воскресенье, 18 апреля 2010 г.

Կիսալուսնի որոգայթում կամ Վաշինգտոնից մինչեւ Զանգվի ձոր քար լռություն էր


Մեր զրուցակիցը ՀՀ Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն է:
- Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումները ու ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ մեր երկրի համար, եւ, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում անմիջապես արձակուրդ գնալու նրա որոշումը:
- Ես մտածում եմ, որ արդեն գործի է դրվել Սերժ Սարգսյանի հրաժարականի մեխանիզմը, եւ Եւրոպա գնալու որոշումը պայմանավորված է նրանով, որ միգուցե նոր կացարան եւ երաշխիքնե՞ր է փնտրում, որպեսզի կարողանա վայելել ռուսների հրապարակած միլիարդները: Ինչ վերաբերում է վաշինգտոնյան հանդիպումներին, ապա, հաշվի առնելով ներկա ներքին ախպերության, կիսագողական, կիսատղայական գործոնը, թեթեւ հաջողության դեպքում անգամ Զանգվի ձորի ափին ապրող բնակիչները առնվազն 2 օր պիտի չքնեին:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Պարզ բան՝ ախպերությունը պետք է քեֆ աներ: Իսկ այդ քեֆը, ինչպես միշտ, պետք է ուղեկցվեր կրակահերթերով, որը եւ ազդանշան կլիներ հարակից բնակչության համար, որ տղերքը նշում են հերթական "հաղթանակը": Հիշեք, ինչ եղավ պրեսկոտյան "ընտրություններից" հետո, երբ իրենք նորից կեղծեցին, ու հետո Զանգվի ձորը դղրդաց կրակահերթերից: Այդպես է արտահայտվում հայաստանյան բանդերլոգների խրախճանքը: Այս անգամ Զանգվի ձորը լուռ էր, եւ դա նշանակում էր, որ սգի մեջ են:
- Իսկ ինչո՞ւ են սգավոր:
- Ամենայն հավանականությամբ՝ Վաշինգտոնից վերադառնում են ձեռնունայն: Եթե ամերիկյան գագաթաժողովից հետո նախագահները համերաշխ մեկնում են Կաչինսկու հուղարկավորությանը, ապա Հայաստանից այնտեղ մասնակցելու է Հովիկ Աբրահամյանը: Հետեւություն՝ Սերժ Սարգսյանը տրամադրություն չունի նորից հանդիպել իր գործընկերներին:
- Իսկ ի՞նչ պիտի ստանային, որ ուրախություն լիներ Զանգվի ձորում:
- Այն, որ գոնե մինչեւ աշուն հետաձգվեր տարածքների հանձնման գործընթացը:
- Չեմ հասկանում՝ ինչո՞ւ հատկապես մինչեւ աշուն:
- Նկատի ունեմ ազատագրված տարածքների հանձնումը: Նախագահ Ալիեւն այլեւս հոգնել է ու պահանջել, որ այս տարի հարցը պետք է լուծվի: Ֆուտբոլային դիվանագիտություն կոչվածն այլեւս սպառված է:
- Այսինքն, Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում համաձայնե՞լ է հանձնել տարածքներն ու չի վերադարձել Հայաստան, մեկնաբանությունների՞ց խուսափելո՞ւ համար: Բայց նա երբեք էլ չի մեկնաբանել իր այցելություններն ու երբեք մամուլի ասուլիսներ չի հրավիրել այցելություններից հետո:
-  Մենք այդ հանդիպումների մասին, որպես կանոն, տեղեկանում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի մամուլից: Սերժ Սարգսյանը նախապես է իմացել Օբամայի հրավերի իրական պատճառները: Ինչո՞ւ եք կարծում, որ Օբաման ուղիղ տեքստով պետք է Սարգսյանին ասեր նրա անելիքները: Ես այդպես չեմ մտածում: Ես կարծում եմ, որ նրա նպատակներն իրագործողները տիկին Քլինթոնն ու Մինսկի խումբն են: Այս կյանքում ամեն ինչ իր գինն ունի, եւ այժմ եկել է վճարելու պահը:
- Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ անգամ տարածքները հանձնելուց հետո Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, եւ դեպքերի նման զարգացման պարագայում ի՞նչ պիտի անի ընդդիմությունը:
- Կա մի քանի տարբերակ, ասենք՝ Նոբելյան մրցանակի կամ եւրոպական որեւէ երկրում ապահով կյանքի առաջարկ: Թեպետ չի բացառվում, որ կարող է դիմադրել, հուսալով, որ այս անգամ էլ կփրկվի: Բայց այս անգամ կարծես թե այս ալիքը չի կարողանալու հաղթահարել: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, միայն ընտրական գործընթացի արդյունքում ձեւավորված լեգիտիմ իշխանություն ունենալու պարագայում միգուցե հնարավոր լինի կանխել այս արհավիրքը:
- Բայց եթե նախանշված է տարածքների հանձնման գործընթացը, որ պիտի իրականացնի Սերժ Սարգսյանը, ուրեմն նա էլ ձեռնտու է այն ուժերին, որոնք ծրագրել են այս ամենը, եւ Ձեր ասած լեգիտիմ իշխանության ձեւավորման գործընթացին չե՞ն խոչընդոտի: Մի տեսակ փակուղային իրավիճակ է ստացվում:
- Արտաքին աշխարհը, իմ կարծիքով, ստացել է այն, ինչ ուզում էր: Դրա ապացույցը հայ-թուրքական արձանագրություններն են եւ ստորագրված այլ փաստաթղթեր, որոնց մասին դեռ կիմանանք: Այնպես որ, այս անգամ մեր ներքին խնդիրներին ակտիվ միջամտություն, կարծում եմ, չի լինի, եւ ընտրություններն իրականում կմոտենան եւրոպական չափանիշներին:
- Եւ վերջում՝ Ձեր կարծիքով Թուրքիայի համար ո՞րն է առաջնահերթությունը՝ լուծել Ղարաբաղի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու խնդի՞րը, թե՞ բացել հայ-թուրքական սահմանը:
- Ստիպված եմ անդրադառնալ աշխարհաքաղաքական խնդիրներին: Այստեղ բախվում են պարսկական, թուրքական, վրացական ու ադրբեջանական շահերը, նաեւ՝ Եւրոպայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի: Ամերիկացիներն ու եւրոպացիները, հատկապես Մեծ  Բրիտանիան, պաշտպանելու են Ադրբեջանի շահը, որովհետեւ նավթամուղի ու գազամուղի երաշխիքը նրանց համար հանգիստ տարածաշրջանն է, որ պայմանավորված է Ղարաբաղի թնջուկի լուծմամբ: Երկրորդը Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու պայմանն է: Սա մի կրակոցով 2 նապաստակ խփելու քաղաքականություն է: Պարսկաստանին ու Ռուսաստանին ձեռնտու չէ Ղարաբաղի թնջուկի լուծումը, որովհետեւ Պարսկաստանը հասկանում է, որ Ղարաբաղից հետո հաջորդը լինելու է Ատրպատականի հարցը: 18-20 միլիոն մարդ անմիջապես հասկանալու է, որ ազերի է, եւ Ատրպատականով Բաքուն Անկարային միացնելու խնդիր է առաջ գալու: Մենք հայտնվելու ենք կիսալուսնի որոգայթում: Ռուսաստանը դուրս կմղվի տարածաշրջանային բոլոր գործընթացներից, եւ եթե ռուս-թուրքական հարաբերությունները վատանան, Թուրքիան անմիջապես կպատճառաբանի, որ չի կարող բացել սահմանը, եթե այն հսկում են ռուսական սահմանապահ ուժերը: Այնպես որ, իրավիճակը բավականին բարդ է եւ, անկեղծ ասած, այս իշխանությունների խելքի բանը չէ:
http://www.hraparak.am/hodvac.php?h_id=4858

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.