суббота, 20 марта 2010 г.

ԽԱՇՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ


Ըստ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի՝ ապրիլը կրկին ճակատագրական կլինի Հայաստանի համար 

«Կատարվում է այն, ինչի մասին արդեն երկու տարի է՝ մենք խոսում ենք եւ հանրությանը նախազգուշացնում. պրեսկոտյան ընտրությունները Հայաստանում պատահական երեւույթ չէին, այս ամենը գին ուներ, եւ եկել է գինը վճարելու ժամանակը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում նկատելի ակտիվությանը եւ շտապողականությանը՝ ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Մեր զրուցակցի կարծիքով՝ իրադարձություններն արդեն անդառնալի ընթացք են ստանում, եւ եթե անգամ ինչ-որ ֆորս-մաժորային իրավիճակներ առաջանան եւ հետաձգեն զարգացումները, միեւնույն է՝ պայմանավորվածությունները պետք է կատարվեն՝ թեկուզ հետաձգվելով: Եվ իբրեւ ընդհանուր եզրակացություն՝ Գուրգեն Եղիազարյանը տեսնում է, որ Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում.
«Այն, ինչը հիմա տեսնում ենք, ինչի մասին խոսում է Դավութօղլուն, ամբողջ Թուրքիան, Ադրբեջանի ղեկավարությունը՝ արդեն բոլորիս պարզ է դառնում, թե ինչ սարսափների առաջ է կանգնելու Հայաստանը: Մի կողմից՝ Ցեղասպանությունն ուրացանք... Ուշագրավ է, թե ինչ են խոսում, ինչպիսի մոտեցումներ ունեն ԱՄՆ-ում, Շվեդիայում. ասում են՝ իրավունք չունենք խաղաղության գործընթացներին խանգարելու, պատմաբանները թող զբաղվեն Հայոց ցեղասպանությամբ, այդ ամենը քաղաքականության մեջ չմտցնենք, դա կբերի նոր ողբերգությունների, իսկ էդ մարդիկ միմյանց հետ հազիվ բարիշել էին, երկխոսություն էին սկսել: Շատ էլ ուղիղ ասում են. եւ ի հեճուկս Հայաստանի իշխանությունների բարձրացրած վայնասունի, թե՝ նախապայմաններ չկան, պարզվում է՝ լավ էլ կային, եւ այսօր դրա մասին արդեն բոլորը խոսում են ու՝ առանց քաշվելու»: Այս ամենից հետո Գուրգեն Եղիազարյանին մնում է հարց տալ. «Տղաներ, բա ասում էիք նախապայմաններ չկան, բա էս ի՞նչ են խոսում: Տեսա՞ք, որ թուրքերն ամեն ինչ շատ գեղեցիկ նախապատրաստեցին ու դրեցին ձեր առաջ: Ավելին, անգամ տանուլ տվեցինք այն, ինչը ենթակա չէր տանուլ տալու: Ցեղասպանությունը դրեցինք արտաքին քաղաքականության առանցքում ու անմիջապես քիթ ու մռութներիս ստացանք»:
Մարտիմեկյան ոճրագործությունից հետո, ինչի հիմնական մեղավորը Գուրգեն Եղիազարյանը համարում է Ռոբերտ Քոչարյանին, մեր զրուցակիցը հնարավոր եւ լուրջ չի համարում ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն: Միաժամանակ տարակուսում է. «Չնայած Հայաստանն այնպիսի երկիր է դարձել, որ եթե պրեսկոտներին խոստումներ տան, ու նրանց դա պետք լինի, Քոչարյանը չէ՝ Գեւորիկն էլ (խոսքը նախկինում հայտնի ՀՀՇ-ի, ներկայումս՝ ՀՀԿ-ի Գեւորիկի մասին է - Ն. Գ.) կարող է նախագահ դառնալ: Համենայնդեպս, էլ խոստանալու բան չի մնացել, բացառությամբ երկիրը հայաթափելուց»: Հարցին՝ ձեր կանխատեսումներով՝ Սերժ Սարգսյանին ինչքա՞ն է պաշտոնավարման ժամանակ մնացել, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Շատ քիչ: Ապրիլի   20-ի կողմերը հանգուցալուծումների ականատեսը կլինենք»:
Օբամայի հրավերքի առիթով պարոն Եղիազարյանը տիպիկ հայկական եւ պատկերավոր դիտարկում արեց. «Գագաթաժողովի են հրավիրել, մեջն էլ նշել են, որ այս-այս հարցերի շուրջ ենք խոսելու. ոնց որ մարդուն հրավիրեն խաշի ու ասեն՝ դու խաշ չես ուտելու, բնակարանիդ մասին ենք քեզ հետ խոսելու»: Անկախ ամեն ինչից՝ Գուրգեն Եղիազարյանին վրդովեցրել է Օբամայի ոչ կոռեկտ պահվածքը եւ առաջ ընկնելով «Օբամայի վրա մատ թափ տվող ՀՀԿ-ականներից»՝ ասում է. «Նախագահը նախագահի հետ անձամբ է հեռախոսազրույց ունենում, չի հանձնարարում իր արտգործնախարարին՝ մի հատ կապվի, կանչի. մի քիչ գեղեցիկ չի: Դիվանագիտական էթիկան չի ամրագրում մեծ ու փոքր երկիր. կա երկիր, կա նախագահ: Էսպես, թե էնպես՝ Հայաստանի Հանրապետությունն է, երկիր է, եւ ոչ ոք ընկեր Օբամային նման արհամարհական վերաբերմունք դրսեւորելու բարոյական իրավունք չի տվել»: Նկատեցինք, որ զուգահեռաբար գնում է նաեւ Ցեղասպանության ճանաչման գործընթաց: Գուրգեն Եղիազարյանի բացատրությունն այս իրադարձություններին այսպիսին է. «Մինչեւ այս մայմունությունների սկսվելն իրենց օրակարգում եղել է Ցեղասպանության ճանաչումը. դե, լուրջ երկրներ են, բայց նոր զարգացումներ, նոր օրակարգեր այս կապիկություններից հետո չեն լինի»:
Այն, որ վերջին օրերին ներկոալիցիոն հաճոյախոսությունները հայհոյանքների փոխակերպվեցին, ՍԴՀԿ անդամը նորմալ է համարում, այն առումով, որ՝ «սխալներն այնքան կոպիտ եւ ակնառու են, որ նորմալ մարդը չի կարող հանդուրժել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
http://www.aravot.am/am/articles/politics/76396/view

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.