Նախկին նախարարը քննադատում է
«Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին առաջարկեց բանակցային ֆորմատ»,- նկատի ունենալով երկխոսության վերաբերյալ նախագահի հրապարակած սկզբունքները՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: Բայց նա գտնում է, որ կառավարության հետ սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ բանակցելու խնդիր չկա, քանի որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն արդեն քանիցս ապացուցել է, որ ինքն ի վիճակի չէ որեւէ բան անել: Ամեն դեպքում, նա, ի հեճուկս արտահերթ ընտրությունները բացառելու մասին մինչ օրս իշխանավորների կողմից արած հայտարարությունների, դեմ չէ նախագահի աշխատակազմի կամ ԱԺ նախագահի հետ քննարկել արտահերթ ընտրությունների ժամանակացույցը եւ թափանցիկության ապահովումը: Թեեւ ամառվա ընթացքում, ըստ ՍԴՀԿ ներկայացուցչի, հայաստանյան ներքաղաքական կյանքում էական զարգացումներ չեն լինի, բայց դա չի նշանակում, որ «կափարիչը դրվեց կաթսայի վրա. ուղղակի չի երեւում, որ գոլորշի է բարձրանում»:
Բացի արտաքին սուր մարտահրավերներից, մեր զրուցակիցը կարեւորում է ներսում առկա աննախադեպ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
«Երբ ՀԱԿ-ի կողմից ժամանակին կանխատեսվում էր, որ տնտեսական ճգնաժամը թակելու է Հայաստանի դուռը, երկրի վարչապետն ասաց՝ մենք ինտեգրված չենք համաշխարհային տնտեսության մեջ, ուստի ճգնաժամը մեզ կշրջանցի: Շրջանցեց, հետո՝ եկավ-մտավ ու մեր տնից դուրս չի գալիս: Դրանից հետո ՀԱԿ առողջապահության հանձնաժողովը հայտարարություն արեց եւ հանրությանն ու իշխանությանն ասաց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը վերածվելու է սոցիալական ճգնաժամի: Դա էլ բացառեցին: Ահավասիկ. այսօր երկիրը, քաղաքացին, ռանչպարը ծանրագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ են, բացառությամբ մի 10 հազար սպիտակ օձիքավորների: Գյուղնախարարը ապավինում է Աստծուն, առողջապահության համակարգում փառք են տալիս Աստծուն, որ այս կամ այն բռնկումը սահմանափակ էր. Աստծուն ապավինելը վատ չէ, բայց առաջնահերթ էլ չէ: Աշխատելու, գործ անելու, արարելու, կանխատեսելու փոխարեն՝ մեր կառավարիչները բախտագուշակությամբ են զբաղված»,- ասում է Արարատ Մկրտչյանը: Եվ հատկապես սոցիալ-տնտեսական այս ֆոնին, մեր զրուցակցի համոզմամբ, առաջիկայում քաղաքական զարգացումներն էլ ավելի են սրվելու, քանի որ, նրա կարծիքով, իրեն սպառած այս իշխանությունը շարունակում է տանուլ տալ իրար ետեւից եւ բոլոր ասպարեզներում: Իսկ վարչապետի՝ կրիտիկական զանգվածի հետ կապված վերջին հայտարարությունը, որը հետո ներկայացվեց հումորի շարքից, նախկին պաշտոնյայի կարծիքով՝ արդեն աներեւակայելի էր: Ի դեպ, պարոն Մկրտչյանը վարչապետին հիշեցնում է՝ տակավին վերջերս ինքն ընդունել է, որ իր կառավարությունը թույլ է. «Ապրիլի 26-ին, «Արժեքների դերը անցումային հասարակություններում» խորհրդաժողովում, ինքը հստակ ասաց, որ իր կառավարությունը թույլ է, դրա համար էլ ի վիճակի չէ պայքարել ստվերային տնտեսության դեմ, հավաքագրել հարկեր: Այսինքն՝ կառավարման համակարգում ունենք լրջագույն խնդիրներ, քաղաքական հարթության մեջ անընդհատ տանուլ են տալիս, հետո էլ ասում են՝ ինչի՞ գնանք, ինչի՞ արտահերթ ընտրություն: Բա ի՞նչ: Երկիրն ամբողջությամբ փլուզվի՞, վարչապետի օգնությամբ էլ ժողովուրդը թողնի երկրից հեռանա՞, Հրանուշ Հակոբյանն էլ ծրագիր անի՝ տուն կանչի՞: Պարադոքս է. մի կառավարության մեջ իրարամերժ գաղափարախոսություն ու ծրագրեր են իրականացվում»: Մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանում պետք է նաեւ քաղաքակիրթ հեռանալու մշակույթ ներդրվի՝ եկա, փորձեցի, չկարողացա, գնացի:
Եվ այս պարագայում, անկախ նրանից, թե ընտրությունները կլինեն արտահերթ կամ հերթական, Արարատ Մկրտչյանը չի տեսնում, թե հինգ տարի կառավարման համակարգում գլուխ կանգնած կոալիցիան ի՞նչ պետք է զեկուցի հանրությանը, հետագա ի՞նչ խոստում պետք է տա. «Խոսելու են ճգնաժամից, որին իրենք չէի՞ն հավատում: Այս իշխանությունը ֆիասկո է ապրել՝ համակարգված գործունեություն չիրականացնելու, ապագայի տեսլական, համապարփակ ծրագիր չունենալու հետեւանքով: Ծրագիրը, որով մինչ օրս աշխատում է այս կառավարությունը, եւ որի ժամկետը շուտով ավարտվում է, ամպագոռգոռ ծրագրերի, տարածաշրջանային կենտրոններ ձեւավորելու կույտ է: Մարդը հանապազօրյա հաց չի կարողանում աշխատել, էդ ի՞նչ ֆանտաստիկ երազանքներ են ամրագրվում կառավարության ծրագրերում»: Պարոն Մկրտչյանը գտնում է, որ լավ կլինի՝ որ այս ամենն ավարտվի հանդարտ, արտահերթ ընտրություններով: Իսկ ինչո՞ւ արտահերթ՝ «Այդ ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվում քաղաքական ուժերի հետ՝ խաղի կանոնների վերաբերյալ, թե ինչպես այս երկրում գոնե երկրորդ անգամ իրականացնել հնարավորինս նորմալ, թափանցիկ, հանրության կողմից ընդունելի ընտրություններ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.