воскресенье, 25 сентября 2011 г.

Լ.Սարգսյան. «ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի շահերը չեն կարող համահունչ լինել Ռոբերտ Քոչարյանի շահերի հետ»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը օրերս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե իշխանության հետ երկխոսությունը այլևս երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու գործիք չեն համարում: Ի՞նչ է սա նշանակում, հարցրեցինք ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին:

«Այն խնդիրները, որոնք մենք առաջ էինք քաշում և ակնկալում էինք բանական մոտեցում իշխանության կողմից` կարծես թե չարդարացավ, որովհետև մենք գործ ունենք իշխանությունների հետ, որոնք բռնի ուժով եկել են իշխանության և պատրաստ չեն հրաժարվելու դրանից թեկուզ հայ ժողովրդի ապագայի համար, ընդ որում՝ շատ լավ հասկանալով, թե որքան խոցելի են իրենք արտաքին աշխարհի համար և որքան անընդունելի՝ մեր ժողովրդի համար: Հետևաբար, շարունակել երկխոսության թեման, իմիտացիա անել, թե գործընթացները կարող են այլ ընթացքով գնալ և երկխոսության արդյունքում ձեռք բերել փոխըմբռնում`անիմաստ է այլևս»,- նշեց Լ.Սարգսյանը:

«Քանի որ ժողովուրդը խիստ պահանջներ ունի այսօր և այլևս անհնար է համարում այս երկրում գոյատևումը և դրա համար պատրաստ է ակտիվ պայքարի դուրս գալ իր իրավունքները վերականգնելու` ես կարծում եմ, որ կլինեն այլ զարգացումներ, իսկ իշխանությունները պետք է հասկանան, որ այլևս անելիք չունեն այս երկրում»:

Օրերս «168 ժամ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն անդրադառնալով ակտիվ քաղաքականություն` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի, ընտրություններին ինչ-որ կերպ մասնակցելու հավանականության մասին հարցին, պատասխանել էր. «Իմ ենթադրությունն այն է, որ Քոչարյանը վերջիվերջո քաղաքական ներգրավվածություն ունենալու է: Նախ` խորհրդարանական ընտրություններն են: Այնտեղ, ես կարծում եմ, որ ինչ-որ դրսևորում կլինի»:

Լյուդմիլա Սարգսյանին հարցրեցինք, թե Ռ.Քոչարյանի հնարավոր վերադարձի ինչ հնարավորություն է տեսնում և ո՞ր կուսակցություններն ու գործիչները կարող են որպես հենարան ծառայել նրա հնարավոր վերադարձին:

«Վարդան Օսկանյանը կամ Ռոբերտ Քոչարյանի իրական իմիջին տեղյակ չի, կամ էլ չի ուզում հավատալ, որ այն նախագահի օրոք, որ աշխատել է` այդ նախագահն այլևս քաղաքականություն վերադարձի հնարավորություն չունի: Ես դա համարյա անհնարին եմ համարում: Մարդ, որը Մարտի 1 է իրականացրել, զենք է կիրառել մեր ժողովրդի նկատմամբ` նա ընդմիշտ մերժված է լինելու մեր ժողովրդի կողմից: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին աջակցել էին իրեն` միգուցեև կերազեին նրա վերադարձը, բայց կարծում եմ, նրանք ավելի իրատես են, քան Վարդան Օսկանյանը»,- ասաց նա՝ մատնանշելով Ռ.Քոչարյանի և Վ.Օսկանյանի օրոք ԼՂ-ին կարգավորման բանակցություններից դուրս մղելու փաստը և այլ ձախողումներ: 

Կարելի՞ է բացառել, որ ԲՀԿ-ն կամ Դաշնակցությունը ինչ-որ մի պահի Ռ.Քոչարյանին աջակցելու հնարավորությունից չեն ցանկանա օգտվել՝ հարցրեցինք Լ.Սարգսյանին. «Դրանք այն կուսակցություններն են, որոնք ամեն դեպքում ռեալ հաշվարկել գիտեն, և իրենց շահերը չեն կարող համահունչ լինել Ռոբերտ Քոչարյանի շահերի հետ, իսկ ԲՀԿ-ն կամ Դաշնակցությունը, կարծում եմ, դեռ կուզենային դերակատար լինել հայաստանյան քաղաքական դաշտում»:

1in.am

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.