Որոշ քաղաքական ուժեր պատրաստվում են արտահերթ ընտրությունների, որոշներն էլ արտառոց ոչինչ չեն տեսնում
«Իշխանությունը ճաքեր էր տվել, եւ դրանք օր օրի խորանալու են: Միանշանակ է, որ այս ամենն ավարտվելու է նրանով, որ կոալիցիան վերջնականապես փլուզվելու է: Իսկ Արթուր Բաղդասարյանն էլ, հավանաբար, զգալով իրավիճակի լրջությունը՝ որոշել է հերթական անգամ «հաջող բիզնես» անել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՕԵԿ-ական նախարարների փոփոխությանը, որոնց ֆոնին բավականին սուր դրսեւորվեցին նաեւ ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները, ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Տիկին Սարգսյանը կասկած չունի, որ հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂՀ հարցի կարգավորման առիթով առկա կոալիցիոն տարաձայնությունները, որոնց ավելանում են օր օրի խորացող ներքաղաքական խնդիրները, անպատժելիությունը ու սոցիալ-տնտեսական վիճակը, շատ շուտով են խաթարելու կոալիցիոն հանգստությունը, հետեւաբար՝ հանրությանը կոչ է անում առավելագույնս համախմբվել ՀԱԿ-ի շուրջ եւ ակտիվորեն պայքարել սեփական իրավունքների համար: Նկատի ունենալով նաեւ ԱՄՆ պետդեպի բավականին քննադատական զեկույցը Հայաստանի մասին եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեկ արած հայտարարությունները, որ ԱՄՆ-ն ամեն ջանք գործադրում է ԼՂՀ հարցի կարգավորման համար, եւ որ հակամարտության կարգավորմամբ Հայաստանում ու Ադրբեջանում կլուծվեն մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, մեր զրուցակիցը ենթադրում է. «Մինչեւ ապրիլի վերջն, ըստ իս, արտաքին քաղաքական մասով ինչ-որ հանգուցալուծում է սպասվում: Սերժ Սարգսյանը կամա թե ակամա մտել է այնպիսի մի փակուղի, որից որեւէ կերպ չի կարողանալու դուրս գալ: Նրան պարտադրվելու է ստորագրել մադրիդյան նորացված սկզբունքները, որոնցում ուղիղ խոսվում է ազատագրված 5 տարածքների վերադարձի մասին:
Նա կամ պիտի ստորագրի, որը մեծ ներքին ընդվզում կառաջացնի, կամ պիտի հրաժարվի, ինչի արդյունքում նրա մնալն իշխանության որեւէ գերտերության համար այլեւս նպատակահարմար չի լինի, մանավանդ, որ եռանախագահները շատ ակտիվ եւ հետեւողական գնում են հարցի կարգավոր մանը»: Այս պարագայում նա անխուսափելի է համարում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Ավելին, նա այն կարծիքին է, որ ընդդիմությունից ակտիվ դրանց արդեն պատրաստվում են հենց կոալիցիոն ուժերը: Մինչդեռ նրանց խորհուրդ է տալիս շատ չոգեւորվել, քանի որ հասարակությունն արդեն իրական փոփոխություններ է պահանջում, որոնք ՍԴՀԿ ատենապետի համոզմամբ՝ միայն ՀԱԿ-ը կարող է տալ. «Դա արդեն հասկանում են եւ ԱՄՆ-ը, եւ Եվրոպան, եւ ՌԴ-ն. հետեւաբար, մենք վստահ գնում ենք դեպի հաղթանակ»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ համամիտ է, որ այժմ առավել ակնհայտ է, որ Հայաստանը բոլոր առումներով գտնվում է փակուղում: Կանխատեսումներ չի անում, բայց մնում է իր համոզման, որ Հայաստանում բոլոր նախադրյալները կան լուրջ քաղաքական փոփոխությունների համար. «Այն հակասությունները, որոնք կամաց-կամաց սկսում են կոալիցիայի ներսում, ինքնին հասկանալի է: Բայց իմ տպավորությամբ՝ ոչ թե այդ հակասությունները, այլ ընդհանուր իրավիճակը լուրջ քաղաքական փոփոխություններ է թելադրելու: Հայաստանի համար ճիշտ է, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ»: Նա միաժամանակ ցավով ընդգծում է, որ իշխանությունները մինչ օրս մշտապես խուսափել են Հայաստանի համար «ճիշտ» քայլեր իրականացնելուց. «Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի ճիշտ լինի»: Տիկին Քլինթոնի հայտարարություններն էլ ՆԺԿ ղեկավարն ընդունում է իբրեւ զգուշացում. «Եթե մինչեւ հիմա աչք էր փակվում իշխանությունների արարքների վրա, որպեսզի առկա խնդիրները լուծվեին, հիմա՝ երբ խնդիրները լուծվում են, զգուշացնում են, որ էլ աչք չեն փակելու»: «Առավոտի» հարցին՝ այսինքն, ԼՂՀ կարգավորումը մո՞տ է, Արամ Կարապետյանը պատասխանեց. «ԼՂՀ հարցի լուծումը մոտ է, եւ դրա լուծումից հետո լուծողները ոչ ոքի պետք չեն լինելու»: Ի դեպ, նախորդ օրը Վահան Հովհաննիսյանն այս փուլում դրական էր գնահատել Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը եւ ակնարկներ արել նրա՝ մեծ քաղաքականություն հավանական վերադարձի մասին: Նախկին դաշնակցական Արամ Կարապետյանն՝ իր բնութագրմամբ՝ իբրեւ հին դաշնակցական այսպես արտահայտվեց այդ մասին. «Իրենց՝ Քոչարյանի հետ կապելը միայն կվնասի ՀՅԴ-ին»: Մեր զրուցակիցն իրեն իրավունք վերապահեց քննարկել եւ քննադատել Դաշնակցությանն այն պատճառով, որ ՀՅԴ-ն համարվում է ազգային արժեք:
Ի հեճուկս ընդդիմադիրների ոգեւորության՝ Հայաստանի միավորված-նորացված կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար Յուրա Մանուկյանն արտառոց ոչինչ չի տեսնում, իսկ փոփոխությունները համարում է «պետական կառավարման սովորական, նորմալ մոտեցում, բայց եթե կոալիցիայի ներսում իսկապես անհամաձայնություն կա՝ դա շատ վատ կանդրադառնա թե երկրի, թե ժողովրդի վրա. նրանք պետք է գտնեն փոխզիջումների ձեւերը»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/politics/76338/view
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.