Մեզ հետ զրույցում նկատեց ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը
- Ինչպես եք վերաբերվում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի», ինչպես նաեւ հետո նրա այն պարզաբանումներին, թե ինքն ընդամենը կատակել է այդ ասելով։ Ընդհանրապես այս ամենը կարո՞ղ է կապ ունենալ առողջ տրամաբանության եւ լուրջ պաշտոն զբաղեցնող մարդու հետ։
- Իհարկե ոչ, ասեմ ավելին։ Մենք պարբերաբար անդրադարձել ենք այն հարցին, որ իշխանությունները միտումնավոր հայաթափում են Հայաստանը; Իրենց համար որքան քիչ մարդ, այնքան քիչ պրոբլեմ, եւ, ի վերջո, վարչապետ կոչվածը անկեղծացավ ու ի լուր աշխարհի հայտարարեց` այո, հայաթափում ենք, որպեսզի հեղափոխություն չլինի։
- Ընդհանրապես, նորմալ երկրներում ի՞նչ գործընթաց տեղի կունենար, եթե երկրի վարչապետը իրեն թույլ տար նման հայտարարություն` թեկուզ կատակի տեսքով, անելու։
- Նախ ասեմ, որ ցանկացած աննորմալ երկրի համար, ես նման հայտարարությունը շատ բնական եմ համարում, իսկ նորմալ երկրներում հիմա բոլորովին այլ գործընթացներ են տեղի ունենում։ Տարեցտարի բարձրացնում են մայրության նպաստները, տարեցտարի բարձրացնում են անչափահաս երեխաներին տրվող գումարների չափերը։ Այսինքն` նորմալ երկրներում ամեն ինչ արվում է ազգաբնակչության բարեկեցության եւ սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Էլ չեմ խոսում ծնելիության աճին ուղղված սոցիալական փաթեթների մասին։ Միայն մեր երկրի պես երկրում կարող էր նման հայտարարություն անել վարչապետը։ Հետաքրքիրն այն է, որ այս ամենը կատարվում է այն ֆոնի վրա, երբ մենք ամեն օր Ադրբեջանից ռազմատենչ հայտարարություններ ենք լսում։ Մինչդեռ մեր աշխարհագրական դիրքը, առանց որեւէ մանրուքի մեջ մտնելու, ուղիղ թելադրում եւ պարտադրում է, որպեսզի մեր երկրում հնարավորինս բարձրացնենք ծնելիությունը, եւ մեր երկրի քաղաքացիներին պահենք Հայաստանում։ Ի վերջո, մարդկային գործոնն է որոշիչ լինելու ռազմավարական բազմաթիվ հարցերում, տարբեր ֆորս մաժորային իրավիճակների ժամանակ։ Փաստորեն, նույնիսկ այս ֆոնի վրա, երբ նման կոչեր են հնչում, սա խոսում է եւ անկեղծանում է, թե որքան քիչ մարդ, այնքան քիչ պրոբլեմ։
Հիմա ձեր հարցին պատասխանեմ, թե նորմալ երկրներում ի՞նչ կհետեւեր այս հայտարարությանը։ Ցանկացած նորմալ երկրում նման հայտարարությանը պետք է հետեւեր ուղիղ պաշտոնանկությունը, կամ էլ պաշտոնյան ինքը պետք է ներկայացներ իր հրաժարականի դիմումը։ Բայց սա Հայաստանի Հանրապետությունն է։ Ես շնորհակալ եմ, որ, ի վերջո, իրենք անկեղծացան եւ հայտարարեցին, որ սա պետական ծրագիր է` պետական ծրագիր է Հայաստանի Հանրապետության հայաթափումը։ Տեսեք` օր օրի թանկացնում են պարարտանյութերը, թունաքիմիկատները, ե՛ւ թանկացել են, ե՛ւ դրանք անորակ են, սերմացու չկա, մեր գյուղացու բերքը կարկուտը տարել է, համատարած կարկտահարություններ են, վարկավորման ծրագրերը խայտառակ իրավիճակում են, եւ գյուղացին չի կարողանում օգտվել այդ վարկերից, պահուստային ֆոնդերը ոչնչացված են, գյուղացու ընտանիքը զարգացման ոչ մի հեռանկար չունի եւ չի տեսնում; Իսկ ո՞րն է սրա հանգուցալուծումը. երբ գյուղացին վարուցանքով չի զբաղվում, երբ գյուղացին բերք չի ստանում, մնում է այստեղից արտագաղթելը։ Վարչապետի վերջին հայտարարությունը ուղիղ ապացուցում է այս իրավիճակը։
- Գյուղացու հետ միասին արտագաղթում են նաեւ քաղաքացիները։ Միջին բիզնեսում հաջողություն գրանցած մարդիկ են վաճառում իրենց ունեցվածքը եւ հեռանում Հայաստանից։ Համաձայն չե՞ք, որ այդպիսի միտում է նկատելի վերջին շրջանում։
- Նախեւառաջ ասեմ, որ Հայաստանում փոքր եւ միջին բիզնես գոյություն չունի։ Կառուցում են մի հսկայական սուպերմարկետ, եւ հարյուրավոր մարդիկ անգործ են մնում։ Էլ չասեմ, որ այդ սուպերմարկետները առանձնահատուկ կարգավիճակ ունեն, եւ սահմանային կետերն այնպես են անցնում, որ միջին եւ փոքր բիզնեսի տերերը հնարավորություն չունեն անգամ նրանց հետ մրցակցելու։ Ես ասացի գյուղի համար, բայց համաձայն եմ, որ նույն քաղաքականությունը տարվում է նաեւ քաղաքների բնակիչների նկատմամբ։ Իսկ ի՞նչ անի մարդը, որն իր երեխային կերակրելու հնարավորություն չունի։ Միայն մնում է արտագաղթը։ Ահա եւ ձեզ պետական ծրագիր, որի մասին բարձրաձայնեցին։ Հիմա սա կասի կատակ եմ արել, ղալաթ եմ արել, գլուխս պատին եմ խփել կամ քարին եմ խփել, կապ չունի` արդեն ասել է։ Ի վերջո ի՞նչ է նշանակում, երբ մահացածի կամ խեղդվածի տանը խեղդվելու մասին կատակներ են անում։ Ի՞նչ է նշանակում, երբ նա ուղղակի մեր ողբերգության վրա կատակ է անում։ Դա ո՞վ է, որ մեր ողբերգության վրա կատակ է անում։ Իսկ մեր ողբերգությունը հայաթափումն է, այո, հենց դա է մեր ազգի ողբերգությունը։ Միայն 29 հազար այս փոքրիկ կիլոմետրի վրա մենք ունենք դրոշ եւ պետական խորհրդանիշներ ու ստանդարտներ։ Միայն այստեղ։ Հայաթափումից հետո` էլ ի՞նչ դրոշ, ի՞նչ զինանշան ու ի՞նչ պետություն կամ պետականություն։ Եթե մարդն այդ մոտեցումն ունի` այստեղից շատ բաներ են ածանցվում։ Այսինքն` սրանք եկել են լրիվ ուրիշ նպատակով։ Ես կարծում եմ, որ մասնավորապես այս հայտարարությամբ պետք է նախաքննական մարմինները զբաղվեին։ Սա ուղիղ հակապետական եւ հակազգային գործունեության խոստովանող հայտարարություն է։
http://www.chi.am/news/110702/11070204.htm
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.