Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացվող բարեփոխումների առաջարկություններն ուղղված են հաղթահարելու ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում, որն առաջացել է 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման եւ դրան հաջորդած Մարտի 1-ի սպանդի արդյունքում:
Մեր կողմից առաջարկվող բարեփոխումները նաեւ բխում են ու համահունչ են նախագահական ընտրություններից եւ Մարտի 1-ի սպանդից հետո ընդունված ԵԽԽՎ բանաձեւերի հանձնարարականներին եւ պահանջներին: Դրանք հաշվի են առել նաեւ ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի զեկույցը Մարտի 1-ի դեպքերի քննության վերաբերյալ: Մենք համամիտ ենք ԵԽԽՎ բանաձեւերի հանձնարարականների մեծ մասի եւ համազեկուցողների զեկույցի վերլուծության հետ: Մենք ողջունում ենք ՀՀ իշխանություններին ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարման ժամանակացույցի ներկայացման վերաբերյալ համազեկուցողների խնդրանքը:
Միակ բացառությունը վերաբերում է համազեկուցողների այն հանձնարարականին, որ նույն ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը շարունակի քննությունը, որի օբյեկտիվությունը իրենց իսկ կողմից դրվել է հարցականի տակ: Համազեկուցողների զեկույցում անհամադրելի է Հանձնաժողովի կողմնակալ բնույթի ճանաչումն ու Համազեկուցողների հանձնարարականը, որ նա շարունակի նույն աշխատանքը: Այդ աշխատանքներում ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի ներգրավման վերաբերյալ առաջարկությունը չի կարող համարվել խնդրի կարգավորում, որովհետեւ վերջինս մշտապես գտնվում է տարբեր կարգի քաղաքական ճնշումների ներքո, ինչը ապացուցվեց նրա ներկայացուցչի գործունեությամբ ցրված Փաստահավաք խմբում:
Ներկայացվող առաջարկություններն արտացոլում են ոչ միայն մեր մոտեցումները երկու տարվա ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ քայլերի մասին, այլեւ այն հանձնարարականները, որոնք կային ԵԽԽՎ նշված բանաձեւերում: Ցուցակը նաեւ պարունակում է բարեփոխումների իրականացման համար իրատեսական ժամանակացույց: Եթե իշխանությունները համարում են մեր ժամանակացույցը ոչ իրատեսական, նրանք կարող են առաջարկել այլընտրանքային ժամանակացույց, սակայն այդ դեպքում նրանք պետք է բացատրեն թե նշված քայլերից որոնք չեն կարող իրագործվել մեր կողմից առաջարկվող ժամկետներում:
1. Քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում
Հայաստանում հասարակության եւ իշխանությունների միջեւ երկխոսության, քաղաքական իրավիճակի կարգավորման հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ տասնչորս քաղբանտարկյալների առկայությունը: Անկախ դիտորդների համար այլեւս քննարկման առարկա չէ, որ Հայաստանում ազատազրկված են ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրենց իրավունքներն իրացնող մարդիկ: Այլեւս քննարկման առարկա չէ նաեւ, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը քաղաքական կյանքի կարգավորման միջոց կդառնա: Ներկայացնում ենք ԵԽԽՎ համապատասխան բանաձեւերի` խնդրո առարկային վերաբերող դրույթները.
ԵԽԽՎ 1609 բանաձեւի 12.2. կետ (Այն անձինք, որոնք կալանավորվել են առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով, կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն, կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն), 1677 բանաձեւի 4 կետ (Վեհաժողովը գտնում է, որ Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված բոլոր այն անձանց ազատ արձակումը, ովքեր անձամբ բռնության ծանր արարքներ չեն կատարել, ինքնին անհրաժեշտ հիմքեր կապահովեր այն երկխոսությունը եւ վերամիավորումը սկսելու համար, որ անհրաժեշտ էր նախագահական ընտրությանը հաջորդած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Բացի այդ, նրանց ազատ արձակումը համահունչ կլիներ այդ կապակցությամբ Վեհաժողովի արտահայտած մտահոգություններին եւ ներկայացված պահանջներին):
2. Մարտի 1-ի դեպքերի քննության անկախ հանձնաժողովի ստեղծում
Հայաստանում քաղաքական մթնոլորտի բարելավման համար երկրորդ կարեւոր պահանջը շարունակում է մնալ Մարտի 1-ի դեպքերի վստահելի եւ անկողմնակալ քննության անցկացումը:
ՀՀ ԱԺ ժամանակավոր Հանձնաժողովը, ինչպես եւ սպասվում էր, ձախողեց վստահելի զեկույց պատրաստելու իր մանդատը, որովհետեւ դրա կազմում ընդգրկված էին ռեժիմի կողմնակիցների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նպատակը այդ օրվա հանցագործությունները քննելը չէր, այլ դրանց պարտակումը, ինչը եւ նա արեց պարտաճանաչ, սակայն ոչ արhեստավարժ կերպով: Պարզ է, որ վստահելի հանձնաժողովը պետք է ունենա բալանսավորված կազմ, ինչը կկանխի դրա անդամների քաղաքական կողմնակալությամբ պայմանավորված կանխորոշված եզրակացությունները: Սակայն դա էլ բավական չէ, որովհետեւ նման կառուցվածքում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները կարող են միասին աշխատելու եւ քաղաքական մոտիվներից զերծ մնալու դժվարություններ ունենալ, ինչը ռեժիմի ներկայացուցիչներն արեցին Փաստահավաք խմբում: Քաջատեղյակ լինելով նման վտանգին` Հայ ազգային կոնգրեսը մշտապես պնդել է, որ վստահելի հանձնաժողովը պետք է ներառի անկախ միջազգային փորձագետներ, որոնք կարող են գործել որպես միջնորդ (արբիտր) տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող փորձագետների բանավեճերի ժամանակ: Մենք չենք տեսնում միջազգային փորձագետների հետ միասին Հայ ազգային կոնգրեսի, իշխանությունների եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ նման մի հանձնաժողով չստեղծելու որեւէ պատճառ:
Մարտի 1-ի դեպքերի քննության համար անկողմնակալ հանձնաժողովի կարեւորությունը ընդգծվել է ԵԽԽՎ 1677 բանաձեւի հետեւյալ դրույթներով.
ԵԽԽՎ 1677 բանաձեւի 8.2 եւ 9 կետեր (8.2 կետ. Վեհաժողովը համարում է, որ նախկինի պես դեռ անհրաժեշտ է Մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանց հանգամանքների անկախ, անկողմնակալ եւ վստահելի քննություն` Վեհաժողովի ներկայացրած չափորոշիչների համապատասխան, չնայած Փաստահավաք խմբի գործունեության դադարեցմանը: Ուստի Վեհաժողովը գտնում է, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցից պարզ կդառնա, թե արդյո՞ք անկողմնակալության եւ վստահելիության չափորոշիչները բավարարված են, եւ թե արդյո՞ք անհրաժեշտ է լրացուցիչ քննություն): (9 կետ. Վեհաժողովը լրջորեն մտահոգված է այն փաստով, որ տեղի ունեցած մահվան տասը դեպքերի քննությունը ՀՀ Գլխավոր դատախազի կողմից որեւէ կոնկրետ արդյունքներ չի տվել եւ էական է համարում այդ քննության այլեւս անհապաղ եւ գոհացուցիչ կերպով ավարտին հասցնելը)...
Ժամկետ. Կարծում ենք, որ որոշում կայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հնարավոր է ստեղծել նոր հանձնաժողով: Եթե իշխանությունները ցանկանում են նոր քննությունը, նրանք կարող են անմիջապես ստեղծել հանձնաժողով եւ այն կարող է սկսել իր աշխատանքները մինչեւ ապրիլի վերջը:
3. Վերացնել «Ա1+» հեռուստաալիքի հեռարձակման հաճախականության վերադարձին առնչվող բոլոր արհեստական խոչընդոտները:
Ծանր է մնում էլեկտրոնային լրատվամիջոցների վիճակը, որը տեւական ժամանակ Հայաստանում եւ դրսում նշանակալի մտահոգության պատճառ է: ՀՀ իշխանությունները չեն ձեռնարկել որեւէ քայլ ի պատասխան ԵԽԽՎ մի քանի բանաձեւերի քննադատության եւ պահանջների կատարման.
ԵԽԽՎ 1609 բանաձեւի 6.5 կետ (Թեեւ գոյություն ունի բազմակարծ եւ անկախ տպագիր մամուլ, իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցներին եւ նրանց գործունեությունը կարգավորող մարմինների նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացիկ մակարդակը, ինչպես նաեւ ` իսկապես անկախ եւ բազմակարծություն ապահովող հեռարձակողի բացակայությունը, խոչընդոտում են լրատվամիջոցների դաշտում բազմակարծության ձեւավորմանը եւ խորացնում քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության պակասի խնդիրը) եւ 8.3. կետ (Պետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի. ինչպես նաեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը քաղաքական շահերից: Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կարգը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը: Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկությունները պետք է, ի վերջո, հաշվի առնվեն: Վեհաժողովը կրկնում է, որ օրենսդրությունը բարեփոխելուց զատ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն ` ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունն առօրյա գործունեության մեջ: Բացի այդ, պետք է դադարեցնել հարկային մարմինների ճնշումներն ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների նկատմամբ): 1677 բանաձեւի 12 կետ (Ինչ վերաբերում է հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացմանը, ապա Վեհաժողովը հարկ է համարում հիշատակել հաճախականությունների տիրույթների անկախ վերլուծաբանի պատրաստած զեկույցի հիման վրա Հայաստանի իշխանությունների եւ Եվրոպայի խորհրդի միջեւ ընթացող քննարկումները: Վեհաժողովը վերահաստատում է իր այն դիմումը, որ Հայաստանում թվային հեռարձակման ներդրման հետ կապված տեխնիկական գործոնները չպետք է օգտագործվեն նման մրցույթի անցկացումն անհարկիորեն ձգձգելու եւ, այդ կերպ, «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի ի կատար ածումը հետաձգելու նպատակով):
Հեռուստատեսությամբ նվազագույն բազմակարծության երաշխավորման համար Հայաստանի իշխանությունները պետք է կատարեն հետեւյալ պարտավորությունները.
ա. Ամբողջությամբ կատարել «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը:
բ. Անցկացնել հեռուստա եւ ռադիո հաճախականությունների տիրույթի միջազգային աուդիտ:
գ. Աուդիտի արդյունքներով ազատ կամ արտոնագրի ժամկետը լրացած հաճախականություններում անցկացնել նոր, լրացուցիչ մրցույթներ:
Ժամկետ. Մրցույթը հնարավոր է անցկացնել մայիսին:
4. Ընտրական օրենսգրքի փոփոխություններ:
Հայաստանի ընտրական համակարգն ունի մի շարք թերություններ: Ոչ բոլոր խախտումներն են, որոնք գրանցվում են ընտրությունների ժամանակ, արդյունք առկա օրենսդրության անկատարության. անգամ այս օրենքների պայմաններում հնարավոր է անցկացնել վստահելի ընտրություններ: Սակայն ընտրությունների որակը կարելի է բարելավել օրենսդրական բարեփոխումների արդյունքում: Ընտրական օրենսգրքի թերությունը եւ այն հրատապ բարեփոխելու անհրաժեշտությունը նշվել է ԵԽԽՎ մի քանի բանաձեւերում: Ներկայացվում են խնդրին վերաբերող որոշ դրույթներ.
ԵԽԽՎ 1609 բանաձեւի 6.2 կետ (Ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության պակասն ընդհանուր առմամբ նսեմացնում է նաեւ ընտրությունների արդյունքների նկատմամբ հայաստանյան հանրության մի մասի վստահությունը: Խնդիրն ավելի է բարդանում` անկողմնակալ ընտրական վարչարարության բացակայության, ընտրական բողոքների եւ գանգատների արդյունավետ քննության եւ քվեաթերթիկների հաշվարկին եւ արդյունքներին աղյուսակավորման ընթացակարգերի ոչ բավարար թափանցիկության պատճառով) եւ 8.2 կետ (Ընտրական գործընթացն անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել` նպատակ հետապնդելով ապահովել, մասնավորապես. ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար պատասխանատու մարմինների անկախությունը եւ ազատությունը որեւէ քաղաքական ուժի հսկողությունից, ընտրական գործընթացի վարչարարական լիակատար թափանցիկությունը, հատկապես քվեաթերթիկների հաշվարկի եւ արդյունքների աղյուսակավորման գործընթացների առումով, բողոքարկման եւ գանգատարկման այնպիսի համակարգ, որում ընտրական գործընթացի մասնակիցները հնարավորինս լիարժեքորեն կկարողանան իրավական պաշտպանություն ստանալ ենթադրյալ ընտրախախտումների դեպքում, ինչպես նաեւ գործնականում հավասար հնարավորություններ երաշխավորել քաղաքական բոլոր ուժերին թե՛ պաշտոնական քարոզարշավի ընթացքում, թե՛ դրան նախորդող ժամանակահատվածում):1677 բանաձեւի 13 կետ (Ինչ վերաբերում է Երեւան քաղաքի ավագանու` 2009թ. Մայիսի 31-ին անցկացված ընտրությանը, Վեհաժողովը հարկ է համարում հիշատակել Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների դիտորդական առաքելության եզրակացությունները: Այնուհանդերձ, բազմաթիվ բողոքներն այն մասին, որ նշված ընտրության ընթացքում լայն տարածում են ունեցել ընտրակեղծիքը եւ ընտրախախտումները, վկայում են այն մասին, որ ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության մակարդակը Հայաստանում դեռ շատ ցածր է: Դա, ինչպես նաեւ արձանագրված թերությունները եւ խախտումները, ընդգծում են այն փաստը, որ ընտրական բարեփոխումներն այժմ պետք է գերակա լինեն իշխանությունների համար: Ուստի, անհրաժեշտ են ընտրական հետագա բարեփոխումներ, մասնավորապես` նպատակ հետապնդելով կատարելագործել քվեարկության անկանոնությունների, այդ թվում` բազմակի քվեարկության պրակտիկայի բացահայտման հետընտրական հսկողության մեխանիզմը):
Ժամկետ. Օրենսդրական առաջարկությունները անմիջապես կարող են ներկայացվել ՀՀ ԱԺ օրակարգ եւ ընդունվել մայիսին։
5. Ժողովների ազատություն
Ինչպես ընտրությունների դեպքում, այս սահմանադրական հիմնական իրավունքի խախտումների պատճառը միայն անկատար օրենսդրությունը չէ: Իշխանությունները մշտապես այնպիսի խախտումներ են անում, ինչպիսիք` խաղաղ ցուցարարների ճնշումներ, տրանսպորտային ընկերությունների աշխատանքի դադարեցում եւ հիմնական ճանապարհներին ոստիկանական ուժեղացված հերթապահության սահմանում՝ Երեւանում հանրահավաքների օրերին, որոնք չեն կարող համարվել օրինական ներկա օրենսդրության պայմաններում: Սակայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, որը փոփոխվել է Մարտի 1-ից հետո, ադեկվատ չէ: Փոփոխությունները պետք է վերացվեն եւ վերադարձվի այն բովանդակությունը, որը կար մինչեւ 2008 մարտ: Օրենքի թերությունները եւ բարեփոխման անհրաժեշտությունը առաջարկվել է ԵԽԽՎ կողմից.
ԵԽԽՎ 1609 բանաձեւի 8.4. կետ (Հավաքների ազատությունը պետք է երաշխավորել թե՛ օրենքով, թե՛ գործնականում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին համահունչ: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում Ազգային Ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխություններն անմիջապես ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկի): 1677 բանաձեւի 10 կետ (Չնայած «ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված փոփոխություններին, Վեհաժողովը նկատում է, որ ժողովներ անցկացնելու հայտերը նախկինի նման հաճախ տեխնիկական հիմքերով մերժվում են պետական մարմինների կողմից, կամ դրանց նկատմամբ կիրառվում են անհարկի սահմանափակումներ: Ուստի, Վեհաժողովը կրկնում է իշխանություններին ուղղված իր կոչը` պրակտիկայում հարգելու հավաքների ազատության սկզբունքը եւ ի կատար ածելու վերոհիշյալ օրենքի իրագործումը` մոնիտորինգի ենթարկելու նպատակով Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից համատեղորեն իրականացվող ծրագրի արդյունքում ներկայացվող հանձնարարականները):
Ժամկետ. ՀՀ ԱԺ-ն կարող է վերականգնել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը` հետ կանչելով Մարտի 1-ից հետո արված փոփոխությունները: Դա հնարավոր է անել մինչեւ մարտի վերջ:
6. Անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:
Քաղաքական ուժերի ներկայիս համակշիռը չի արտացոլում փաստացի տրված ձայները: Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները անցկացվել են բազմաթիվ խախտումներով եւ կեղծիքներով: Այդ խախտումները գրանցվել են անկախ դիտորդների կողմից (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2008 մայիսի 30-ի զեկույց): Նախագահական ընտրություններում բանակի ապօրինի ներգրավման մասին վերջերս ի հայտ եկած փաստերը հարց են առաջացնում, թե արդյո՞ք իշխանությունները ռազմական հեղաշրջում չեն իրականացրել:
ԵԽԽՎ-ն նույնպես անդրադարձել է ընտրությունների խնդրին.
ԵԽԽՎ 1609 բանաձեւի 6.1 կետ (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առ այսօր չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է` ծառայել որպես հարթակ՝ տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական բանավեճի եւ փոխզիջումների ձեւավորման համար: Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով «ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին» մոտեցման վրա, ըստ էության, բացառում է ընդդիմության որեւէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին եւ երկրի կառավարմանը: Դրա արդյունքում Հայաստանի քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային ժողովում): 8.1 կետ (Քաղաքական համակարգը պետք է պատշաճ տեղ եւ պատշաճ իրավունքներ ապահովի ընդդիմությանը):
Ժամկետ. Արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Սկզբունքային առաջարկություններ ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ
ՀՀ-ում ազատ ընտրություններով` անմիջականորեն, կամքի ազատ արտահայտմամբ, իշխանություն հնարավոր է ձեւավորել նաեւ գործող օրենքներով, եթե իշխանությունները ցուցաբերեն բավարար քաղաքական կամք ու հենց իրենք չխախտեն օրենքները: Այդուամենայնիվ, ընտրական օրենսգրքում առաջարկում ենք հետեւյալ փոփոխությունները որոնք կարող են լրացուցիչ աննպաստ պայմաններ ստեղծել ընտրակեղծիքների եւ ընտրախախտումների համար:
1. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:
2. ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը, եւ բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:
3. Առնվազն հնգապատկել Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին: Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար:
4. Թույլատրել վստահված անձանց եւ դիտորդներին` ծանոթանալ ստորագրված ցուցակներին եւ ստանալ նրանց պատճենները:
5. Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին, եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները:
6. Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնվում է թանաքի կայուն հետք:
7. Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.