Օրերս Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց առողջապահության քաղաքականության հիմնադրույթների իր նախագիծը` այդպիսով մասնավորապես առաջարկելով հիվանդապահությունից անցում կատարել դեպի առողջության պահպանում:
Ընդդիմադիր քաղաքական այս ուժի համոզմամբ, փաստորեն, մեր երկրում իրականացվողը հենց հիվանդապահություն, այլ ոչ թե առողջապահություն է: Ու նրա ծրագրում կարեւոր տեղ է հատկացվում հիվանդությունների կանխարգելմանը եւ դրան հասնելու ուղիներ ներկայացվում: Առողջապահության ոլորտի մեր պատասխանատուները եւս, սակայն, շատ հաճախ կարեւորում են այդ հանգամանքը, հայտարարում, որ ավելի հեշտ ու ճիշտ է կանխարգելել հիվանդությունը, քան թե հետո բուժել այն: Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնախմբի անդամ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե կարծում են` իշխանությունները խոսքի մակարդակից գործի չե՞ն անցնում: «Դեկլարատիվ հայտարարություններ միշտ լսել ենք թե՛ ոլորտային, թե՛ պետական այրերի մակարդակով: Ուզում եմ հիշեցնել, որ դրանցից մեկը Հայաստանը տարածաշրջանային տարբեր կենտրոններ դարձնելու կառավարության ամպագոռգոռ ծրագրի հռչակումն էր 2007-2008-ին, որը հաստատվեց: Նաեւ հայտարարվում էր Հայաստանը առողջապահության տարածաշրջանային կենտրոն դարձնելու մասին: Բայց տեսանք, որ դա լոկ ծրագիր էր եւ մնաց փաստաթղթի վրա: Նույնը վերաբերում է, մասնավորապես, առողջության պահպանման եւ կանխարգելման խնդիրներին: Ինչ էլ որ արվում է, արվում է շատ ցածր մակարդակի վրա: Կարող եմ ասել` միայն իմունիզացիայի ծրագրի առումով են որոշ աշխատանքներ տարվում»,- պատասխանեց Արարատ Մկրտչյանը: Մինչդեռ, ըստ նրա, սիրտ-անոթային հիվանդությունների եւ նորագոյացությունների կանխարգելման ուղղությամբ, որոնք տեսակարար մեծ կշիռ ունեն ընդհանուր մահացության կառուցվածքում, լուրջ ծրագրեր չեն իրականացվում: Հայ ազգային կոնգրեսն իր նախագծում այդ հիվանդությունների կանխարգելումը եւս կարեւորել է: Արարատ Մկրտչյանը, սակայն, չի կարծում, թե այսօր միտումնավոր է այնպես արվում, որպեսզի մարդիկ հիվանդանան, հաճախ դիմեն բժշկի ու հետեւաբար նաեւ բուժման համար մեծ-մեծ գումարներ ծախսեն: «Դա ոչ թե միտումնավոր է արվում, այլ հիվանդանոցների ուռճացված համակարգն է դրան նպաստում: Այսինքն` համակարգը պասիվ սպասում է` երբ մարդիկ կհիվանդանան, որպեսզի իրենք սկսեն բուժել: Դա գաղափարախոսության խնդիր է»,- կարծիք հայտնեց նախկին նախարարը: Իսկ որն է երաշխիքը, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած ծրագիրը եւս դեկլարատիվ բնույթ չի ունենա: Ըստ Մկրտչյանի, ծրագիրն ինքը հուշում է այդպիսին չլինելու մասին, քանի որ այնտեղ կոնկրետ քայլեր են արձանագրված ու նաեւ այն տնտեսագիտորեն է հիմնավորված: Հայ ազգային կոնգրեսի ծրագրով առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 3 տոկոսը` ներկայիս 1,6 տոկոսի փոխարեն: Իսկ քանի որ, նույն ծրագրի համաձայն, ոլորտը ոչ միայն պետբյուջեից է ֆինանսավորվելու, այլ դա պետք է տեղի ունենա մի քանի խողովակով, ուստի առողջապահության ֆինանսավորումը կհասնի ՀՆԱ-ի առնվազն 6 տոկոսի: Արարատ Մկրտչյանը նաեւ հավելեց, որ ծրագիրն իրատեսական է համարում հետեւյալ առումներով եւս: «Մեկ անգամ նշել եմ, կուզեի հիմա էլ կրկնել, որ ցանկացած ծրագիր կամ վերափոխում ցանկացած համակարգում կարելի է իրականացնել, եթե առկա են 3 կարեւոր հանգամանքներ եւ նախադրյալներ: Առաջինը ֆինանսական միջոցներն են: Ինչպես տեսնում եք` արդեն իսկ ծրագրով նախատեսվում դրանց էական աճ : Երկրորդը` մարդկային, մասնագիտական ներուժի խնդիրն է: Ոչ ոք չի կարող ժխտել, որ ՀԱԿ-ում բավականին բանիմաց մարդիկ են հավաքված եւ նաեւ, ինչու չէ, ողջ հանրապետությունում շատ-շատ լավ մասնագետներ կան, որոնց հմտությունները կօգտագործվեն այդ ծրագրի իրականացման համար: Իսկ երրորդ եւ ամենակարեւոր նախապայմանը` քաղաքական կամքն է: Ու դրա առկայության մասին ես չէ, որ պետք է ասեմ: Դուք էլ շատ լավ գիտեք, որ Կոնգրեսը կայացած կառույց է, որի քաղաքական կամքը շատ բարձր է»,- թվարկելով` նկատեց Արարատ Մկրտչյանը: Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի ծրագրի վերաբերյալ երեկ փորձեցինք պարզել իշխանության ներկայացուցիչների ու ոչ միայն նրանց տեսակետները, սակայն` ապարդյուն: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Ավագյանն, օրինակ, նախ առաջարկեց այդ թեմային չանդրադառնալ, հետո էլ հայտարարեց, որ ուղղակի չի ուզում ոչ մի մեկնաբանություն տալ, քանզի արձակուրդում է: «Գոնե էս ամառվա մեր արձակուրդներին ուզում եմ հանգստանալ մի փոքր»,- հավելեց նա: ՀՅԴ անդամ, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը եւս հրաժարվեց ծրագրի մասին որեւէ կարծիք հայտնել` հայտարարելով, որ անծանոթ է: Դրանից, սակայն, ըստ նրա, չպետք է եզրակացնել, որ ՀԱԿ-ի ծրագիրն ինքն անկարեւոր ու անհետաքրքիր է համարել: «Ոչ, այդպիսի բաներ չկան, ուղղակի ես ինքս քաղաքականությունից հիմա որ մի կողմ եմ կանգնած, դրա համար չեմ նայել: Բայց կարող է նայեմ»,- նշեց նախկին նախարարը:
Աննա Զախարյան -
Հուլիս 2, 2010 http://www.armtimes.com/11576
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.