вторник, 27 апреля 2010 г.

Տապալումը սպասելի էր


Ֆուտբոլային դիվանագիտությունը Սերժ Սարգսյանի համար վերծավեց գնդակի դիվանագիտության: Սերժը գնդակի նման այս թեւից այն թեւ է շպրտվում եւ չի կարողանում հասկանալ, թե ընդհանրապես, որ կողմը պետք է գնալ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

- ՍԴՀԿ-ն այն կուսակցություններից էր, որը կտրականապես դեմ էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Ինչպե՞ս եք գնահատում արձանագրությունների առկախման մասին որոշումը:

- Ես երջանիկ կլինեի, եթե արձանագրություններն ամբողջությամբ հետ կանչվեին եւ այդ ստորագրությունները չեղյալ հայտարարվեին: Այն, ինչ նախաձեռնվեց մեկ տարի առաջ, ի սկզբանե պարզ էր, որ տապալման է գնալու եւ ոչ մի դրական առավելություններ մեր կողմին չի տալու: Այս փուլում անիրատեսական էր Թուրքիայի հետ բանակցություններ տանել եւ շահեկան դիրքերի մասին երազել: Նախապայմաններն ակնհայտ էին: Դեռ հարց է, թե տնտեսական առումով ինչ կշահենք սահմանների բացումից, բայց որ ժողովրդագրական առումով մեր երկիրը լուրջ խնդիրների առաջ կկանգնի` դրանում կասկած չկա: Իսկ առկախման մասին որոշումը հերթական խաղերից մեկն է, բայց ոչ իր խաղը:
- Դուք ակնարկեցիք, որ դա Սերժ Սարգսյանի որոշումը չէ:
- Ֆուտբոլային դիվանագիտությունը, ինչպես նշեցի, Սերժի համար վերածվեց գնդակի դիվանագիտության: Այն օրվա ուղերձը` միանշանակ գերտերություններից մեկի, կարծում եմ, Ռուսաստանի հուշումն էր, ինչպես որ ֆուտբոլային դիվանագիտության հուշումը: Արձանագրությունները իրականում շարունակում են մնալ ԱԺ-ի մեծ օրակարգում: Ընդամենը քառօրյաների քննարկումից է հանվում, որը կարող է մեկ շաբաթ կամ 10 օր հետո վերականգնվել: Իմ կարծիքով, այս ամենն արվեց ղարաբաղյան հարցին առավել մեծ զարգացում տալու համար: Արձանագրությունների կասեցումով, իբր ցանկանում են Թուրքիային զրկել ղարաբաղյան հարցում միջամտությունից: Ինչպես նաեւ իմիտացիա են անում, թե Ադրբեջանն ու Թուրքիան լուրջ խնդիրներ ունեն իրար հետ: Բայց դա այդպես չէ: Եթե Ադրբեջանը արդեն առաջարկությամբ է հանդես գալիս, որ Թուրքիան մտնի Մինսկի խմբի ձեւաչափի մեջ, դա նշանակում է, որ նրանց մոտ ամեն ինչ արդեն պայմանավորված է: Այս հիմարագույն դիվանագիտության արդյունքում Թուրքիան ձեռք բերեց այն, ինչ իրեն անհրաժեշտ էր` գործոն դարձավ տարածաշրջանում եւ փորձելու է հիմա Մինսկի խմբի ֆորմատով միջամտել Արցախի խնդրի լուծմանը, որը միանշանակ դիրքերի շատ լուրջ փոփոխություն է առաջացնում: Ադրբեջանական կողմի առանց այն էլ ամուր դիրքերն ավելի են ամրանում: Ակնհայտ է, որ այն դիվանագիտությունը, որը վարեց Սերժ Սարգսյանը, ոչ թե դիվանագիտություն, այլ ապուշություն էր:
- Ինչպես կմեկնաբանեք այն հանգամանքը, որ վարչախումբը նոր է միայն գլխի ընկել նախապայմանների մասին:
- Դա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը կամ բացարձակ կույր է դիվանագիտության մեջ, կամ էլ նախապես իմանալով նախապայմանների մասին` եկել էր համաձայնության: Ես երկուսն էլ չեմ բացառում, որովհետեւ շատ մեծ կարծիք չունեմ նրա դիվանագիտական իմաստության մասին: Ինչպես նաեւ վստահ չեմ, որ նա պատրաստ չէ վաճառել Արցախը կամ Հայաստանը` իր լեգիտիմության խնդիրը լուծելու համար:
- Առաջինը Սերժ Սարգսյանը հայտարարեց արձանագրությունների առկախման մասին: Այնինչ, Թուրքիան հակադարձեց ասելով, որ ինքը հավատարիմ է մնում հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացին: Հայաստանի այս քայլը մեզ ավելի խոցելի չի դարձնո՞ւմ:
- Իհարկե, խոցելի է դարձնում: Սերժ Սարգսյանը, եթե սկսել էր վավերացման գործընթացը, նա որպեսզի գնդակը Թուրքիայի դաշտում թողներ, պետք է մինչեւ վերջ վավերացներ: Շատ լավ իմանալով, որ Թուրքիան դա չի վավերացնի: Այդ դեպքում Հայաստանը շատ ավելի շահեկան վիճակում կլիներ: Բայց քանի որ հայաստանյան դիվանագիտությունը ուղղորդվում է դրսից, նա ոչինչ չի որոշում իրականում: Ինչ կասեն` այն էլ կանի: Այլ հարց է` մեզ պե՞տք է նման առաջնորդ, թե՞ ոչ:
- Հայ-թուրքական դիվանագիտական խաղում ինչ հեռանկարներ եք տեսնում:
- Դա նույնպես կորոշեն դրսում` կախված իրավիճակից: Այս հարցում մեծ նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը:
http://www.hayqdaily.am/
ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.