Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը երեկ հայտարարություն էր տարածել, որում նշվել է. «Հայաստանում հայտարարված վերջին համաներումը, 2008 թ. մարտյան իրադարձությունների ընթացքում 10 մահվան դեպքերի նոր հետաքննություն սկսելու ազդակը, ընդդիմության և կառավարող կոալիցիայի միջև կառուցողական երկխոսության արդյունավետ սկիզբը նշանակում են, որ 2008 թվականի մարտյան դեպքերի վերաբերյալ գործը կարելի է վերջնականապես համարել փակված»։
Ըստ հանձնաժողովի՝ 2008 թ. իրադարձությունները և դրանց հետևանքները բացահայտեցին երկրի դեմոկրատական զարգացման առաջնահերթությունները. «Մասնավորապես` իրական ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ստեղծումը հուսալի ժողովրդավարական և բազմակարծիք քաղաքական մթնոլորտի, որը կվայելի հայ հասարակության լիարժեք վստահությունը, բաց և բազմակարծիք լրատվական դաշտի ստեղծումը, ոստիկանության և դատական համակարգի ռեֆորմները` այդ մարմինների անկախությունը երաշխավորելու նպատակով՝ ինչպես թղթի վրա, այնպես էլ գործնականում»:
«Առաջին լրատվականը» ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանին խնդրեց գնահատակել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը երեկվա հայտարարությունը. «Ես շատ բացասաբար եմ վերաբերվում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի այդ հայտարարությանը: Նրանք, կա՛մ չցանկանալով խորանալ իրական գործընթացի մեջ, իրական պայքարի մեջ, որը մղվում է մեր երկրում շուրջ երեքուկես տարի, կա՛մ էլ չցանկանալով օժանդակել այդ գործընթացին, փորձում են այդ էջը փակել, ինչպես 1915 թվականին նման վերաբերմունք արտահայտեցին»: Տիկին Սարգսյանը նշեց, որ այս դարում նման բանաձևումը կարող է համայն հայության դժգոհությունը առաջացնել:
«Մենք շատ լավ ենք ճանաչում մեր իշխանություններին և շատ լավ ենք հասկանում, թե նման բանաձևումների արդյունքում նրանք ինչպիսի մարտական կեցվածք են ընդունում: Ցանկանում եմ հիշեցնել գործող իշխանություններին, որ ժողովրդի ուշադրությունը շեղել հնարավոր չէ: Մեզ չի հուզում՝ Եվրոպան կներկայացնի՞ արդարացի գնահատականներ, թե՞ ոչ: Մեր ժողովուրդը արդար դատաստանի համար պայքարի է դուրս եկել և այդ պայքարը կհասցնի հաղթական ավարտի: Եվ կպատժվեն բոլոր նրանք, ովքեր Եվրոպայի միջնորդությամբ կամ տարբեր ճանապարհներով կարողացել են կորզել նման հայտարարություն: Ես կարծում եմ, որ, վերջ ի վերջո, կդատապարտվեն բոլոր նրանք, ովքեր սեփական ժողովրդի նկատմամբ ոճրագործություն գործելով՝ իրականում Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացրին»:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.