пятница, 9 сентября 2011 г.

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ԸՆԴՀԱՏՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄԱԿՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ»

«Շուրջ երեք տարի իշխանությանը պարտադրել երկրի խնդիրների առնչությամբ բանակցությունների սեղանի շուրջ նստել հեշտ չէր, ուստի չենք էլ ցանկանում այդքան հեշտ այն ընդհատվի: Չպետք է այս կարևոր գործընթացն ընդհատվի իշխանության կամակորության պատճառով»,- մեզ հետ զրույցի սկզբում, առկախված երկխոսությանն անդրադառնալով, ասաց ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Երեք տարի շարունակ ՀԱԿ-ի նախապայմանն է եղել երկխոսություն՝ առանց քաղբանտարկյալների,- շարունակեց տիկին Սարգսյանը:- Տիգրան Առաքելյանը, եթե նույնիսկ ինչ-որ սխալներ է թույլ տվել, դա դեռևս հաստատված չէ:

Ավելին, այս առնչությամբ կոնգրեսը լրիվ այլ տեսակետ ունի: ՈՒստի իշխանություններին ոչ թե փակուղու առաջ ենք կանգնեցնում, այլ ընդամենն առաջարկում ենք՝ կարևորել երկխոսությունը: Այս հարցում իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ակնհայտ է՝ Տիգրանին բաց չթողնելով` փորձում են խափանել գործընթացը: Կարելի է հետևություն անել, որ արտահերթ ընտրությունների առնչությամբ կոնգրեսի ներկայացրած փաստաթղթին հակադարձող շատ թույլ հակափաստարկներ ունեին: Նրանց վախեցրեց գործընթացի շարունակությունը, որի արդյունքում իրենց հակափաստարկները համոզիչ չէին լինելու:

-Երկխոսությունը խափանելու հարցում ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, նրանք էլ ասում են, որ ձեզ համար սա երկխոսությունը դադարեցնելու պատրվակ էր:

-Դա ընդամենը շահարկում է և ՀԱԿ-ին վարկաբեկելու անհաջող փորձ: Եթե իշխանությունն իրոք ուժեղ լիներ, պիտի սթափ գնահատեր երկրի վիճակը, կարևորեր երկխոսության փաստը, հասկանար, որ սա ռեալ հնարավորություն է խաղաղ ճանապարհով փոխըմբռնման հասնելու և չբորբոքելու կրքերը, ժողովրդին չստիպելու իր արդարացի դժգոհությունն արտահայտել փողոցում, ինչի հետևանքով ավելի արագ կլինի իշխանության անկումը: Ընդդիմության հետ երկխոսելու հնարավորությունը նրանց տրված էր, որն ըստ արժանվույն չգնահատվեց, ավելին, տղայական մոտեցում դրսևորեցին:

-Ի սկզբանե ՀԱԿ-ի համար սպասելի չէ՞ր, որ արտահերթ ընտրություններով օրակարգի ձևավորումն անհեռանկար է, քանի որ իշխանական կողմը բազմիցս պնդել է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա:

- Իհարկե, սպասելի էր, բայց դա այն ճանապարհն էր, որ հանուն մեր երկրի ապագայի պիտի անցնեինք: Մենք պիտի փորձեինք բոլոր խաղաղ միջոցները թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքով սպառել: Սակայն այն կարծիքը, որ վաղուց արդեն ձևավորվել էր իշխանությունների մասին, վերահաստատվեց: ՈՒժեղ իշխանությունն իր ուժը գործով է ապացուցում, ոչ թե խոսքով: Իրենք իրենց են փորձում համոզել, որ ուժեղ են՝ մոռանալով, որ իշխանության ուժը ժողովուրդն է, որը նրանք չունեն:

-ՀՀԿ փոխնախագահն էլ կարծում է, թե երկխոսությունը ՀԱԿ-ին քաղաքական «ճահճից հանեց», այլապես այն կհայտնվեր լուսանցքում:

-ՀԱԿ-ն այն միակ քաղաքական ուժն է, որին լուսանցքում հայտնվելու վտանգ չի սպառնում: Կոնգրեսն ավելի քան երեք տարի պայքարում է բռնապետության դեմ, ժողովրդի ոտնահարված իրավունքների համար, ահազանգում երկրում առկա խնդիրների մասին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: «Վիկիլիքսի» վերջին հրապարակումներին ուշադրություն դարձնելով, պիտի նկատել, որ իսկապես երկրում անկախ իրավական համակարգ չկա: Եթե Սահմանադրական դատարանի վրա, որը ժողովրդավարության հիմքերից մեկն է, նախագահականն ի վիճակի է ճնշումներ գործադրելու, որ անարդարացի վճիռ կայացվի, էլ ուր մնաց իշխանական մյուս օղակներն անկախ լինեն: Հաշվի առնելով նաև այս աղաղակող փաստերը, ուղղակի անհրաժեշտություն է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, քանի որ ժողովրդին պիտի վերադարձնել իրենից գողացված իշխանությունը: 

-Նույն «Վիկիլիքսի» հրապարակումներից մեկում էլ խոսվում է Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, թե նա կապ ունի թմրաբիզնեսի հետ: Հավատա՞լ, ուրեմն, այդ հրապարակումներին:

-Նախ այդ մասին առարկայական ոչ մի փաստ չկա, վիրտուալ է խոսվում: Իսկ վերոհիշյալ հրապարակման մեջ կոնկրետ անուններ ու փաստեր են վկայակոչվում: Ի դեպ, այս փաստերի անմիջական վկաները մենք ենք եղել, որը հաստատում է նաև ՍԴ դատավորը: Մենք մեր իրականությունը շատ լավ գիտենք, ու լավ է, որ հասարակության լայն շրջանակներին ևս այդ փաստերը հասու կդառնան: Ի վերջո, այդ ժամանակահատվածում հանգուցային պաշտոններ է զբաղեցրել նաև Սերժ Սարգսյանը, այս առումով հարցեր կարող եք ուղղել նաև նրան:

-Սեպտեմբերի 9-ին նախատեսված է կոնգրեսի հերթական հանրահավաքը: Առկախված երկխոսությունը շարունակել-չշարունակելու հարցի պատասխանը կհնչի՞։

-Նախ, կարծում եմ, ժողովրդական ֆորումի գաղափարը հարկավոր է վերականգնել և ժողովրդի կամքն իր իսկ ակտիվ դերակատարությամբ ի կատար ածել: Ինչ վերաբերում է երկխոսության շարունակությանը, դա միայն իշխանության կամքից է կախված: Եթե ունենան այդ կամքը, մենք պատրաստ ենք երկխոսությունը շարունակելու և հասնելու արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.