Հայաստանի ԶԼՄ-ների էլեկտրոնային հասցեներին երկու շաբաթ առաջ ուղարկվել էր մի նամակ, որի հեղինակները ներկայացել էին որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Իսկ նամակում լրտեսական մի պատմություն է նկարագրվում, որը վերաբերում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին: Նամակագիրները վերջինիս մեղադրում են ԱՄՆ գործակալ լինելու մեջ, միաժամանակ Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը մեղադրելով այն բանում, որ, այդ ամենի մասին իմանալով, նրանք ոչինչ չեն ձեռնարկել: Այս նամակի տարածվելուց երկու օր անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարեց, թե նամակում բերված տվյալներն իրականությանը չեն համապատասխանում: Սակայն ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ ԱԱԾ-ի «հերքումն» իրականում հաստատում է, որ նամակում նկարագրված պատմությունը կամ դրա պես մի բան, այնուամենայնիվ, եղել է: Ստորեւ ներկայացնում ենք Եղիազարյանի հետ մեր հարցազրույցը:
- Պարոն Եղիազարյան, Դուք ինչպե՞ս եք գնահատում` իրակա՞ն, թե՞ հորինված, մոտ երկու շաբաթ առաջ ԶԼՄ-ներով հրապարակված լրտեսական պատմությունը, որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին:
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության` այդ պատմությունը ներկայացնող նամակի առնչությամբ տարածած հայտարարությունն այնպիսին է, որ հենց այդ պատասխանից է ամեն ինչ հասկանալի դառնում: ԱԱԾ-ն իր պատասխանով ուղղակի ասում է այն մասին, որ ԶԼՄ-ներին տարածված նամակում բերված տվյալներն ընդամենը խոսակցությունների արդյունք չեն: Ես չեմ բացառում, որ ԱԱԾ-ն ձեռնպահ է մնում նամակի հեղինակներին բացահայտելուց, քանի որ նրան կամ նրանց գտնեն, ապա հեղինակները կարող են ուղիղ հայտարարել իրենց տարածած նամակում բերված տվյալների մասին: ԱԱԾ-ի վախի պատճառները կարելի է գտնել տարածված նամակի երկրորդ պարբերությունը ուշադիր ընթերցելիս: Այդտեղ ասվում է այն մասին, որ ԱՄՆ-ում ռուսական 11 հոգուց բաղկացած լրտեսական ցանցի բացահայտման հայտնի պատմությանը նախորդած ինչ-որ զարգացումներում Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը «բավական անպատվաբեր դերակատարություն է ունեցել»: Ի՞նչ կարող է սա նշանակել: Բացահայտված լրտեսական ցանցի մեջ եղել են մարդիկ, ովքեր տասնամյակներով են համագործակցել ռուսական հատուկ ծառայությունների հետ: Այսինքն, նույն մարդիկ ժամանակին համագործակցել են նաեւ Խորհրդային Միության հատուկ ծառայությունների հետ: Իսկ ԽՍՀՄ ժամանակահատվածում համագործակցած գործակալների մասին որոշակի տվյալները, չի բացառվում, որ լինեին նաեւ ՀՀ ԱԱԾ-ում: Արդյո՞ք նամակի հեղինակները Հայաստանի բարձրագույն ղեկավարությանն ուղղակի չեն մեղադրում իրենց տրամադրության տակ եղած տվյալների արտահոսք կազմակերպելու մեջ, ինչի արդյունքում էլ ԱՄՆ-ում բացահայտվել է ռուսական լրտեսական ցանցը: Խոսքն այն մասին չէ, որ Հայաստանից ամբողջ տվյալներն են տրամադրել: Գործակալներից միայն մեկի անունը կամ մեկի հետ կոնտակտի մեջ մտած որեւէ այլ անձի տվյալները, ասենք` ում հետ նա տարիներ առաջ աշխատել է, բավարար էր ամերիկացիներին, որպեսզի նրանք որոշակի աշխատանք տանելուց հետո ողջ ցանցը բացահայտեին: Ուշադրություն դարձրեք, որ նամակի հեղինակները Գորիկին (ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին նկատի ունի- Վ.Հ.) կամ ԱԱԾ-ից ինչ-որ մեկին չեն մեղադրում այդ տվյալների արտահոսքի համար, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը: Ես գիտեմ, որ ԱԱԾ աշխատակիցները գոհ չեն Գորիկ Հակոբյանից, եւ նամակի հեղինակները նրան պաշտպանելու շահագրգռվածություն դժվար թե ունենային: Ես ինքս որքան էլ չսիրեմ Գորիկին, բայց միանշանակ կարող եմ ասել, որ նա ամերիկացիների համար չի կարող աշխատել, նա այդ մի բանը չի անի:
- Այսինքն, ըստ Ձեր վերլուծության, ստացվում է, որ նամակում թափանցիկ ակնարկ կա այն մասին, որ ՀՀ իշխանությունները ԱՄՆ-ի առջեւ լեգիտիմություն ձեռք բերելու նպատակով նրանց են «հանձնել» տվյալներ, որոնք ամերիկացիներին օգնել են իրենց երկրում ռուսական գործակալների ցանց բացահայտել:
- Այո, նամակում բերված տվյալները հենց այդ մասին են վկայում: Բացառված չէ, որ հենց այս ամենով է պայմանավորված նաեւ Արեւմուտքի կողմից ՀՀ իշխանությունների հանդեպ վերջին շրջանում դրսեւորած լոյալ վերաբերմունքը: ԱՄՆ նախկին նախագահ Բուշը 2008-ին նույնիսկ չցանկացավ Սերժ Սարգսյանին շնորհավորել: Իսկ այսօր ԱՄՆ-ը թեւերը տարածած պաշտպանում է ՀՀ իշխանություններին` իմանալով, որ նրանք լեգիտիմ չեն: Նամակն ուղղակի պարզաբանում է, թե ինչու է այսպես: Չի բացառվում, որ ԱՄՆ-ը, որպես նվեր, ստացել է մի գործակալական ցանց, որը անչափ կարեւոր է ցանկացած երկրի համար: Այսօր ՀՀ ԱԱԾ-ում կլինեն ԽՍՀՄ տարիներին երկար ժամանակ տարբեր երկրներում աշխատած գործակալների անունները: Բնական է, որ նույն ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը կցանկանան այդ տվյալները ունենալ: Եվ, ինչպես երեւում է, նրանք սկսել են ստանալ իրենց ուզած տվյալները:
- Նամակում բերված պատմությունը` կապված կոնկրետ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի հետ, ըստ Ձեզ, որքանո՞վ է իրատեսական:
- Միգուցե այդ բացահայտումը պայմանավորված է եղել: Այսինքն, ամերիկյան կողմն ինքն է ցանկացել, որպեսզի այդ տվյալը հայտնվի ռուսական կողմի տրամադրության տակ եւ այստեղից ներկայացվի հայկական կողմին, որպեսզի այդպիսով փոխվի հիմնական հարվածի ուղղությունը: Այսինքն, բացառված չէ, որ ամերիկացիները, ռուսական գործակալական ցանցի վերաբերյալ տվյալները ունենալով, Վիգեն Սարգսյանի անունը գցելով, փորձել են ռուսական կողմին շեղել, որպեսզի նրանք չկողմնորոշվեն, թե իրենց գործակալների ցանցի մասին տվյալները ինչպես են ամերիկացիների ձեռքում հայտնվել: «Հանձնված» գործակալի կողմից մյուս գործակալների անունները հայտնելը եւս կարող է պայմանավորված բնույթ ունենալ: Այդպիսով փորձել են ռուսական կողմին էլ ավելի խճճել` գործակալների ցանկում նշելով ընդդիմադիր հայտնի գործիչների անուններ: Բնականաբար, այդ քայլի նպատակն է եղել նաեւ ռուսների աչքում ընդդիմադիր գործիչներին վարկաբեկելը:
Հ.Գ. Չնայած, նամակի տարածումից անցել է մոտ երկու շաբաթ, սակայն ՀՀ ԱԱԾ-ն մինչ օրս չի կատարել իր խոստումը եւ հեղինակներին չի հայտնաբերել: Ամեն դեպքում երեկվա դրությամբ «լրտեսական նամակի» հեղինակներին հայտնաբերելու մասին պաշտոնական որեւէ տեղեկություն չկար:
Վահագն Հովակիմյան
http://www.armtimes.com/14587
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.