո՞ք համագործակցելու է ՀԱԿ-ի հետ (քանի որ, ինչպես վերն ասվեց, ՀԱԿ-ը համագործակցում է Լ.Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ի հետ), երեկ փորձեցինք պարզել ՍԴՀԿ այդ թեւի ներկայացուցիչ Նարեկ Գալստյանից, ով, ի դեպ, Լ.Սարգսյանի որոշմամբ «արտակարգ համագումարից» հետո հեռացվել է կուսակցությունից: Վերջինս ասաց, թե իրենք չեն ընդունում հունվարի 9-ին տեղի ունեցած համագումարի կայացման փաստը, քանի որ այն ապօրինի է եւ կարելի է ընդամենը որակել որպես «Կոնգրեսի անդամների եւ հնչակյան կուսակցությունից հեռացվածների մտերմիկ հավաք»: Գալստյանը ի պատասխան մեր հարցի նախ մեղադրեց Կոնգրեսին` ՍԴՀԿ ներքին խնդիրներին միջամտելու եւ կուսակցությունում ի հայտ եկած պառակտմանը նպաստելու մեջ, ապա նկատեց. «Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ սովորական ժողովրդի կողքին, շարունակելու է իր ամենօրյա աշխատանքները` ուղղված երկրում համակարգային փոփոխությունների արձանագրմանը»: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցությանը` Ն.Գալստյանն ասաց. «ՍԴՀԿ-ն եղել է Համաժողովրդական Շարժման կազմակերպիչներից մեկը, իսկ Շարժումը որեւէ վարչական ապարատի կամ բյուրոկրատական պաշտոնյաների սեփականությունը չէ: Շարժումը ժողովրդի սրբության սրբոցն է»: Իսկ ֆորմալ առումով, որպես նոր կուսակցություն, Պերկուպերկյանի գլխավորած ՍԴՀԿ-ն պատրաստվո՞ւմ է անդամագրվել ՀԱԿ-ին` մեր հարցին ի պատասխան Ն.Գալստյանը նկատեց. «ՍԴՀԿ-ն ստորագրել է ՀԱԿ հռչակագրի տակ, եւ այդ ստորագրությունը դրել է ոչ թե կոնկրետ որեւէ անձ, այլ կուսակցությունը: Գոնե ես այս պահին տեղեկություն չունեմ այն մասին, որ այդ ստորագրությունը կուսակցությունը պատրաստվում է ետ վերցնել»: Իսկ Հռչակագրի տակ ՍԴՀԿ անունից ստորագրել է ՍԴՀԿ 7-րդ համագումարում վերընտրված ատենապետը` Լ.Սարգսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.