20-ամյա անկախության ճանապարհին մեր ամենամեծ նահանջը ժողովրդավարության ուղղությամբ է եղել: Այս մասին նշեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով՝ մենք կարող էինք իրոք ավելի ժողովրդավար երկիր կառուցել, կարող էինք սոցիալապես ապահով հասարակություն ունենալ, ինչի արդյունքում Հայաստանը ավելի գրավիչ կլիներ, քան արտասահմանյան ցանկացած երկիր:
«Դժբախտաբար, անկախությունը ֆորմալ առումով մենք կարողացանք ունենալ, բայց իրական անկախությունը չկարողացանք պահպանել: Եթե հասարակությունը նահանջում է ժողովրդավարությունից , եթե հասարակությունը խուսափում է երկրի ներսում ապրելուց, եթե բանակում ծառայելը այսօր հղի է վտանգներով, և այդ ներսի, ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով այսօր ամենաթողություն է տիրում, ես կարծում եմ, որ այսօր մեր մեծագույն նահանջը, անկախացումից ի վեր, մեր իրական ժողովրդավարական ինստիտուտների բացակայությունն է և կոռումպացված իշխանությունը:
Արդյունքում հասարակությունը հիասթափված և ապագան չտեսնելով ազատ անկախ Հայաստանում ՝ աշխատում է լքել երկիրը: Իսկ երկիրը լքելու արդյունքում մենք կորցնում ենք և՛ մեր անկախությունը, և՛ վտանգում ենք մեր սահմանները, և՛ վտանգում ենք ընդհանրապես մեր պետականության գոյությունը:
Հետևաբար՝ մեր առաջնային խնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք համոզել մեր ժողովրդին, որ անկախությունը դա իրականում մեծ արժեք է, որի համար պետք է շարունակական պայքար մղել: Դա արտահերթ ընտրությունների անցկացումն է և օրինական իշխանությունների ձևավորումը: Այն պարզ պատճառով, որ մեր մեծագույն նահանջը անկախության ճանապարհին նաև կեղծված ընտրություններն են: Իրականում ամեն ուղղությամբ մենք անկում ենք ունեցել անկախացումից 5-6 տարի հետո: Բայց հույս ունենք, որ իրական անկախություն մենք իրոք կնվաճենք, և դա շատ համոզիչ ու գրավիչ կլինի ՀՀ քաղաքացու համար»,- հույս հայտնեց Լյուդմիլա Սարգսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.