пятница, 9 декабря 2011 г.

Ժողովրդի բարեհաճ վերաբերմունք Սերժ Սարգսյանը չի կարող ակնկալել անգամ երազում. Լ. Սարգսյան

arm132040068156

Սերժ Սարգսյանը և նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը ժողովրդավարության հետ որևէ կապ չունեն, քանի որ ՀՀ քաղաքացիներն ապրում են բռնապետական վարչակարգի պայմաններում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի՝ Սերժ Սարգսյանին ԵԺԿ դիտորդական կրծքանշան հանձնելու փաստին:
«Նման վարչակարգի պարագայում ժողովրդավարության մասին խոսելն ուղղակի ավելորդություն է և նույնիսկ ծիծաղելի: Բայց չմոռանանք, որ նույն այդ Եվրոպան 2008 թվականի հայաստանյան նախագահական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան ճանաչեց, այնպես որ, զարմանալու պատճառ չկա:

Եվ երկրորդ, քանի որ Սերժ Սարգսյանը լեգիտիմության պակասը փորձեց լրացնել Եվրոպային ծառայելու միջոցով, բնականաբար պարգևներ էլ պետք է ստանա: Իսկ մենք գիտենք, թե մեր երկրի ժողովրդավարության, անկախության, մեր բարեկեցության և վերջապես Արցախի անկախության հաշվին ինչ մեծագույն ծառայություններ է նա մատուցում առ այսօր:
Միաժամանակ, Հայաստանում Սերժ Սարգսյանը պարտվել է բոլոր առումներով և ժողովրդի բարեհաճ վերաբերմունք ակնկալել չի կարող անգամ երազում: Իսկ Եվրոպային «ձեռք է տալիս» Հայաստանում ունենալ կամազուրկ իշխանություն, որը կարող է բազմաթիվ ծառայություններ մատուցել իրեն: Բայց ժամանակից առաջ չընկնենք. Սերժ Սարգսյանին ներքաղաքական դաշտում բազմաթիվ անակնկալներ են սպասվում»,- նկատեց նա:
Հարցին՝ կիսո՞ւմ է այն տեսակետը, որ Եվրոպան այսկերպ փորձում է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ցույց տալ ՀՀԿ-ին սատարելու իր պատրաստակամությունը, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Չեմ կարծում, քանի որ մինչև հերթական ընտրություններ բավական մեծ ժամանակ կա: Մենք դեռ ակնկալում ենք, որ կարող ենք հասնել արտահերթ ընտրությունների»:
Նշենք, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը երեկ ԵԺԿ անդամի կրծքանշան է հանձնել Եվրոպական ժողովրդական կուսակցության պետությունների ղեկավարների հավաքի պատվավոր հյուր Սերժ Սարգսյանին:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.