четверг, 25 февраля 2010 г.

ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ՀՆԴՈՒՐԺԵԼՈՒ, ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ





Ասում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը



- Տիկին Սարգսյան, շուտով կլրանա Մարտի 1-ի սպանդի երկրորդ տարելիցը: Ի՞նչ կատարվեց այս ընթացքում, ինչո՞վ ենք գնում դեպի այդ օրը: 

- Եթե իշխանությունները ակնկալում էին, որ այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, որը մեր պատմության ողբերգական էջերից մեկն էր, երբեւիցե կներվի իրենց, չարաչար սխալվում են: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչի չի մոռացվել: Մենք փառք ու պատվով հիշելու ենք նրանց, ինչպես նաեւ չենք մոռանալու այն հանցագործ խմբին, որին իշխանատենչությունը մղեց, որպեսզի ձեռք բարձրացնեն մեր ժողովրդի վրա: Այդ արյունը նրանց երբեք չի ներվելու: Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն վարչախմբին, որը բռնությունների եւ արյան գնով եկավ իշխանության եւ փորձում է ամեն գնով պահպանել այդ իշխանությունը: Մարտի 1-ը մեզ համար շատ ցավալի, բայց նաեւ շատ կարեւոր օր էր: Այդ օրը մենք հասկացանք, որ այլեւս ոչինչ չենք հանդուրժելու, որ մենք դատապարտված ենք հաղթանակի: Այսօր էլ` մեր շարժման կարեւորագույն նպատակն այն է (ինչը, ի դեպ, մենք դանդաղ, բայց իրականացնում ենք), որ ստեղծենք մի հասարակություն, որը ազատ եւ հպարտ է լինելու, որը իր մեջ սպանելու է ստրուկին եւ այլեւս երբեք ստրուկ չի ծնելու: Դա կարեւորագույն ձեռքբերում էր, որ հայ ժողովուրդը վաղուց ի վեր մոռացել էր: Ժողովուրդը երբեմն մոռանում է, որ ինքն է այս երկրի իրական տերը եւ ինքն է, որ պիտի պայքարի իր իրավունքների համար: Ոչ մի ճնշող ազատություն չի տալու մեր ժողովրդին, այդ ազատությունը պահանջելու է ժողովուրդը եւ հասնելու է դրան: Երբեք չես կարող ասել, թե գործողությունների արդյունքում դու ուր կհասնես, բայց երբեք ոչ մի տեղ չես հասնի, եթե քայլեր չես կատարում: Դա այն կարեւորագույն իմաստությունն է, որ մեր ժողովուրդը պիտի հասկանա: Մարտի 1-ը, որքան ցավալի, այնքան էլ մեծագույն ձեռքբերում էր մեզ համար, մենք հասկացանք, որ այս իշխանությունների հետ ճանապարհ չունենք գնալու, քանի որ իշխանությունը, որը արյունով է գալիս, երբեք չի կարող ծառայել այս ժողովրդին, երբեք ոչ մի լավ բան չի կարող ստեղծել այս երկրում: Ուրեմն, պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից: Եվ այսօր, իմ կարծիքով, մեր մեծագույն ձեռքբերումն այն է, որ մեր հասարակության մի մեծ հատվածը ձերբազատվել է ստրուկ լինելու կարգավիճակից եւ հասկացել է, որ իր պայքարի եւ համառության արդյունքում կարող է ձեռք բերել ազատություն, անկախություն եւ պահպանել իր երկիրը: 


- Մարտի 1-ից հետո իշխանություններին հաջողվել է 2 տարի գոյատեւել, սա չի՞ նշանակում, որ իրենք մարսեցին մարտի 1-ը: 


- Իհարկե ոչ, բացարձակապես: Իշխանությունը գնաց այդ ոճրագործությանը միայն մեկ նպատակով, որպեսզի ջարդի ազատատենչ ժողովրդի ողնաշարը եւ վախեցնելով` կասեցնի մեր շարժումը: Բայց ինչպես տեսնում եք, առ այսօր այդ վախի մթնոլորտը բացակայում է մեր շարժման մեջ, մենք ավելի ինքնավստահ եւ իմաստուն քայլերով ենք առաջ գնում: Իշխանությունը հույս ուներ, որ մեր կամքը կկոտրվի, սակայն ինքը չհասկացավ, թե ինչ մեծագույն սխալ գործեց. ավելի քան 100 մարդ ձերբակալելով` նա ավելի ուժեղացրեց մեր շարժումը, որովհետեւ մենք արդեն ոչ միայն մեր ազատության համար էինք պայքարում, այլ նաեւ այն մարդկանց ազատության համար, ովքեր ապօրինաբար հայտնվել էին բանտերում: Եվ մեզ դա միավորեց ավելի, քան սպասում էին իշխանությունները: Եվ այդ միավորումը, ինչպես տեսնում եք, առ այսօր էլ անքակտելի է: Եվ մեր պայքարը, միանշանակ հաղթական ավարտին է հասնելու: Միանշանակ: Բացի դա, այս ընթացքում լրջագույն բան տեղի ունեցավ մեր երկրում, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի մեծագույն աշխատանքի արդյունքն էր. դաշտը բաժանվեց սեւի ու սպիտակի: Բոլոր այն չակերտավոր ընդդիմադիրները, որոնք իրականում սպասարկում էին իշխանությունների շահերը` բացահայտվեցին եւ շատ տեսանելի դարձավ, թե ովքեր են կանգնած ժողովրդի կողքին, եւ ովքեր են փորձում այս երկրում բարեփոխումներ կատարել: Դա մեծագույն ձեռքբերում էր, քանի որ մարտի 1-ից հետո, այդ բռնություններից, ջարդից հետո ժողովուրդը ձերբազատվեց այդ վախի մթնոլորտից. ոչ մի շարժում այսքան երկար չի գոյատեւել: Իսկ մենք ոչ միայն գոյատեւել ենք, մենք ամրացել ենք եւ համառ պայքար ենք մղում այս երկրում կարգուկանոն հաստատելու համար: Իշխանությունները շատ կցանկանային մեզ ստրկացած տեսնել, բայց նստում են նրա մեջքին, ով այդ մեջքը դեմ է տալիս, մենք այլեւս չենք գնա դրան, որ թույլ տանք հանցագործ մի խմբի մեզ ստրկացնել ու նստել մեր մեջքին: Մենք եկել-հասել ենք մի պահի, երբ հասկանում ենք, որ ազատությունը երբեք հենց այնպես չի տրվում` եթե դու նրա համար ամեն օր համառ պայքար չես տանում: Եվ երբ այն ձեռք ես բերում եւ վայելում ես այդ հաճույքը, այդ ազատությունը այլեւս ժողովրդից խլել անհնար է: Եվ շատ մի կարեւոր հանգամանք` ազատությունը իր ուժերով ձեռք բերած ժողովուրդը այլեւս երբեք չի ստրկանա, որովհետեւ ամեն մի իշխանություն, որը ապագայում կգա իշխանության, նա պարտավոր է լինելու ուղղակի հաշվի նստել այդ հասարակության հետ: Որովհետեւ ազատ մարդուն պարտավոր ես ծառայել, դու չես կարող նրան ծառայեցնել: Մենք Հայաստանում պայքարում ենք այդ ազատ մարդու համար: Մենք պայքարելու ենք այդ ազատության համար, նաեւ հաշվի առնելով, թե ինչ կարող են անել մեզ հետ, եթե մենք չենք գիտակցում մեր դերը այս երկրում, եթե մենք չենք գիտակցում, որ մենք պարտավորություններ ունենք այս երկրի նկատմամբ եւ պարտավոր ենք ծառայել այս երկրին: 


- Ձեր ասածների համատեքստում, արդյո՞ք արդարացված եք համարում Կոնգրեսի վերջին շրջանի մարտավարությունը: 


- Շատ երկար ժամանակ շատ կարծիքներ էին հնչում հասարակության մեջ, մեծամասամբ մարդկանցից, ովքեր շատ քաղաքականացված չեն, շատ ակտիվ պայքարի մեջ չեն, թե շարժումը կմեռնի, քանի որ հանրահավաքներ չեն անցկացնում: Սակայն հանրահավաքը պայքարի ձեւերից մեկն է եւ ոչ թե պարտադիր պայման այդ պայքարի մեջ: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն շատ-շատ մարդկանց, շատ լավ հասկանում էր, որ իշխանությունները փորձում են մեզ ներքաշել այն խարդավանքի մեջ, որը նրանց անհրաժեշտ էր` դրսում որպես ժողովրդավար եւ ընդառաջ քայլերի գնացող իշխանություն ներկայանալու համար: Դրա համար, փառք Աստծո, կար Դաշնակցությունը, որը փորձեց այդ ծրագիրը իրականացնել իշխանությունների համար: Բայց մեզ ներքաշելով այդ հանրահավաքային պրոցեսի մեջ` նրանք շատ լավ հասկանում էին, որ պերմանենտ հանրահավաքների արդյունքում մենք մեր ուժերը ջլատելու եւ քայքայելու ենք: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ դա գիտակցելով` չմտավ այդ ինտրիգի մեջ եւ մեզ զերծ պահեց իշխանություններին «ծառայելու» այդ հնարավորությունից, եւ այսօր այն, ինչը անհրաժեշտ էր իշխանություններին եւ մեր ձեռքով էին ուզում անել, նրանք դա չստացան: Հենց նաեւ այդ պատճառով, այսօր մենք շատ ավելի ուժեղ ենք, շատ ավելի իմաստուն ենք, եւ մարտի 1-ի հանրահավաքը բոլորին ապացուցելու է, որ այս շարժումը հաղթական շարժում է, որ այս շարժումը անկասելի է, որ մեզ մոլորությունների մեջ գցելն անհնար է, որովհետեւ մենք գիտակցում ենք` ուր ենք գնում, ինչ ճանապարհով եւ ինչ նպատակներ ենք հետապնդում: Եվ որ ամենակարեւորն է, իշխանությունները հույս ունեին, որ մեզ ձերբակալելով, ծեծելով, ներկուսակցական պառակտումներ մտցնելով, կարող են մեզ քայքայել: Ինչպես տեսնում եք` չհաջողվեց: Ես այդ համատեքստում հենց նաեւ ուզում եմ հիշեցնել Հնչակյան կուսակցության պատմությունը, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ, եւ փառք Աստծո, մենք այդ իրավիճակից պատվով կարողացանք դուրս գալ, եւ ինչպես տեսնում եք` մենք քաղաքական դաշտում ենք, իսկ մյուս թեւը ընդհանրապես գոյություն չունի: Ինչպես ասում էր Գանդին` սկզբում նրանք արհամարհում են քեզ, հետո ծիծաղում են վրադ, հետո կռվում քո դեմ, հետո դու հաղթում ես: Այսօր մենք կանգնած ենք այդ հաղթանակի շեմին, եւ ես ուզում եմ կոչ անել մեր ժողովրդին, որ ձերբազատվեն ստրկական մտածելակերպից եւ ամեն ինչի հետ համակերպվելու հատկությունից: Եթե դու համակերպվում ես ստրուկ լինելու հետ, ապա այլեւս երբեք մի երազի ազատության մասին: Իսկ եթե քեզ դուր չի գալիս ստրուկի քո կարգավիճակը, նսեմացված, ստորացված կարգավիճակը, ապա մարտի 1-ին մեզ հետ միասին ներկայացիր հանրահավաքի եւ շարունակությունը արդեն ինքդ կտեսնես: 


- Ի դեպ, որքան մոտենում է մարտի 1-ը, այնքան ակտիվանում են իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները: Սա կարո՞ղ է ազդել մարդկանց վրա, հատկապես սպասվող հանրահավաքից առաջ: 


- Գիտակից մարդու վրա ոչինչ չի ազդում, որովհետեւ եթե մարդը ձգտում է ազատության եւ գիտակցում է, թե իրականում ինչ է տեղի ունենում այս երկրում, նա այլ կերպ չի կարող վարվել, քան կանգնել ժողովրդի կողքին, պայքարել այդ ազատության համար: Նա արդեն հաղթող է, եթե հասկանում է, որ պետք է պայքարի:


Քրիստինե Խանումյան

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.