пятница, 2 декабря 2011 г.

Տեր-Պետրոսյանի ելույթը մարտավարակա՞ն էր

208045_1896861628490_1450091694_1989601_5738775_nՔաղաքական շրջանակների քննարկման առարկան շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած միտքը ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին, որը կարծես վերջին ակորդն էր  ՀՀԿ-ԲՀԿ լարվածության: Եվ մինչ Կոնգրեսում քննարկում են՝ հնարավո՞ր է արդյոք համագործակցել ԲՀԿ-ի պես ուժի հետ, ոստիկանությունը սկսեց ավելի ինտենսիվ կերպով թմրամոլներ հայտնաբերել ԲՀԿ-ականների շարքերում ու ձերբակալել:

Նախօրեին տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է ԲՀԿ-ի հետ համագործակցության Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզը վերջին հանրահավաքում: Քննարկվել է նաեւ, թե արդյոք հնարավո՞ր է քաղաքական ուժերի կոնսոլիդացիա՝ թեկուզ ընտրական պրոցեսը վերահսկելու համար: Քաղխորհրդի նիստին ինքը` ՀԱԿ առաջնորդը, չի մասնակցել:

Մասնակցել են գրեթե բոլոր ՀԱԿ անդամ կուսակցությունները: Մասնակցել է նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը, ինչպես հայտնի է, կողմ չի արտահայտվել ԲՀԿ-ի հետ համագործակցության հեռանկարին: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ մեզ հետ զրույցում հավաստեց, որ քաղխորհրդի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների 90 տոկոսից դրական կարծիք է լսել ԲՀԿ-ի հետ համագործակցության առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության մասով:

«Կարող եք այդ ելույթը մարտավարություն համարել, դա իրականությունն է, որը Տեր-Պետրոսյանը ներկայացրեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդամենը լայն հասարակությանը ներկայացրեց այն իրավիճակը, որ տիրում է Հայաստանում, եւ այն հեռանկարը, որ սպասում է ԲՀԿ-ին: Եվ միանշանակ ԲՀԿ-ն ստիպված է լինելու ընտրություն կատարել: Կարող եմ ասել, որ քաղխորհրդի նիստին մասնակցած կուսակցությունների ներկայացուցիչների 90 տոկոսը կողմ էր այդ վերլուծությանը»,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Մեր դիտարկմանը, թե, փաստորեն, մնում է ԲՀԿ-ն կողմ լինի, Լյուդմիլա Սարգսյանն այսպես արձագանքեց. «Նախ մենք նման առաջարկություն չենք արել, որ կողմ կամ դեմ լինի, բայց եթե կգտնի, որ պետք է մեզ հետ որոշակի ճանապարհ անցնել ընտրական պրոցեսում, դա արդեն քննարկման թեմա է»: Նրա խոսքերով` «ցանկալի է, որ քաղաքական դաշտի ողջ-առողջ հատվածը, բոլոր նրանք, ովքեր դուրս են գալու այս բռնապետության դեմ, հնարավորություն ունենան միավորելու իրենց ուժերը եւ վերահսկելու ընտրությունների ընթացքը»:

Ակնհայտ էր նաեւ, որ ՀԱԿ վերջին հանրահավաքում հնչեցին միմյանցից տարբերվող ելույթներ. Տեր-Պետրոսյանի ելույթը, հատկապես ԲՀԿ-ի մասով, մարտավարական քայլ էր` ուղղված իշխանական հատվածին, ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը թեժացնելուն. նոր հարված Սերժ Սարգսյանի ծրագրին, որը մինչ այդ համոզված էր, թե ԲՀԿ-ն առանձնապես գնալու տեղ չունի, ուստի վաղ թե ուշ համաձայնելու է Հանրապետականի թելադրած խաղի կանոններին: Հանրահավաքում հնչած մյուս ելույթներն ուղղված էին ընդդիմադիր հատվածի սպասելիքներին եւ բոլորովին չէին տեղավորվում ԲՀԿ-ի հետ համագործակցության կենտեքստում:

ՀԱԿ ներկայացուցիչ ՍԴՀԿ ատենապետից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ՍԴՀԿ-ն կո՞ղմ է, որ լինի համագործակցություն ԲՀԿ-ի հետ, եւ նման հնարավորություն տեսնո՞ւմ է: «Նման թեմա գոյություն չունի, որ մենք կողմ կամ դեմ լինենք: Ավելին` վստահ եմ, որ նման համագործակցություն համարյա թե անհնար է: Հետեւաբար ի՞նչ իմաստ ունի քննարկել այն, ինչ ի սկզբանե համարյա թե բացառվում է: Բայց մեր կուսակցությունը կողմ է քաղաքական ուժերի կոնսոլիդացիային եւ արտահերթից հետո գալիս է հերթական ընտրությունները վերահսկելուն»:

Մեր հարցին, թե ինչպես է գնահատում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի տեսակետը, որը բացահայտ ասում է, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության  հնարավորություն չի տեսնում, եւ իր կուսակցությունը կողմ չէ դրան, ՍԴՀԿ ատենապետն արձագանքեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել: Նա իմ գործընկերն է, ունի իր կարծիքը, եւ ես հարգում եմ այն: Կոնգրեսում պակաս չկա ժողովրդավարության, եւ մեզանից յուրաքանչյուրն ազատ է իր կարծիքի հարցում»:

Ինչ վերաբերում է իշխանության ներսում կատարվող պրոցեսներին, ապա, ըստ տիկին Սարգսյանի, «Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ քաղաքական իրավիճակը թեժանալու է, եւ նրան վստահելի գործընկերներ են պետք: Տվյալ դեպքում նրանց մեջ վստահություն չկա, եւ Սերժ Սարգսյանը, ունենալով լծակներ, փորձում է բերման ենթարկել ԲՀԿ ղեկավարին, հնազանդեցնել նրան եւ կարողանալ հանգիստ խղճով գնալ ընտրությունների»:

Հիշեցնենք՝ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե ԲՀԿ-ն սահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից, ապա ՀԱԿ-ը պատրաստ է քննարկել համագործակցության հեռանկարը. «Եթե պարզվի, որ «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ ազգային կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ …Հավատացած եմ, որ Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե սահմանադրական կարգի վերականգնման եւ թե ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար»։

http://www.hraparak.am/2011/12/02/ter-petrosyani-eluyt/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.