четверг, 25 марта 2010 г.

Սերժ Սարգսյանը մենակ է մնալու՚




Չնայած գաղափարական որոշ ընդհանրություններին, ՍԴՀԿ-ն չի պատրաստվում համագործակցել ՀՅԴ-ի հետ: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը, թեեւ դուրս է եկել կոալիցիայից, սակայն շարունակում է ծառայել այս իշխանություններին: ՙՄենք նրանց հետ ճանապարհ գնալու որեւիցե ցանկություն չունենք: Այդ ուժը ծառայում է իշխանություններին՚,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:

Այս հայտարարությունը տիկին Սարգսյանն արեց լրագրողներից մեկի այն դիտարկմանն ի պատասխան, թե արդյո՞ք Հայաստանում առկա սոցիալական ծանր վիճակը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի սոցիալիստական ուժերը միավորվեն: Նրա կարծիքով, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն մեծ ցանկություն ունեն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերադառնա` նրա համար առայժմ նախապատրաստելով վարչապետի աթոռը: Ռոբերտ Քոչարյանի վերադարձի դեպքում ակնհայտ է, որ երկրում բարեփոխումներ, ինչը շատ անհրաժեշտ է, ակնկալել պարզապես անհնար է: Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին անհամբեր են սպասում Բարգավաճ Հայաստանն ու դաշնակները, պարզ է անգամ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունից: Մյուս կողմից էլ ՀՀԿ-ն նույնպես միասնական չէ այս հարցում: ՙՉեմ բացառում, որ ՀՀԿ-ն ոչ միայն երկու մասի է բաժանված, այլ շատ շերտավորումներ ունի: ՀՀԿ-ն կփլվի այն պահին, երբ զգան` երկրում իրավիճակ է փոխվում: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մենակ է մնալու, քանի որ ՀՀԿ-ն իշխանական շահերի վրա կառուցված կուսակցություն է՚,- նշեց տիկին Սարգսյանը:
Խոսելով Հայաստանի արտաքին մարտահրավերներից` Լյուդմիլա Սարգսյանն առաջին հերթին անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: ՙՄեր կուսակցությունն ի սկզբանե դեմ է եղել որեւիցե դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը ներկա փուլում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական իշխանություններն առ այսօր չեն ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը: Նկատի ունենալով թուրք դիվանագիտության նենգությունը` մեզ համար ակնհայտ էր, որ այդ նախաձեռնողական քաղաքականությունը որեւիցե դրական արդյունք չի գրանցելու Հայաստանի համար: Այսօր արդեն շատ տեսանելի է բոլորի համար, որ այդ նախաձեռնություններն ի չիք են դառնում, եւ հայկական պետությունը որեւիցե բան ձեռք չբերելով, մեծ կորուստներ ունեցավ: Խոսքը վերաբերում է պատմաբանների հանձնաժողովին՚,- կարծիք հայտնեց ՍԴՀԿ ատենապետը:
Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ անգամ ԱՄՆ-ի գործոնը դեր չի խաղում, ամերիկյան իշխանությունները Ցեղասպանության փաստն օգտագործում են ընդամենը անհրաժեշտության դեպքում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրի խորհրդարանը, տիկին Սարգսյանի կարծիքով, չի վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդրում առաջընթաց չի գրանցվում հօգուտ Ադրբեջանի: Իսկ այդ առաջընթացը սարերի ետեւում չէ: Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ հայկական կողմն ընդունելու է մադրիդյան նորացված սկզբունքները, քանի որ Սերժ Սարգսյանն այլեւս միջոց չունի ձգձգելու գործընթացը: Տիկին Սարգսյանը վստահ է նաեւ, որ այդ փաստաթղթից Լեռնային Ղարաբաղը չի շահելու:
ՙՂարաբաղի ժողովուրդը պիտի հասկանար, որ 10 տարի Ռոբերտ Քոչարյանը հարցի լուծումը հետաձգեց, եւ այսօր արագ լուծումների դեպքում միանշանակ Ղարաբաղը հայաթափ է լինելու: Կարծում եմ, որ ժամանակն է, նույնիսկ ուշացված է, որ Ղարաբաղի ժողովուրդն ընդվզի այս երեւույթների դեմ եւ հասկանա, որ սա իրականում խաղ է, եւ ինքը երբեւէ բանակցային կողմ չի դառնալու՚,- ընդգծեց բանախոսը:

ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆ           25 ՄԱՐՏԻ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2010
http://www.hayqdaily.am/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.