Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նախօրեին մեր խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցը ու նաեւ որոշ կանխատեսումներ արել հնարավոր քաղաքական զարգացումների մասին:
- Պարոն Եղիազարյան, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը ինչպե՞ս կգնահատեք, ըստ Ձեզ, ի՞նչ նշանակություն ուներ այն եւ ինչ խնդիրներ լուծեց:
- Նախեւառաջ, ես համարում եմ, որ դա շատ լուրջ այց էր, որովհետեւ ամեն տարի չէ, ամեն տասնամյակ չէ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը բարեհաճում է գալ Երեւան: Այսինքն, այստեղից կարելի է մի եզրակացության հանգել, որ Ղարաբաղի խնդիրն այն աստիճան է լրջացել, որ արդեն պետքարտուղարն է այցելում Հայաստան: Քլինթոնի այցը ցույց տվեց, որ մեր գործերը շատ վատ են: Այսինք, ցավոք, ՀՀ գործերն են շատ վատ:
- Ի՞նչ նկատի ունեք, ինչո՞վ են վատ:
- Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որ ԼՂ հակամարտության սկզբից ի վեր ոչ մի անգամ նման լուրջ հայտարարություններ չի հնչեցրել: Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հայտարարությունը հնչեց դատավճռի պես, որ մենք պետք է անհապաղ այդ տարածքները ազատենք: Իհարկե, մեր իշխանական մամուլը ամեն ինչ արեց, որպեսզի այդ հարցը լղոզի, այլասերի, ասի, որ ոչ մի լուրջ բան չկա, հայտարարություն է, կանցնի, կգնա: Ցավոք, այդպես չէ: Եվրոպան իր հերթին հնչեցրեց, որ մենք ագրեսոր ենք, հիմա էլ վերանայում է մի շարք հարցեր. հնչեցնում են արդեն Մարտի 1-ի ոճրագործության մասին, որ մինչեւ հիմա լռում էին: Այս ամենը պատահական չի կատարվում: Այսինքն, 4 կողմից Հայաստանի վրա ճնշումներ են գործադրում: Ցավոք, մեր իշխանություններն այնքան խոցելի են, որ մի առանձին հնարքի էլ պետք չէ տիրապետել, որպեսզի նրանց վրա ճնշում գործադրվի: Ու հիմա համանախագահները հայտարարում են, որ մենք պետք է ամեն ինչ զիջենք Ադրբեջանին, պետք է ազատագրված տարածքները վերադարձնենք, Ղարաբաղի կարգավիճակն էլ անհայտության մեջ է, այնպես են ասում, որ չի հասկացվում, թե ի վերջո ինչ է լինելու այդ կարգավիճակի հետ: Եւ գալիս է պետքարտուղարը, նորից լռության պայմաններում. վերջիվերջո, ԱՄՆ պետքարտուղարն է այցելել Հայաստան եւ դա պետք է մեկնաբանվեր, պետք է «Հ1»-ով հանդես գար, նորմալ մամուլի ասուլիս տար. ոչ մի նման բան չեղավ: Շատ ամորֆ եւ շատ անհասկանալի, անըմբռնելի ձեւակերպումներով ասուլիս տվեց: Իսկ հուլիսի 16-17-ը ԱԳ նախարարների հանդիպում է լինելու Ալմաթիում: Ընդհանրապես հունիս, հուլիս ամիսներին քաղաքական կյանքը սառչում է, մարդիկ արձակուրդ են գնում, մտածում են արձակուրդը որտեղ անցկացնեն եւ ինչպես հանգստանան: Հիմա բոլորը լծվել են Ղարաբաղի հարցի լուծման գործին:
- Իշխանական ճամբարում, սակայն, պնդում են, որ առաջիկա 2 ամիսները «մեռած սեզոն» են լինելու, այսինքն, ոչ մի իրադարձություն չի սպասվում, ներառյալ` Ղարաբաղի հարցում:
- Ես կարող եմ դրանից ենթադրել, որ մեր իշխանություններին հաջողվել է միգուցե պայմանավորվել, որ իրենք ամեն ինչ ընդունում են, ազատագրված տարածքների հանձնման մասին փաստաթուղթ են ստորագրում, որը պետք է իրագործվի սեպտեմբերին: Միայն այդ դեպքում կարող են նման հայտարարություն անել: Բայց որ շատ թեժ է ամեն ինչ, Արեւմուտքը, Արեւելքը հիմա են տարածքները պահանջում Հայաստանից, դա ակնառու է:
- Պետքարտուղարության վերջին զեկույցները հիշում եք, որքան կոշտ ու խիստ էին, այնտեղ խոսվում էր Մարտի 1-ի, քաղբանտարկյալների եւ այլ խնդիրների մասին: Տարօրինակ չե՞ք համարում, որ Քլինթոնի այցի ընթացքում, համենայնդեպս, պաշտոնապես, որեւէ խոսք այդ խնդիրների մասին չեղավ:
- Այս պարագայում նրանք չեն շտապում ասել, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, որ նախագահը լեգիտիմ չէ եւ այլն: Մարդիկ բան ունեն ստանալու: Այս ձգձգումները, այս լռությունը, այս անհասկանալի շարժերը, այս անհասկանալի այցելությունները, բոլորը դրա մասին են խոսում:
- Քաղաքական որոշակի շրջանակներում այսպիսի մտայնություն կա, որ սեպտեմբերին ԼՂ հարցը պիտի լուծված, վերջացած լինի: Հնարավոր համարո՞ւմ եք դա, թե` ոչ:
Ես նույնիսկ կասկածում եմ, որ այդ հարցը հիմա է արդեն լուծված, ուղղակի այդ ժամանակացույցը չի հրապարակվում: Գուցե մի օր կարթնանանք եւ կընթերցենք «ճանապարհային քարտեզը»: Այստեղ միայն կարող է Ղարաբաղի ժողովրդի ընդվզում լինի, բայց դա ոչինչ նշանակել չի կարող: Մենք աչքի առաջ ունենք Կոսովոյի դեպքերը: Մենք տեսանք, թե ինչ եղավ Հարավսլավիայում, եւ եթե եռանախագահները արդեն իսկ դրա մասին հայտարարել են, վերջիվերջո, հո չի՞ կարող փոքր Ղարաբաղը ամբողջ աշխարհին պատերազմ հայտարարել:
- Իսկ ի՞նչ էր պետք, որ դա չլիներ:
- Ընդամենը մի բան` ունենալ լեգիտիմ նախագահ: Հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում է գտնվում, որ ես կարծում եմ` եթե իշխանությունները ողջամիտ լինեն, անհապաղ բաց կթողնեն քաղբանտարկյալներին եւ կնստեն ՀԱԿ-ի հետ երկխոսության:
- Պարոն Եղիազարյան, կարծում եք, դա կփրկի՞ իրավիճակը:
- Համենայնդեպս, այն արագությամբ, որ մենք շարժվում ենք դեպի անդունդ, դա կկասեցվի: Այսօր մեզ օդի նման անհրաժեշտ է լեգիտիմ նախագահ ունենալը, մարդ, որը ժողովրդի անունից, ամուր դիրքերից կտանի նոր բանակցային գործընթացը: Սա տանուլ տված խաղ է, ես չեմ համարում, որ այստեղ կան հաղթողներ ու պարտվողներ, որովհետեւ խոսքը գնում է մեր փոքրիկ Հայաստանի մասին: Ես արդեն չեմ էլ ուզում քննադատել իշխանություններին, որովհետեւ արդեն բանը բանից անցել է:
Լուսինե Բարսեղյան
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.