Օրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռուսաստանում գործող «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանն ակտիվ շփումների մեջ է հայաստանյան իշխանությունների հետ:
Այս տեղեկության հրապարակումից անմիջապես հետո Կարախանյանը հարցազրույց տվեց «Ժողովուրդ» օրաթերթին, և պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինը լոյա՞լ է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսին, պատասխանեց. «Ես չգիտեմ, թե Կոնգրեսի քաղաքական մարմինն ընտրություններից առաջ ինչ որոշումներ կընդունի, բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել՝ մասամբ մասնակից լինելով բոլոր այդ հանդիպումներին և բանակցային պրոցեսներին, որ Կոնգրեսից հստակ մի բան է ակնկալվում, որ տարվի հայամետ քաղաքականություն:
Հարցը դրված չէ՝ ռուսամետ, այլ հայամետ: Հարցը դրվում է այսպես՝ մենք ինչ տեսակ Հայաստան ենք ուզում, որ արևմտյան կցորդ դառնա ու տարբեր ասոցացված միությունների միջոցով մտնի Թուրքիայի տա՞կ, արևմտյան ստրատեգները Հայաստանում ստեղծեն տրանզիտային արտաքին ռազմական հարթակնե՞ր: Հետո էլ վերջին պահին գան ռուսների գիրկն ու ասեն. «Մենք ձերն ենք՝ ոտքով գլխով, հոգով սրտով»:
«Առաջին լրատվական»-ը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խնդրեց մեկնաբանել Կոնգրեսի և ռուսաստանյան ուղղության շփումների շուրջ վերջին բացահայտումների առիթով, որն արեց նախ` Սմբատ Կարախանյանը, ապա հաստատվեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից:
«Մենք փորձում ենք համագործակցել, բոլոր երկրների և՛ դեսպանատների, և՛ առանձին քաղաքական ուժերի հետ, և դա դիտարկում ենք, որպես մեր ժողովրդավարական շարժման բաղկացուցիչ մասերից մեկը: Մենք ընդամենը փորձում ենք մեր ժողովրդական շարժումը ներկայացնել բոլոր երկրներին, մեր երկրի իրական իրավիճակը ներկայացնել, և բնականաբար ակնկալել, որ դիտորդական առաքելությունների միջով կարողանանք ապահովել արդար թափանցիկ ընտրություններ: Ես այդ կոնտեքստում եմ տեսնում հարաբերությունները և՛ Ռուսաստանի հետ, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, և՛ մյուս երկրների հետ:
Բոլոր երկրների դեսպանատների հետ էլ, տարբեր առաքելությունների, տարբեր կազմակերպությունների հետ Կոնգրեսը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է ունենում, և փորձում է ապահովել թափանցիկ, արդար ընտրություններ: Ես որևէ միտում չեմ տեսնում` արևմուտք կամ արևելք տարբերակումների: Ես ընդամենը տեսնում եմ, որ Կոնգրեսը նպատակային գնում է դեպի արտահերթ ընտրություններ, իսկ արտահերթ, թե հերթական, այսպես, թե այնպես, ընտրական գործընթացներ պետք է ծավալվեն, հետևաբար պետք է ապահովել այդ առաքելությունների ներկայությունը, և առավելագույնս թափանցիկ դարձնել ընտրությունների ընթացքը»:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.