понедельник, 14 сентября 2009 г.

«Մանր-մունր հարցերով հացադուլ չեն անի»


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի մասնակցի Կոնգրեսի առաջիկա հանրահավաքին: Նա կոտրել է ոտքը եւ ի վիճակի չի լինի ներկա գտնվել սեպտեմբերի 18-ին հրավիրված  հանրահավաքին, ինչի համար զղջում է:
«Ա1+»-ի հարցին, թե հնարավոր է, որ ՍԴՀԿ-ն որպես ավանդական կուսակցություն միանա մյուս ավանդական կուսակցության' ՀՅԴ-ի հայտարարած հացադուլին, քանի որ դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների հարցում, մոտ են' Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Նման մանր-մունր հարցերով չենք նստում հացադուլի, եթե նստենք' կնստենք մինչեւ վերջ եւ ուղիղ Սերժ Սարգսյանի հրաժարականը կպահանջենք»:
Նա տրամաբանություն չի տեսնում Նալբանդյանի դեմ ակցիաների մեջ. «Ակնհայտ է, որ Նալբանդյանի մեղքի բաժինը շատ փոքր է, նա անում է այն, ինչ հրահանգվում է  վերեւից. հետեւաբար ինչ իմաստ ունի, եթե դժգոհ են, թող պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ 24 ներկայացուցիչ վաղը հացադուլ են անցկացնելու արտգործնախարարության եւ կառավարության շենքերի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների դեմ։ Հացադուլավորներին նստացույցով կմիանան եւս 50 դաշնակցական։
ՍԴՀԿ ատենապետը չի հավատում ՀՅԴ-ի առաջարկած Ազգային ճակատի ստեղծմանը, եւ նրանց «շարժումը» համարում է ֆարս: Առավել եւս չի պատկերացնում իրենց, որպես ավանդական կուսակցություն, այդ ճակատում: «Մենք որպես ՀԱԿ անդամ, չեմ կարծում, որ այնտեղ անելիքներ ունենք, եւ երբեւիցե որեւէ մեկը թող չկարծի, թե ՀԱԿ-ը ավելի քիչ ազգային մոտեցումներ ունի, քան Դաշնակցությունը կամ մենք' ՍԴՀԿ-ն»,-ասաց Լյուդմիա Սարգսյանը:
«Ա1+»-ի հարցին, թե օրերս ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը շատ ավելի խիստ էր, քան ավելի շուտ արած հայտարարությունը, ինչով է դա պայմանավորված' տիկին Սարգսյանը պատասխանեց. «Երկրորդ հայտարարությունը շատ ավելի ճիշտ եւ մտածված էր, շատ ավելի մտահոգություն կար երկրորդում. առաջինը միգուցե մի քիչ շտապողականությամբ էր արվել եւ շատ-շատ մարդկանց այդ հայտարարությունը չէր գոհացրել. ես կարծում եմ երկրորդը ավելի մտահոգ եւ երկար մտածված հայտարարություն էր»:   

четверг, 10 сентября 2009 г.

«ՀԱԿ-ին դիտարկել մի ուժ, որը թերացել է ազգային հարցերում, մեղմ ասած, ազնիվ չէ»


Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՍԴ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության տարածած հայտարարությունից եւ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին ասուլիսում հնչեցրած մտքից հետո, թե «ՍԴՀԿ-ն, մեծ հաշվով, համաձայն չէ Կոնգրեսի հայտարարության հետ», եւ նաեւ, որ «ՍԴՀԿ-ն միացել է Կոնգրեսին` երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար», սկսեցին լուրեր շրջանառվել, թե ՍԴՀԿ-ի ու Կոնգրեսի միջեւ տարաձայնություններ են առկա, եւ որ այժմ կուսակությունը վերանայում է իր` Կոնգրեսի անդամ լինել-չլինելու հարցը:

Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:

- Տիկին Սարգսյան, լուրերն այն մասին, թե ՍԴՀԿ-ն պատեհապաշտական մղումներից դրդված է անդամակցել Կոնգրեսին, եւ հիմա էլ` հայ-թուրքական հարաբերությունների մասով ձեր կուսակցության ներհակ դիրքորոշումը կարող է Կոնգրեսից դուրս գալու պատճառ դառնալ, իրականությանը համապատասխանո՞ւմ են:

- Ինչ վերաբերում է պատեհապաշտությանը. ի սկզբանե ասեմ, որ երբեւիցե որեւէ մեկը Հնչակյան կուսակցությանը չի կարող մեղադրել այդ բանում: Մենք ազգային կուսակցություն ենք, մենք միշտ առաջնորդվել ենք ազգային շահերով եւ շատ դեպքերում մեր կուսակցական շահերն անտեսելով` աշխատել ենք ժողովրդի համար: Մենք բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ վիճակում էր երկիրը ԱԺ վերջին ընտրություններից հետո: Ակնհայտ էր, որ գործում է մի վարչախումբ, որը պատրաստ էր իշխանության մեջ իր դիրքերը պահելու համար ամեն ինչ կեղծել, ոչնչացնել, որպեսզի հետագայում եւս շարունակի թալանել ու հարստահարել հայ հասարակությանը: Բնականաբար, մենք ընտրության առաջ էինք կանգնած, եւ միակ մարդը, ում մենք տեսանք քաղաքական դաշտում, որն ի վիճակի կլիներ ժողովրդին կոնսոլիդացնելու եւ տանելու նախագահական ընտրությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Եվ մենք առաջինը մեր աջակցությունը հայտնեցինք Առաջին նախագահի գլխավորած Համաժողովրդական Շարժմանը, եւ այսօր էլ գտնում եմ, որ դա մեր ամենաճիշտ որոշումն է եղել: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հնչակյան կուսակցությունը միշտ ունեցել է իր ուրույն տեսակետն այդ եւ ազգային այլ հարցերի վերաբերյալ: Ցեղասպանության հարցը շատ ավելի ցավոտ է մեզ համար, քան շատ-շատերի համար, որովհետեւ Հնչակյան սփյուռքը գոյացել է հենց Ցեղասպանության պատճառով, եւ մեր հազարավոր կուսակցական ընկերներ գտնվում են երկրից դուրս` միայն Ցեղասպանության հետեւանքով: Եվ հետեւաբար մենք շատ դժվար ենք համակերպվում այն իրողության հետ, որ կարելի է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել նախապայմաններով, ընդ որում` նախապայմաններ, որոնք Թուրքիան է պարտադրում: Եվ բնականաբար, մենք չէինք կարող լիովին համաձայն լինել Կոնգրեսի` այդ հարցում հայտնած տեսակետի հետ, որը հավաքական` ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների մեծամասնության տեսակետն է: Եվ բնականաբար, Կոնգրեսը չէր կարող առաջնորդվել զուտ Հնչակյան տեսակետով, ուստի ես ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում նրանում, որ ՍԴՀԿ-ն հանդես է եկել իր առանձին հայտարարությամբ: Կոնգրեսն էլ, ի դեպ, երբեւիցե չի փորձել սահմանափակել մեր ազատությունը եւ չէր էլ կարող, հակառակ դեպքում մենք Կոնգրեսում չէինք լինի: Բայց, միեւնույն ժամանակ, մենք միացել ենք Կոնգրեսին` գիտակցելով, որ պետք է միասնական եւ շատ ավելի համախմբված պայքար տանել, որպեսզի հասնենք հաջողության: Պայքար` ազնիվ նպատակներով, երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար, ինչը եւ մենք այսօր անում ենք եւ անում ենք շատ ավելի համառ: Եվ խոսակցությունները Կոնգրեսից դուրս գալու կամ մեր անդամակցությունը պասիվացնելու վերաբերյալ` լիովին անհիմն են եւ նույնիսկ ծիծաղելի:

- Տիկին Սարգսյան, հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ձեր կուսակցության տեսակետը լիովին կիսող քաղաքական այլ ուժերի, մասնավորապես` ՀՌԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ այլ ազգայնական ուժերի հետ համախմբվելու, դաշինք կազմելու հեռանկարը:

- Ինչ վերաբերում է կոնկրետ ազգային հարցերի շուրջ համախմբմանը, ապա ես մի առիթով արդեն ասել եմ, որ ՍԴՀԿ-ն պատրաստ է համագործակցել անգամ սատանայի հետ, եթե դա իրոք ազնիվ նպատակների է միտված: Ես այսօր, դժբախտաբար, չեմ տեսնում ոչ ՀՅԴ-ին, ոչ էլ ՀՌԱԿ-ին այդ դաշտում այն առումով, որ եթե այդ ուժերը քննադատելով հանդերձ հայ-թուրքական վերջին զարգացումները` չեն պահանջում այս իշխանությունների հրաժարականը, ինձ մոտ կասկած է առաջանում, որ նման կեցվածք ունեցող ցանկացած դաշինք` իշխանությունների կողմից ուղղորդված պրոյեկտ է լինելու: Իսկ ի՞նչ գործ ունի ՍԴՀԿ-ն մի պրոյեկտում, որն ուղղորդվում է իշխանությունների կողմից: Բնականաբար, ես այդտեղ համագործակցության եզրեր չեմ տեսնում: Մի բան է, եթե Սփյուռքը փորձի այդ ուղղությամբ համախմբել, եւ համատեղ հայտարարությամբ հանդես գան երեք ազգային կուսակցությունները, դա նորմալ կդիտվի: Ինչ վերաբերում է մեզ, մենք պատրաստ ենք ամեն մի առողջ ուժի հետ համագործակցելու ազգային խնդիրների շուրջ, սակայն մի դեպքում, եթե դա ուղղված չէ Կոնգրեսի դեմ: Այսինքն` ով այսօր փորձի հանդես գալ Կոնգրեսի դեմ` պառակտում մտցնելու միտումով, մենք այդպիսի ուժի կամ ուժերի հետ չենք կարող գործակցել եւ ոչ մի խնդրի շուրջ:

- «Միացում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը օրերս շրջանառության մեջ դրեց «նոր ընդդիմության», «հայաստանակենտրոն նոր շարժման» գաղափարը` պատճառաբանելով, թե հայ-թուրքական արձանագրությունները չէին ստորագրվի, եթե ընդդիմությունը գոնե ազգային հարցերում լիներ վճռական: ՍԴՀԿ-ն, որպես ազգային կուսակցություն, համակարծի՞ք է Սեֆիլյանի առաջ քաշած գաղափարի հետ, եւ ըստ Ձեզ, առկա պայմաններում, որպես ՀԱԿ-ին այլընտրանք, հնարավո՞ր է նոր ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը:

- Երբեւէ չեմ կասկածել Ժիրայր Սեֆիլյանի ազնվության վրա, չեմ կասկածում, որ ազնիվ նպատակներ ունի, բայց ես վստահ չեմ, որ նրա շուրջ միշտ ազնիվ մարդիկ են հավաքված: Սա մեկ: Երկրորդ` այսօր ես բացառում եմ երրորդ ուժի` կամ նոր ընդդիմության ձեւավորման հեռանկարը, որը կարող է գոնե մրցակից դառնալ ՀԱԿ-ին: Ես կողջունեի, եթե նման ուժ իրոք լիներ: Դա միգուցե մրցակցությունն ավելի առողջ դարձներ եւ ավելի ուժեղացներ ընդհանուր Շարժումը: Բայց ես այսօր այդ ուժը չեմ տեսնում եւ առանձին անհատների միջոցով հնարավոր չէ նման ուժ ձեւավորել, քանի որ այսօր հայ հասարակության հույսն ու հավատը կապված է ՀԱԿ-ի հետ: Եվ փորձել Կոնգրեսին դիտարկել մի ուժ, որը թերացել է ազգային հարցերում կամ պակաս վճռական է եղել, դա, մեղմ ասած, ազնիվ չէ: Ես շատ լավ գիտեմ այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է ՀԱԿ-ը, եւ միշտ չէ, որ այդ տրամաբանությունը հասու է լինում նաեւ հայ հասարակությանը. եւ դա նորմալ է: Կգա ժամանակը, եւ մարդիկ կհասկանան, որ ավելի ազգային ուժ, քան ՀԱԿ-ն է եւ այդ թվում ՍԴՀԿ-ն, այսօր ՀՀ-ում չկա: Թող փորձեն ձեւավորել այդ` իրենց պատկերացրած ուժը, եթե ստացվի` կողջունենք: Բայց ի սկզբանե ասեմ, որ դա ձախողման է ենթարկվելու, որովհետեւ այսօր երկրում չկան այնպիսի ուժեր, որոնք իրենց շուրջ կկարողանան համախմբել լայն հասարակական զանգվածներ:
http://www.zhamanak.com/article/12756/

пятница, 4 сентября 2009 г.

Համաձայն չենք


Հայ ազգային կոնգրեսի անդամ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացասական է գնահատել ՀՀ եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները եւ հիշեցրել, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը շատ խիստ հայտարարությամբ է հանդես եկել այդ կապակցությամբ։ Տիկին Սարգսյանը ասել է նաեւ, որ իրենք, մեծ հաշվով, նաեւ համաձայն չեն Կոնգրեսի կողմից տարածված ավելի մեղմ հայտարարության կոնտեքստի հետ։ «Մենք երբեւիցե մեր տեսակետը չենք թաքցրել, մենք երբեւիցե չենք փորձել կուլ գնալ Կոնգրեսի տարբեր հարցերի նկատմամբ ունեցած որոշումներին։ Այնտեղ 18 կուսակցություն կա, եւ հնարավոր չէ` բոլորի կարծիքը միեւնույնը լինի, բայց ես հարգում եմ նաեւ նրանց կարծիքը»,- ասել է տիկին Սարգսյանը։ Միաժամանակ, տիկին Սարգսյանը շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նման ընթացքը կասեցնելու համար գոյություն ունի մեկ ելք` Սերժ Սարգսյանի հրաժարականը։ «Միակ լավ բանը, որ կարող է նա անել, դա անհապաղ հրաժարականն է»,- հայտարարել է Սարգսյանը։
http://www.armtimes.com/2547

понедельник, 24 августа 2009 г.

Միակ դուռն' ըստ ՍԴՀԿ-ի


Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն այսօր հայտարարել է, որ սոցիալական խնդիրներից բացի իրենց համար կարևորագույն խնդիր է հանդիսանում ազգայինը:
Ըստ ՍԴՀԿ-ի' կան հարցեր, որոնք պահանջում են այժմեական լուծումներ: Մասնավորապես.
«1.Արցախյան հիմնախնդիր: Նույնիսկ նվազագույն չափով վերծանված մադրիդյան սկզբունքների հակահայկական բովանդակությունը, մեզ հուշում է, որ այն հայանպաստ չէ, այն չի կարող արցախյան հիմնախնդրին արդարացի լուծում տալ և հետևաբար  մեզ համար անընդունելի է:
Արտաքին ուժերի ճնշմամբ ու ուղղորդմամբ, ոչ լեգիտիմ և այդ պատճառով խոցելի իշխող վարչակարգը իր կամքից դուրս մխրճվել է մի գործընթացի մեջ, որը, եթե անհապաղորեն չկասեցվի, գցելու է երկիրը աղետալի ծուղակի մեջ: Հայ զինվորի արյան գնով ազատագրված տարածքները, ոչ թե մանրադրամ են շուկայական առևտրի համար, այլ հանդիսանում են մեր պատմական հայրենիքի անբաժան մասը:
2. Հայ - թուրքական հարաբերություններ: Նույն պատճառաբանությամբ (լեգիտիմության բացակայությունը) ներկա բանակցային գործընթացում աղետալի ծուղակ է հանդիսանում Հայաստանի համար տխրահռչակ ճանապարհային քարտեզի դրույթների ընդունումը, որը լի է ազգային արժանապատվությունը ստորացնող, ազգային անվտանգությունը խոցելի դարձնող դրույթներով: Մինչդեռ ՍԴՀԿ-ն համոզված է, որ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից միակ դուռն է հայ - թուրքական հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ»:
ՍԴՀԿ-ն գտնում է, քանզի Թուրքիան ինքն է միակողմանի նախաձեռնել Հայաստանի հետ սահմանի փակումը, ապա ինքն էլ պետք է մտածի այդ սահմանը բացելու մասին: Այլ խնդիր է, թե Հայաստանը ինչպիսի դիրքորոշում կունենա այդ պարագայում: ՍԴՀԿ-ի կարծիքով մեր երկիրը ոչ պետականորեն, ոչ էլ իրավականորեն դեռ պատրաստ չէ հայ - թուրքական սահմանի վերաբացմանը:
« Ինչպես սոցիալական, այնպես էլ ազգային խնդիրները կարող են լուծումներ ստանալ միմիայն ժողովրդավար երկրում: Ամենից առաջ անհրաժեշտ է հաստատել երկրում ժողովրդավարություն, որը հիմնարար արժեք է կուսակցության համար: Հենց այդ դրդումով էլ ՍԴՀԿ-ն մաս է կազմել համաժողովրդավարական Հայ ազգային կոնգրեսին, որը կազմաքանդման է ենթարկում իշխող ավտորիտար ռեժիմը: Միայն ժողովրդավարության հաստատմամբ, ազնիվ, հավասար մրցակցության մեջ մտնելով այլ կուսակցությունների հետ, ՍԴՀԿ-ն հնարավորություն կունենա անկաշկանդ քարոզելու և իրականացնելու իր կողմից որդեգրած գաղափարներն ու սկզբունքները»,-ասված է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության հաղորդագրության մեջ:

пятница, 14 августа 2009 г.

Սփյուռքը «վիրավոր» է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից


Օգոստոսի 8-ին Հայաստան ժամանած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը հանդիպել էր վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում, ինչպես կառավարության տարածած հաղորդագրության մեջ է ասվում, կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացմանը, գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր ու Հայաստանի տնտեսության մեջ Սփյուռքի առավել լայն ներգրավման հնարավորությունները, ինչպես նաեւ ՍԴՀԿ-ի հետ երկխոսության ու համագործակցության հնարավոր ուղիները:

Անդրադարձ էր կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորմանը: ՍԴՀԿ ԿՎ ատենապետի հանդիպումը իշխանության ներկայացուցչի հետ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց քաղաքական շրջանակներում, որոնց վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ պրն Աճեմյանից:


- Պրն Աճեմյան, ի՞նչ նպատակ ուներ Ձեր հանդիպումը Տիգրան Սարգսյանի հետ, Դուք նախորդ տարի էլ էիք Հայաստան ժամանել, սակայն կառավարության ղեկավարի հետ որեւէ հանդիպում տեղի չունեցավ: Այս տարին առանձնահատո՞ւկ է ինչ-որ բանով:

- Նախ ասեմ, որ այդ հանդիպումը պրոտոկոլային հանդիպում էր: Առաջիկայում` սեպտեմբերի 26-ին, պետք է տեղի ունենա ՍԴՀԿ-ի հերթական համագումարը, որը որոշել ենք հրավիրել մայր հայրենիքում: Մեր վերջին համագումարը հայրենիքում եղել է 1995թ.-ին` Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Որպես հայ առաջին ավանդական կուսակցություն` ՍԴՀԿ-ի համագումարը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հասարակության շրջանում եւ հատկանշական է, որ բոլորը, անկախ քաղաքական պատկանելությունից, պետք է հրավիրվեն այդ համագումարին: Ուստի` մեր հանդիպման նպատակն այն էր, որ վարչապետին եւս հրավիրենք համագումարի բացմանը, որ գա ու իր սրտի խոսքն ասի: Եթե նա ընդունի հրավերը, շատ լավ, եթե ոչ` իր գործն է:

- Պրն Աճեմյան, բոլոր դեպքերում, Ձեր հանդիպումը վարչապետի հետ շատերին տարօրինակ թվաց եւ ահա թե ինչու` ՍԴՀԿ հայաստանյան կառույցը ընդդիմության` Հայ Ազգային Կոնգրեսի անդամ կուսակցություն է, սակայն նույն այդ կուսակցության կենտրոնական վարչության ատենապետը հարաբերվում է իշխանության հետ: Նման դիտարկմանն ինչպե՞ս կարձագանքեք: Արդյո՞ք այդ այցելությամբ ինչ-որ բան է փոխվել ՍԴՀԿ-ի քաղաքական կողմնորոշման մեջ:

- Միանշանակ ոչ: Նման երեւույթ չկա, նախեւառաջ մենք` որեւէ երկրի վարիչ մարմինները, այս պարագայում էլ Հայաստանում գտնվող վարիչ մարմինը, իր տեղական քաղաքականության մեջ անկախ է: Անշուշտ կուսակցությունն ունի իր համագումարներով կայացրած որոշումների ուղեգիծը, եւ այդ ուղեգծին բոլորը պետք է ենթարկվեն: Բայց այս պարագայում ես ոչ մի քաղաքական կուրսի փոփոխություն կամ տարբերություն չեմ նշմարել մեր կուսակցության քաղաքական գծի մեջ, եւ իմ հանդիպումն էլ վարչապետի հետ` բնավ չի կարող նման բան ենթադրել:

- Իսկ վարչապետին` Ձեր համագումարին հրավիրելը կարելի՞ է դիտել որպես իշխանություն-ընդդիմություն մերձեցմանը միտված քայլ, հատկապես, որ վարչապետը նման փորձ արդեն իսկ ունի. մեկ տարի առաջ հրավիրված էր «Ժառանգություն» կուսակցության համագումարին, եւ ինչպես ինքն ասաց` եկել էր կամրջելու իշխանությանն ու ընդդիմությանը:

- Եթե նման երեւույթ ստեղծվի, Հնչակյան կուսակցությունը բավարարված կզգա իրեն: Որովհետեւ այդ մերձեցումը, կարծում եմ, որ շահավետ կլինի մեր երկրի, պետականության համար, եւ մի քիչ էլ ժողովրդին ուշադրություն դարձնելու քաղաքականության հիմքը կդրվի այդպիսով: Սակայն դա երկուստեք` իշխանության եւ Կոնգրեսի որոշելու խնդիր է: Մենք` որպես կուսակցություն, գործակից ենք Կոնգրեսին` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի: Ասեմ նաեւ, որ մենք արտասահմանյան մեր կառույցներով Կոնգրեսի մասին չէ, որ այսօր խոսում ենք, այլ` Լեւոն Տեր-Պետրոսյանի, որովհետեւ նրա հետ մեր կապը նոր չէ, ու պետք է պահպանենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք լուրջ քաղաքական գործակցություն ունենք: Բայց ասեմ, որ մենք որեւէ խնդիր չունենք հանդիպել այս կամ այն գործչի հետ, եթե այդ հանդիպումը ի նպաստ մեր երկրի շահի ու պետականության է:

- Իսկ վարչապետն ինչպե՞ս արձագանքեց ձեր դիտողությանը` կապված Սփյուռք-Հայաստան միասնական քաղաքականության բացակայության հետ, հատկապես, որ հանդիպման ժամանակ քննարկել եք հայրենիք-սփյուռք համագործակցության հարցը:

- Շատ, այսպես ասած` վերնագրեր բացվեցին խոսակցության ժամանակ, բայց մենք լուրջ փոխադարձ հարաբերության մեջ համաձայնության չեկանք: Մասնավորապես շոշափեցինք Ցեղասպանության հարցը, եւ դա միակ խնդիրն է, որով զինված է ամբողջ Սփյուռքը: Այս օրերին սփյուռքահայությունը վիրավոր է Հայաստանի կողմից վարվող ոչ միասնական քաղաքականության պատճառով: Չէ՞ որ մենք անընդհատ հայրենի իշխանավորների շուրթերից լսում ենք միասնաբար գործելու, մեկ ազգ, մեկ տուն լինելու, մեր երկրի արտաքին խնդիրներին միասնաբար լուծում տալու մասին խոսքեր, բայց, դժբախտաբար, իրականությունն այլ բան է փաստում: Մասնավորապես` վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները` հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, խորը նիհիլիզմ են առաջացրել Սփյուռքում: Ներկայիս Սփյուռքը համակված է Ցեղասպանության խնդրի լուծմամբ եւ այդ ուղղությամբ ունի հստակ մշակված ռազմավարություն: Մինչդեռ Հայաստանի նախագահը այդ ռազմավարության կոնցեպցիային դեմ գնացող խնդիր բարձրացրեց` կապված Ցեղասպանության հարցն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հետ, եւ այն հայտարարությունը, որը ստորագրվեց Ցեղասպանության տարելիցի նախօրեին: Այսօր արար աշխարհը զարմացած է դրանից, եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների առաջ մենք տկար դուրս եկանք: Մենք պետք է կամաց-կամաց դուրս գանք այդ տկարությունից, իսկ դրա համար հայտարարությունները, որոնք այդ կապակցությամբ արվում են, պետք է ազգովի արվեն եւ ոչ թե անհատական մակարդակի: Պետք է համազգային մարմնով նստենք եւ որոշումներ կայացնենք, եւ ոչ թե միայն ՍԴՀԿ-ն կամ Դաշնակցությունը, կամ մեկ այլ կուսակցություն, որովհետեւ Ցեղասպանության հարցը լոկ նեղ կուսակցական, նեղ քաղաքական հարց չէ, այլ` ազգային: Մենք փորձեցինք ահա սա բացատրել պարոն վարչապետին, եւ մեր առաջ քաշած շեշտադրումներից շատերին նա հավանություն տվեց: Հատուկ ուզում եմ ընդգծել նաեւ, որ եթե Ցեղասպանության հարցը օրակարգից դուրս գա, ապա Սփյուռքը կարող է փլվել, մինչեւ որ նոր իրավիճակներ, երեւույթներ ստեղծվեն, որպեսզի կարողանանք հայությանը հայ պահենք արտասահմանյան հողի վրա:

- Պրն Աճեմյան, ժամանակ առաջ հայ ավանդական կուսակցություններից մեկը` ՀՌԱԿ-ը պառակտվեց, ինչում, ըստ շրջանառվող լուրերի, մեծ է ՀՀ վարչապետի ներդրումը: Ի՞նչ եք կարծում` ձեր կուսակցության նկատմամբ վարչապետի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը հնարավո՞ր է նման հեռահար նպատակներ ունի: Այլ կերպ ասած` ՍԴՀԿ-ն իմունիտետ ունի՞ դիմակայել հնարավոր պառակտումներին:

- Մենք ցավում ենք, որ պառակտում է տեղի ունեցել այն կուսակցության մեջ, որին մենք համարում ենք քույր կազմակերպություն: Բայց ես ձեռնպահ կմնամ այդ պառակտումը վարչապետին վերագրելու հարցում, դա կոռեկտ չի լինի իմ կողմից: Ցավոք, պառակտումն արդեն կայացած փաստ է, եւ ՀՌԱԿ կենտրոնական վարչությունը ամեն ինչ անում է` միավորելու կուսակցությունը: Եթե ՍԴՀԿ-ն կարող է այդ հարցում օգտակար լինել, ապա մենք կստանձնեք այդ առաքելությունը:

- Ձեր խոսքերից հետեւո՞ւմ է, որ ՍԴՀԿ-ն ամուր կառույց է եւ այն հնարավոր չի լինի պառակտել, տրոհել, եթե նույնիսկ նման ցանկություն ունենա Հայաստանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա:

- Մենք, իսկապես, գնալով ամրանում եւ կուռ ենք դառնում, եւ մեզ տրոհելը հեշտ չի լինի` անգամ մեծ ցանկության պարագայում: Տա Աստված, իհարկե:

Զրուցեց` Հեղինե Մանուկյանը
http://www.zhamanak.com/article/12555/

четверг, 6 августа 2009 г.

Քաղաքական նոր փուլի նախաշեմի՞ն


Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք ու Վանատուր գյուղ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդների ու ակտիվիստների այցելությամբ մեկնարկեցին Հայ Ազգային Կոնգրեսի մարզային այցելությունները: Նրանց թվում էր նաեւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ներկայացնում ենք մեր զրույցը նրա հետ:

-Գո՞հ եք հրազդանցիների ընդունելությունից:

- Թերեւս այս պահով չէ, որ պիտի գնահատեմ հրազդանցիներին: Նրանք մշտապես մեր Շարժման առաջամարտիկներն են եղել: Անկոտրում կամքով մինչեւ վերջ մեզ հետ են եւ առ այսօր որեւէ հիմք չի եղել` կասկածելու այդ մարդկանց վճռականությանը, որ նրանց նպատակները միանշանակ ազնիվ են եւ ուղղված են երկրում սահմանադրական կարգի հաստատմանը: Այսօր առավել քան գոհ եմ նրանց ընդունելությունից, ակտիվությունից, նվիրվածությունից: Վանատուրում հայտնաբերեցի, որ Սասուն Միքայելյանի նկատմամբ իշխանությունների վարքագիծը Հրազդանում նոր հերոսներ է ծնում: Ես տեսա այնտեղ պատանիներ, ովքեր վճռականությամբ լցված մտածում են` ինչպես պայքարել ռեժիմի դեմ երկրում կարգ ու կանոն հաստատելու համար: Վստահ եմ, որ մի քանի տարի հետո Սասունի նման տասնյակ հերոս տղաներ կլինեն էնտեղ: Վանատուրցիների, հրազդանցիների ոգին անկոտրում է, հիացած եմ այդ ժողովրդով:

- Ի՞նչ նպատակ ունեն Կոնգրեսի մարզային այցելությունները:

- Նախ` մենք պարտավոր ենք այցելել բանտերում գտնվող մեր հերոս ընկերների ընտանիքներին, ծանոթանալ նրանց հոգեվիճակին եւ սոցիալական վիճակին: Պիտի ասեմ, որ նրանք բոլորը հպարտանում են իրենց հերոսներով, իրենց ամուսիններով, որոնք այսօր ճաղերից այն կողմ են: Երկրորդ նպատակը` մարզերի ընդհանուր վիճակի, մարզի ժողովրդի հոգեվիճակի, պրոբլեմների հետ ծանոթանալն էր, նաեւ` Կոնգրեսի մարզային գրասենյակները ակտիվացնելը:

- Տիկին Սարգսյան, հնարավո՞ր է կրկնվում է 2007-ի սցենարը, երբ հենց մարզային այցելությունները հիմք դրեցին հանրահավաքային պայքարի կուլմինացիային:

- Ես չեմ ասում, որ 2007թ. սցենարն է կրկնվում, բայց չեմ բացառում, որ կուլմինացիա լինելու է: Երկրում ծանր իրավիճակ է` եւ սոցիալական, եւ քաղաքական, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե վաղը մենք որ երկրում ենք ապրելու, ինչպիսի իրավիճակ կլինի, հետեւաբար պետք է պատրաստ լինել մեր երկրի, պետականության շահերը պաշտպանելուն: Իսկ այսօր իրականում այդ շահերը պաշտպանողը Հայ Ազգային Կոնգրեսն է, նրան աջակցող կուսակցություններն են եւ իրական ընդդիմությունն է:

- Գաղտնիք չէ, որ ժողովրդի մեջ որոշակի ապատիա կա: Ինչպե՞ս եք պատրաստվում կրկին «արթնացնել» ժողովրդին:

- Ես չեմ կարծում, որ ժողովուրդը քնած է: Ժողովուրդը կարող է Շարժման ողջ տրամաբանությունը չհասկանալ եւ պարտավոր էլ չէ հասկանալ, որովհետեւ ամեն ինչ չի, որ մատուցվում է ժողովրդին, սակայն այդ ամենը Շարժման ընդհանուր տրամաբանության մեջ է: Ես որեւէ ապատիա չեմ տեսնում: Ամենացավալին այն կլինի, եթե ժողովուրդը կորցնի հավատը ընդդիմության նկատմամբ: Ես նման կորուստ չեմ տեսնում, դա կարող է լինել մի պարագայում` եթե մարդիկ սկսեն ողջունել իշխանությունների քայլերը: Իսկ դա բացառվում է այս պարագայում: Հետեւաբար կգա ժամանակը, եւ ժողովուրդը, որ մի պահ հանգիստ է վերցրել, նորից կաշխուժանա եւ մեզ հետ միասին կշարունակի պայքարը երկրում սահմանադրական կարգ հաստատելու ուղղությամբ:

- Ասել է թե` համոզվա՞ծ եք, որ հնարավոր է արթնացնել պայքարի ոգին:

- Ես որեւէ խնդիր չեմ տեսնում մեր ժողովրդի հետ: Մեր ժողովուրդը գիտակից ժողովուրդ է, հասկանում է երկրում ստեղծված վիճակը, որ գործող նախագահը չի տիրապետում իրավիճակին, որ նրան տարբեր պարտադրանքներով ստիպում են քայլեր կատարել ԼՂ գործընթացում:

- Կոնգրեսի մարզային հանդիպումները շարունակակա՞ն են լինելու, քաղաքական իրավիճակ փոխելու խնդի՞ր է դրված:

- Այսօր շատ բան կախված է երկրից դուրս տեղի ունեցող զարգացումներից: Նայած, թե ԼՂ հիմնախնդրի լուծման հետ կապված ինչ իրավիճակ կստեղծվի սեպտեմբերին: Չեմ կարող ասել` ինչ հետեւողականությամբ դա կարող է լինել, բայց մի քանի մարզեր մենք հաստատ պիտի այցելենք եւ դրանից հետո արդեն կորոշենք, թե ինչ ձեւով շարունակենք մեր այցելությունները: Դա արդեն հետագայի խնդիր է:

- Տեղեկություններ կան, որ օգոստոսին հնարավոր է արտահերթ հանրահավաք լինի` ԼՂ գործընթացի զարգացումների առթիվ...

- Ես չեմ հաստատում այդ տեղեկությունը, բայց նաեւ` չեմ բացառում: Ամեն ինչ կախված է իրավիճակից: Ոչ ոք չի կարող ասել, թե վաղը մենք ինչ երկրում կարթնանանք եւ ինչ իրավիճակ կլինի: Պատրաստ պիտի լինենք ճիշտ արձագանքելու յուրաքանչյուր իրավիճակին եւ կարողանանք կազմակերպել ժողովրդին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

- Իսկ սեպտեմբերի 18-ին ի՞նչ է սպասվում: Ընդհանրապես սեպտեմբերի 18-ը սկիզբ լինելո՞ւ է ինչ-որ գործընթացի:

- Կարող ենք նաեւ էդպես համարել: Ամեն դեպքում` աշունը թեժ է լինելու:

- Քաղաքական նոր փո՞ւլ է սկսվում:

- Կարծում եմ` այո:

четверг, 16 июля 2009 г.

Թուրքիան օգնո՞ւմ է ույգուրներին


ՍԴՀԿ-ն, ելնելով իր ավելի քան 120-ամյա քաղաքական փորձից, «անհրաժեշտ է համարում իրազեկել հայ ժողովրդին ինչ հայատյաց ծրագրեր գոյություն ունեն այսօր և ինչ վտանգավոր մարտահրավերներ են նետված համայն հայությանը»:
«Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից առաջ քաշած ՙՄեկ ազգ` երկու պետություն՚ կարգախոսը ամենևին էլ մակերեսային ու պոպուլիստական չի: Սա իրականում հին պանթուրքիստական ծրագրի նորացված ձևն է: Պանթուրքիզմի` թուրքացեղ ժողովուրդների մեկ պետության մեջ միավորելու ծրագրին փոխարինելու եկավ նեոպանթուրքիզմը` նույն ժողովուրդների պետությունների Եվրոմիության տիպի կազմավորման ծրագիրը, Թուրքիայի քաղաքական պատրոնաժի ներքո: Իսկ այն թրքացեղ ժողովուրդները, որոնք մինչ այսօր դեռ չեն ձեռք բերել ինքնիշխանություն, Թուրքիայի օգնությամբ սրընթացորեն սկսել են պայքարել անկախություն ձեռք բերելու ուղղությամբ, որպեսզի տեսանելի ապագայում համալրեն վերոհիշյալ կազմավորումը: Այդպիսի նպատակ է հետապնդում, մասնավորապես, ույգուրների վերջին ընդվզումները Չինաստանում:
Այսպիսով, առաջին հայացքից կարծես ժամկետ անց, արդիականությունը կորցրած պանթուրքիստական ավանդական ծրագիրը, որի համաձայն թրքացեղ ժողովուրդների միասնական հայրենիքը ընդգրկում է մի հսկայական տարածք (կիսալուսին), ձգված Բալկաններից մինչև Մանջուրիա և Չինաստանից մինչև Սառուցյալ օվկիանոս, այսօր ստանում է նոր ոգի ու շունչ կերպարանափոխվելով ՙՄեկ ցեղ` տարբեր պետություններ՚ կարգախոսի ներքո: Եվ եթե ավանդական պանթուրքիզմը նախատեսում էր խոչընդոտ հանդիսացող հայերի համար արյունալի ցեղասպանություն, ապա արդիականացված նեոպանթուրքիզմը նախատեսում է հայերի համար այս անգամ սպիտակ անարյուն եղեռն` տնտեսական, մշակույթային, քաղաքակրթական, ժողովրդագրական ահաբեկչության միջոցով:
Թուրքիային պանթուրքիստական կամար ստեղծելու ճանապարհին այդքան խանգարող հայկական սեպը Ղարաբաղի հանձնումով անհետ կորելու է հսկայական նոր պանթուրքիստական պարկի հատակին, ինչը չափազանց վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի (Ատրպատականի հատված), Վրաստանի (Աջարիա, Ջավախք) համար: Եվ մեր երկրի բոլոր միջազգային շփումները արտաքին աշխարհի հետ և այդ թվում հնարավոր մուտքը Եվրոպա իրականացվելու է այդ պարկի միանձնյա տիրոջ` Թուրքիայի միջոցով, ինչին աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները ելնելով Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարության անճարակությունից ու թուլությունից, դեմ չեն:
Այսպիսի անմխիթար ճակատագիր է սպասվում Հայաստանին ու Արցախին, եթե Մոսկվայում Սերժ Սարգսյանը ստորագրի նախատեսվող համաձայնությունը, իսկ քիչ անց էլ Անկարայում վավերացնի նախապայմաններով լի չարաբաստիկ հայ - թուրքական հաշտեցման ճանապարհային քարտեզը»,-ասված է հայտարարության մեջ:
ՍԴՀԿ-ն կոչ է անում ողջ հայ ժողովրդին, ներառյալ արցախահայությանն ու Սփյուռքին պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:
«ՍԴՀԿ-ն միաժամանակ զգուշացնում է, որ ներկա հանցավոր ռեժիմը տեսնելով, որ իշխանությունը նույն ձևով պահել հնարավոր չէ, կփորձի շուտափույթ ստեղծել նոր կեղծ ընդդիմություն, որը ՙհայրենասիրական՚ դրոշի ներքո կաշխատի փոխարինել ձախողված պետական ջոջերին դրանով իսկ ապահովվելով վերջիններիս վերարտադրությունը իշխանական ղեկի մոտ:
Հայրենակիցներ` վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀԱԿ-ը բազմիցս զգուշացրել էր, որ ոչ լեգիտիմ նախագահը խոցելի է և բնականաբար խամաճիկ է դառնում Մեծ տերությունների ձեռքին: Ցավոք ամեն ինչ ունի իր գինը և այդ գինը վճարելու պահն է եկել. այն է` Հայաստանի և Արցախի անկախությունը: Այս օրհասական պահին կա միայն մեկ լուծում` պահանջել ոչ լեգիտիմ նախագահի հրաժարականը, քանզի միայն ազգովի ընտրված նախագահն է իվիճակի լուծելու Հայաստանի և Արցախի ապագայի խնդիրը»,-նշված է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Վարչության հայտարարության մեջ:

пятница, 19 июня 2009 г.

Չկա ֆաշիզմ` չկա էմիգրացիա


Սփյուռքում բազմաթիվ կառույցներ ունեցող ՍԴՀԿ-ում, ավելի, քան այլ կուսակցություններում, տեղյակ են, թե ինչպես է իրականում հայկական սփյուռքը վերաբերվում Հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։

Եւ դա այն դեպքում, երբ տարեցտարի արտասահման մեկնող հայերի թիվը ավելանում է` մեծացնելով սփյուռքում ապրողների թիվը։ Համահնչակյան կենտրոնական վարչության քաղաքական հարցերով խորհրդատու Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում պատմում էր, թե ինչպես է իրականում հայկական սփյուռքը տեղեկանում հայաստանյան խնդիրների մասին։ «Նա, ով եղել է արտասահմանում, գիտի, թե սփյուռքի մեր եղբայրները, քույրերը ինչպես են կարոտախտով «հարցաքննում» Հայաստանից մեկնած ցանկացած մարդու։ Նրանց համար ամեն ինչ հետաքրքիր է, այնպես որ, իրենք ամենափոքր մանրուքների մասին անգամ տեղյակ են։ Եւ հակաիշխանական այն ալիքը, որ վերջերս բարձրացավ սփյուռքում, հենց այդ ինֆորմացիայի արդյունքն էր, քանի որ վերջին 10 տարվա ընթացքում հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվեցին սփյուռքում»,- նշեց Եղիազարյանը` հավելելով, որ ինքն էլ ունի նման տասնյակ բարեկամներ եւ ընկերներ, ովքեր, չհամակերպվելով այս իշխանությունների հետ կամ հալածվելով նրան կողմից, լքել են Հայաստանը։ «Մեկ օրինակ` իմ ընկերներից Սամվել Սահակյանը, ով ինձ հետ աշխատում էր անվտանգության մարմիններում, ով ժամանակին Կարեն Դեմիրճյանի թիկնազորի պետն էր եւ ինձ հետ միասին ընդդիմադիր էր, մի քանի տարի առաջ ստիպված հեռացավ հայրենիքից` քաղաքական հալածանքների պատճառով։ Նա, որ իրեն չէր կարող պատկերացնել հայրենիքից դուրս, ընտանիքի եւ երեխաների համար ունեցած վախից` ստիպված մեկնեց, եւ հիմա, կարծեմ` Հոլանդիայում է։ Ուշագրավն այն է, որ ինձ կալանավորելուց հետո` մարտի 2-ին, իրավապահ կոչվածները գնացել են Սամվելի հասցեով եւ խուզարկություն արել նրա տանը, այն դեպքում, երբ նա մի քանի տարի է` արտասահմանում է գտնվում։ Սա ընդամենը մեկ օրինակ է, բայց կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ` իմ ընկերներից, բարեկամներից, նրանց բարեկամներից»,- պատմում էր Եղիազարյանը։ Վերջինիս խոսքերով, սակայն, նրանք, ովքեր քաղաքական պատճառներով լքում են հայրենիքը, սփյուռքում շարունակում են զբաղվել քաղաքականությամբ։ «Սփյուռքում ՍԴՀԿ ակտիվի մի մասը համալրված է այն մարդկանցով, ովքեր վերջին տասնամյակի ընթացքում հայտնվել են արտասահմանում։ Սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը ամեն օր տեղեկանում են այս խամաճիկ դատավորների վարած դատերից, թե ինչպես են անմեղ քաղբանտարկյալների վրա գործեր սարքում, որ անցել է մեկ ու կես տարի, բայց մինչեւ այսօր մարտի 1-ի զոհերի դահիճները բացահայտված չեն։ Եւ այս ամենը արդարացի զայրույթ է առաջացնում սփյուռքում»,- նշեց Եղիազարյանը։ Պարոն Եղիազարյանը նաեւ հիշեցրեց` եթե 90-ականներին ՀՀ-ն իր գենոֆոնդից զրկվում էր պատերազմի դաշտում, այսօր զրկվում է արտագաղթի հաշվին։ «Բայց ես կարող եմ վստահ ասել` աշնանը կլինի իշխանափոխություն եւ այն ժամանակ դուք ականատես կլինեք միգրացիայի, թե ինչպես են հազարավոր մարդիկ վերադառնալու հայրենիք։ Վերցրեք 30-ականների ֆաշիստական Գերմանիան, նայեք էմիգրացիայի ցուցանիշները եւ վերցրեց 50-ականների քանդված Գերմանիան ու տեսեք, թե ինչպես են մարդիկ վերադառնում նույն Գերմանիա։ Այսինքն` կա ֆաշիզմ` կա էմիգրացիա, չկա ֆաշիզմ` չկա էմիգրացիա, կա միգրացիա»,- նշեց Եղիազարյանը։

Հ.Գ. Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տվյալներով, 2008-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանից մեկնածների թիվը 23 հազարով ավելին է եղել, քան ժամանածների թիվը։ Իսկ ահա 2007 թվականին այդ տարբերությունը մոտ 8 անգամ քիչ էր` 3 հազար երկու հարյուր։
http://www.armtimes.com/6918

среда, 13 мая 2009 г.

Մինչեւ մայիսի 31-ը ՀԱԿ-ը հասնելու է մաքսիմալ ակտիվության


Երեւանի ավագանու ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի` Նոր Նորք համայնքի նախընտրական շտաբների գործունեության վերահսկողությունը վերապահված է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը` ի դեմս Նոր Նորքի շտաբի պետ, ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանի: Մեր զրուցակիցը ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է:

-Պիտի արձանագրեմ, որ նախագահական ընտրություններից առաջ այս համայնքում շատ լուրջ թիմ չէր ձեւավորվել, այդ պատճառով էլ աշխատանքները այնքան կոորդինացված եւ լավ արդյունք չտվեցին, ինչքան որ ակնկալվում էր: Մինչդեռ այսօրվա դրությամբ Նոր-Նորքում շատ լուրջ թիմ է ձեւավորվել. Նորքի բոլոր զանգվածներում ՀԱԿ-ն ունի շտաբներ, որտեղ տիրում է նախընտրական ակտիվ եռուզեռ, ամբողջ օրը մարդիկ ակտիվ ելումուտ են անում մեր գրասենյակներ, ընդ որում` ոչ միայն ՀԱԿ-ին անդամագրվածները, այլեւ շարքային քաղաքացիներ, որոնք խիստ դժգոհ են երկրիս կառավարիչների անօրինական գործունեությունից, ովքեր ակնկալում են իրենց քաղաքում փոփոխություններ արձանագրել ընտրությունների միջոցով ու այդ հարցում անվերապահ վստահում են ՀԱԿ-ին: Ինձ շատ գոհացնում է նախընտրական այն իրավիճակը, որն առկա է Նոր Նորքում, սակայն մենք քաղաքացիների նախընտրական ոգեւորությունը էլ ավելի բարձր աստիճանի հասցնելու կարիք ունենք, որի դեպքում այդ համայնքում ՀԱԿ-ը բավական բարձր ցուցանիշ ապահովելու մեծ շանսեր ունի:

- Իսկ ինչպիսի՞ն է, Ձեր գնահատմամբ, ՀԱԿ-ի քարոզարշավի ընթացքը: Տպավորություն է, թե ընտրարշավը սպասվածից պասիվ է:

- Այն վախի մթնոլորտը, որը փորձում են ձեւավորել իշխանությունները տարբեր մեթոդներով, բնականաբար որոշակի ազդեցություն թողնում է քաղաքացիների ակտիվության վրա: Մենք Նորք-Մարաշում ականատես եղանք, թե ինչ լուրջ աշխատանք էին տարել իշխանությունները, որպեսզի հնարավորինս քիչ մարդիկ ներկայանան նախընտրական հանդիպմանը, եւ ստեղծվի մի վիճակ, թե իբր մենք այդ համայնքում չունենք համակիրներ: Իրականում, սակայն, մարդիկ, որոնց վրա իշխանական տեռորը բացարձակ չի ազդում, եկել էին հանդիպման, եւ մենք գիտենք, որ Երեւանի բոլոր համայնքներում, այդ թվում եւ Նորք-Մարաշում, մենք բազմաթիվ համակիրներ ունենք: Դա անվիճելի է, եւ իշխանական ռեպրեսիաները դրա դեմ ոչ մի բան անել չեն կարող: Ինչ վերաբերում է քարոզարշավի ընդհանուր ընթացքին, ապա այն բազմամարդության, խանդավառվածության, ոգեւորության առումով աճողական է: Դավիթաշենում տեղի ունեցած նախընտրական հանդիպման փաստն արդեն իսկ հուշում է, որ օր օրի ակտիվանում է երեւանցին եւ մինչեւ մայիսի 31-ը ՀԱԿ-ն իր ընտրարշավի միջոցով կարողանալու է հասնել ընտրողների մաքսիմալ ակտիվության: Ես այն համոզումն ունեմ, որ ՀԱԿ-ի` ընտրությունների մասնակցության փաստը գրեթե անհնար է դարձնում մյուս քաղաքական ուժերի հաղթելու հնարավորությունները: Եթե իհարկե ընտրություններն անցնեն արդար ու թափանցիկ, ոչ թե բացահայտ տեռորի ու տոտալ կեղծիքների պայմաններում, ինչպես նախորդ` նախագահական ընտրությունների դեպքում էր: Իսկ եթե գործի նույն ձեռագիրը, մենք եւս պատրաստ ենք ամեն ինչ անել` մեր քվեները պահպանելու համար:

- Մասնավորապես ի՞նչ մեթոդներ եք գործի դնելու, ի՞նչ գործողությունների միջոցով եք տեր կանգնելու ձեր ձայներին:

- Համագործակցություն ընտրությունների ընթացքը վերահսկող, դիտարկող կազմակերպությունների հետ, ընտրակեղծիքների օպերատիվ արձանագրում, նաեւ` ըստ իրավիճակի կդիմենք կոնկրետ գործողությունների:

- Ինչպես նախորդ նախագահական, այնպես էլ այս ընտրությունների ժամանակ արդեն իսկ նկատելի են իշխանությունների բիրտ միջամտությունները նախընտրական պրոցեսին` ծեծվում եւ այլ բռնությունների են ենթարկվում ընդդիմության ակտիվիստները: Ի՞նչ երաշխիք, որ բուն ընտրական պրոցեսի ժամանակ էլ նույն ձեռագիրը չի գործելու, եւ իշխանություններն էլի բռունցքի ուժով հաղթելու են:

- Այդ բռնությունները խոսում են մի բանի մասին` իշխանությունները վստահ չեն իրենց հաղթանակի վրա, ուստի եւ կիրառում են բոլոր հնարավոր մեթոդները` ոստիկանական մահակ, բռունցք, որպեսզի պասիվ մասնակցություն լինի ընտրություններին, որովհետեւ պասիվ մասնակցության դեպքում ավելի է մեծանում ընտրակեղծիքներ իրականացնելու հնարավորությունը: Իսկ մենք խնդիր ունենք ամեն գնով ակտիվացնել ու հասկացնել երեւանցի ընտրողին, որ միայն իր ակտիվությամբ է հնարավոր լինելու բռնել ընտրակեղծիք իրականացնողների ձեռքն ու թույլ չտալ վերջինիս յուրացնել իշխանության հերթական օղակը:

- Մայիսի 15-ին սպասվող համապետական հանրահավաքի թեման ո՞րն է լինելու: Հնարավո՞ր է, որ այդ օրը ազդարարվի քարոզարշավի նոր, ավելի ակտիվ փուլի մեկնարկի մասին:

- Ես ձեռնպահ կմնամ նախօրոք խոսել հանրահավաքի օրակարգի մասին, բայց կարծում եմ, որ հիմնական «մեխը» անխուսափելիորեն լինելու է առաջիկա ընտրությունները, սպասվելիք զարգացումները, նաեւ` աշխարհաքաղաքական ներկա գործընթացները: Այդ հանրահավաքի միջոցով եւս մեկ անգամ հասարակությանը հասու կդարձվի մի պարզ ճշմարտություն. այս երկրի ցանկացած քաղաքացի պետք է գիտակցի իր անձի կարեւորությունը երկրի կառավարման գործընթացում: Այդ հանրահավաքին իրենց մասնակցությունն ապահովող մեր համաքաղաքացիները եւս մեկ անգամ կհամոզվեն, որ Համաժողովրդական շարժումը մեկուկես տարվա ընթացքում կարողացել է օր օրի հզորանալ, դառնալ իշխանություններին ռեալ հակակշիռ եւ այլ այլընտրանք, քան հաղթանակը` չունի: Իսկ ավագանու ընտրությունները շատ կարեւոր, կենսական նշանակություն ունեցող քայլ են այդ հաղթանակի ճանապարհին: Այդ ընտրություններում մեր անվերապահ հաղթանակը կլինի երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ՀԱԿ-ի առաքելության առաջին փուլը, ինչին կհետեւեն երկրի առողջացմանն ուղղված մյուս գործողությունները, եւ երկիրը շատ արագ կկանգնի իշխանափոխության փաստի առաջ:
http://www.zhamanak.com/article/12064/

четверг, 30 апреля 2009 г.

Ամերիկահայությունը մտահոգ է ու տարակուսած


«ՀՀ իշխանությունները պատրաստ են զիջել Թուրքիային, բայց ոչ իրենց հայրենակիցներին»

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի ատենապետ Համբիկ Սարաֆյանը երեկ ԱՄՆ-ից մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ սփյուռքի համար անհասկանալի են ՀՀ իշանությունների քայլերը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարոն Սարաֆյան, ամերիկահայությունը ինչպե՞ս ընդունեց Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը` Ցեղասպանության նախօրյակին, եւ արդյոք ընկալելի՞ էր դա սփյուռքի համար:

- Միանշանակ կարելի է ասել, որ բացասական է ընկալումը, որովհետեւ գոնե սփյուռքահայության համար բավական անհասկանալի էր, թե ինչու պիտի Ցեղասպանության հիշատակման նախօրեին նման համաձայնագիր լիներ: Այդ օրը կարծես կանխորոշեց, որ Օբաման չի օգտագործելու «ցեղասպանություն» բառը: Սփյուռքի կողմից ընկալվեց, որ դա ոչ թե Հայաստանի նախաձեռնությունն էր, այլ պարտադրված էր ՀՀ այսօրվա իշխանություններին, որ հատկապես Ցեղասպանության հիշատակման օրվանից երկու օր առաջ հայտարարեին սկզբունքային համաձայնության մասին: Նշեմ, որ սփյուռքի մոտ առկա է մեծ մտահոգություն: Սփյուռքը չի հասկանում` ի՞նչն է հիմնական մեկնակետը, ինչի՞ ենք ձգտում եւ ինչի՞ ենք ուզում հասնել: Հստակ չի, թե ուր ենք գնում: Բոլորն էլ հասկանում են, որ գործընթացն անհրաժեշտ է, որ Հայաստանին պետք են բաց սահմաններ, բայց հիմնական մտահոգությունն այն է, թե արդյո՞ք մենք այս գործընթացով հասնում ենք այնտեղ, ուր ցանկանում ենք հասնել, թե՞ չենք հայտնվի այնպիսի իրավիճակում, որ գործընթացն ավարտելուց հետո, նայենք ու տեսնենք, որ բոլորովին այլ տեղ ենք հասել ու շատ ավելի աննպաստ ու վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել, քան այդ գործընթացից առաջ:

- Փաստորեն սփյուռքն այսօր ավելի հիասթափված է ՀՀ իշխանությունների այս քայլից, քան նախագահ Օբամայի՞ց, ով անգլերենով այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը:

- Միանշանակ կարելի է այդպես ասել, որովհետեւ տրամաբանող յուրաքանչյուր հայի համար հասկանալի է, որ «ցեղասպանություն» բառն արտասանելը էական ոչինչ չէր կարող փոխել: Քանի որ կցկտուր են տեղեկությունները համաձայնագրի վերաբերյալ, բացարձակապես տեղեկություն չկա Հայաստանի կողմից, դա ավելի է խորացնում կասկածներն ու մտահոգությունը, որ ինչ-որ բան այն չէ: Սրան գումարվում է սփյուռքահայության մտավախությունը, որ այս համաձայնագրով վնասվում կամ կասեցվում է Ցեղասպանության ճանաչման գործընթացը, ընդհանրապես այդ խնդրի հետապնդումը կարող է անիմաստ դառնալ: Սփյուռքը չի հասկանում` մասնավորապես պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը ինչո՞վ է նպաստելու հարցի լուծմանը: Ցեղասպանության ճանաչման ջանքերը դառնում են անիմաստ, որովհետեւ հայրենիքը փաստացի անում է քայլեր, որոնք համաձայնեցված չեն սփյուռքի հետ:

- Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության պատճառների առթիվ սփյուռքում ի՞նչ մեկնաբանություններ, եզրակացություններ շրջանառվեցին:

- Կարելի է ասել, որ հիմնական եզրակացությունը, որ մենք անում ենք այս ամենից, այն է, որ այսօրվա իշխանությունների գործողությունների հայանպաստ ձեւակերպումները կասկածների տեղիք են տալիս: Ուզենք, թե չուզենք` այդպես է, որովհետեւ այս իշխանությունը իշխանության գալու առաջին իսկ օրվանից իր լեգիտիմության հարցով է ավելի զբաղված եղել, քան Հայաստանին վերաբերող հարցեր լուծելով: Մանավանդ որ` այսօր ներքին ճակատը Հայաստանում գտնվում է այդպիսի սուր իրավիճակում եւ չի վերացել այդ իրավիճակը: Ժողովրդի մոտ երկու մտահոգություն կա, որ իշխանությունն այս ամենն անում է արտաքին ճնշման ազդեցության տակ, երկրորդ` որ լեգիտիմության պակասի պատճառով իշխանություններին պարտադրում են, որ այս քայլին դիմի: Մի օրինակ բերեմ` երբ Խորհրդային Միությունը ստեղծվեց, կնքվեց Բրեստի նվաստացուցիչ դաշնագիրը Գերմանիայի հետ, որով փաստորեն ետ վերադարձվեց այն ամենը, ինչ հայ-ռուս-թուրքական պատերազմով ձեռք էր բերվել: Ռուսները դա արեցին, որ իրենց Արեւմտյան ճակատը խաղաղ լինի ու ներսում հարցերը լուծեն սպիտակգվարդիականների հետ: Այսօր տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը փորձում է արտաքին աշխարհի հետ հարաբերությունները մաքսիմումի հասցնել, որ կարողանա «լուծել» ներքին հարցերը եւ չունենա մտահոգություն, որ կարող է դրսից իրեն ճնշեն: Զարմանալի բան է ստացվում. պատրաստ են զիջումների գնալու արտաքին աշխարհի` Թուրքիայի հետ, բայց պատրաստ չեն մի գրամ զիջելու իրենց հայրենակիցների հարցում: Ներքին ճակատում մի գրամի տեղաշարժ չկա: Սփյուռքի համար այս իշխանության գործելաոճը եւ մոտեցումները անհասկանալի են: Մի բան է այստեղ կատարվում, որը դժվար է հասկանալ եւ կասկածներ է առաջացնում այս իշխանությունների անկեղծության, իսկապես ՀՀ պետական շահերով առաջնորդվելու հարցում: Եթե չլինեին ներքին խնդիրները, իշխանությունը, թերեւս, բոլորովին այլ կերպ պետք է մոտենար այս հարցին եւ շատ ավելի բաց պիտի լինեին խաղաքարտերը, ոչ թե այսպես` գաղտնիության քողի տակ:

- Համաձայնագրի առթիվ սփյուռքի մի շարք կառույցներ հանդես եկան մտահոգություններով, հայտարարություններով, մասնավորապես` ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ այլն: Սփյուռքի հետ համագործակցող Հայաստանի որեւէ կառույց. օրինակ` կա սփյուռքի նախարարություն. փորձե՞լ է բացատրել ՀՀ իշխանությունների այս քայլը` փարատելու համար այդ մտահոգությունները:

- Ինչի՞ մասին է խոսքը, երբ նույն իրենց կոալիցիոն կուսակցությունը տեղյակ չի եղել` ինչ են ստորագրում, կամ Հայաստանի ժողովուրդը տեղյակ չէ, ինչպե՞ս կարող էր սփյուռքը տեղեկացված լինել: Ակնհայտ է, որ քննարկվում է մի հարց, որը վեր է ընդդիմություն-իշխանություն հարթությունից: Նման հարցերը միայն համաժողովրդական քննարկման արդյունքում կարելի էր լուծել եւ արդյունքի հասնել, ոչ թե 5-6 հոգի գնան համաձայնություն կնքեն, եւ ժողովուրդը իրազեկված չլինի` ինչ է տեղի ունենում: Եթե ՀՀ պետական շահերից ելնելով է դա արվում, ուրեմն ի՞նչ են թաքցնում այսօրվա իշխանությունները: Կարելի է համեմատություն անել 1997թ. Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ներկայիս իշխանության գործելաոճի միջեւ. այն ժամանակվա նախագահը հարցը դրեց հանրության առաջ եւ փորձեց բաց քննարկում սկսել` Հայաստանի կարեւորագույն հարցերի վերաբերյալ, ժողովրդին մասնակից դարձնել: Եվ նրա հասցեին մեղադրանքներ հնչեցին, ոչ թե որ բանակցություններ էր վարել, այլ որ համարձակվել էր այդ հարցերը դնել սեղանին, հանրային օրակարգ մտցնել, իսկ այսօր գաղտնիության քողի ներքո է արվում ինչ-ինչ բաներ: Եվ ոչ միայն առաջարկներ են արվում, այլ մարդիկ համաձայնագիր են կնքում: Ո՞ւր են այդ մարդիկ հիմա, ինչո՞ւ այս իշխանություններին ոչ ոք չի ասում, որ նրանք դավաճանական գործողություններ են անում:

- Ո՞րն է ամերիկահայության հիմնական պահանջն այսօր գործող ՀՀ իշխանություններից:

- Կարող եմ այսպես ձեւակերպել. իշխանությունները պարտավորություն ունեն կատարել հետեւյալը. նախ` ժողովրդին հանգամանորեն բացատրել` ինչ է տեղի ունենում, գաղտնի բանակցությունների վարկածն անընդունելի է: Երկրորդ` իրենք պիտի ժողովրդին կարողանան ապացուցել, որ սա չեն անում իրենց լեգիտիմությունը ապահովելու համար, այլ Հայաստանի պետական շահերից ելնելով: Իսկ դա ապացուցելու համար ունեն կարեւորագույն խնդիր` լուծել ներքին հարցերը, երկխոսության գնալ ընդդիմության հետ: Առանց ժողովրդի համապարփակ մասնակցության` չեն կարող այս հարցը լուծել եւ հետո համոզել հայ ժողովրդին, որ առաջնորդվում են ՀՀ շահով: Երրորդ` իրենք պիտի հաշվի առնեն, որ սա ողջ հայ ժողովրդի ապագայի հետ կապված հարց է, եւ առանց ողջ հայության մասնակցության` այդ գործընթացը ճիշտ չի կարող շարունակվել եւ ինչ համաձայնության էլ ուզենան գալ, ինչ «Ճանապարհային քարտեզ» էլ գծեն, եթե ժողովուրդը չհամաձայնի, այդ քարտեզը կարող է սոսկ քարտեզ մնալ, որովհետեւ թերահավատություն ու կասկածամտություն լինելու է:
http://www.zhamanak.com/article/11965/

вторник, 14 апреля 2009 г.

Որ Տեր-Պետրոսյանը հաղթանակ տանի


Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Հայ ազգային կոնգրեսում օրերս որոշում էր կայացվել Երեւանի համայնքները բաժանել ՀԱԿ անդամ կուսակցությունների միջեւ. ըստ այդմ, Կոնգրեսի որոշ կուսակցություններ պատասխանատվություն են ստանձնել առանձին համայնքների համար։

Քանաքեռ-Զեյթունում պատասխանատվությունը ստանձնել է ԺՈւԿ-ը, Կենտրոնում եւ Նորք Մարաշում` ՀՀՇ-ն, Արաբկիրում` ՀՀՇ-ն ու ՀԺԿ-ն, Ավանում` «Հանրապետությունը», Նոր Նորքում` ՍԴՀԿ-ն։ Մնացած համայնքների հարցով առայժմ վերջնական որոշում չկա։ Իսկ այն համայնքներում, որոնց կապակցությամբ արդեն վերջնական որոշում է կայացվել, արդեն սկսվել են նախընտրական շտաբների ձեւավորման նախապատրաստական աշխատանքները։ ՀՀՇ կենտրոնական գրասենյակում քանի օր է` սկսել են աջակից խմբեր կազմավորել։ Մեզ հետ զրույցում ՀԱԿ Կենտրոնի շտաբի պատասխանատու Դավիթ Առաքելյանը նշեց, որ այժմ իրենք ակտիվ շփումներ են ունենում ոչ կուսակցական այն քաղաքացիների հետ, ովքեր ցանկանում են ընտրությունների ժամանակ աջակցել ՀԱԿ-ին։ Առաքելյանը նաեւ նշեց, որ բացի ՀՀՇ-ից, կոնկրետ Կենտրոնում ակտիվ կլինեն նաեւ ՀԱԿ անդամ այն կուսակցությունները, ովքեր ուժեղ կառույցներ ունեն Կենտրոնում, ինչպես օրինակ,ՀԺԿ-ն։ ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ կենտրոնական շտաբի անդամ Ստեփան Մինասյանը մեզ տեղեկացրեց, որ թեեւ իրենք ակտիվ են լինելու բոլոր համայնքներում, սակայն որոշ տեղերում ՀԺԿ-ի ներգրավվածությունը լինելու է առավել ընդգծված. ՀԺԿ ներկայացուցիչները լինելու են նաեւ համահամակարգողի դերում։ Ներկայում ՀԺԿ-ում հաշվարկում են ընտրական հանձնաժողովի անդամի լիցենզիա ունեցողներին։ Մինասյանի խոսքերով, այս պահի դրությամբ, ՀԺԿ-ն ունի մոտավորապես 200 լիցենզավորված անդամ, սակայն համապատասխան դասընթացներից հետո նրանց թիվն ավելանալու է։ Մայրաքաղաքի ամենամեծ թվով ընտրատեղամասերն ունեցող համայնքը` Նոր Նորքն է ընտրել ՍԴՀԿ-ն։ Օրերս ՀԱԿ քաղխորհուրդը հաստատել է ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի թեկնածությունը` որպես ՀԱԿ Նոր Նորքի շտաբի համակարգող։ «Մենք ցանկանում էինք ակտիվ մասնակցել ընտրություններին եւ օգտակար լինել Կոնգրեսին։ Իրականում, Նոր Նորքը շատ ծանր համայնք է, այն ունի մոտավորապես 55 տեղամաս։ Եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ համայնքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ջախջախիչ հաղթանակ տանի»,- մեզ հետ զրույցում ասում էր ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Նրա խոսքերով, ՍԴՀԿ-ն արդեն նախաձեռնել է այդ համայնքում շտաբներ բացելու կազմակեպչական աշխատանքները։ Նախօրեին հայտնի դարձավ, որ տեղի ՍԴՀԿ ակտիվիստները արդեն զանգեր են ստանում թաղային հեղինակություններից ու ոստիկաններից, ովքեր «հորդորում են» վերջիններիս` առնչություն չունենալ ընտրությունների հետ։ Ի պատասխան, տիկին Սարգսյանը երեկ հայտարարեց. «Դեռ չեն հասցրել խոչընդոտել, բայց եթե փորձեն, ապա ինչպես ռուսներն են ասում, «մի տոժե նե լիկոմ շիտի», մենք էլ կկարողանանք համապատասխան խոչընդոտներ ստեղծել իրենց համար»։ Տիկին Սարգսյանը հավելեց, որ ՍԴՀԿ-ն Նոր Նորքում համագործակցում է նաեւ սովորական քաղաքացիների, ԵԿՄ անդամների, մի խոսքով` բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են աջակցել իրենց։
http://www.armtimes.com/8049

суббота, 11 апреля 2009 г.

Հայաստանը Սփյուռքին ներքաշում է կոնֆլիկտի մեջ


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարած այցից հետո ԱՄՆ հայ համայնքի տպավորություններն իմանալու համար զրուցեցինք ՍԴՀԿ Արեւմտյան Ամերիկայի շրջանի վարիչ մարմնի ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ:

Ըստ մեր զրուցակցի` այսօր ամերիկահայ քաղաքացուն հետաքրքրում է, թե նոր քաղաքական իրավիճակը համաշխարհային լարվածության կոնֆլիկտային իրավիճակում ինչպես կնպաստի Ցեղասպանության հարցի լուծմանը: «Դա շատ ավելի պետք է կարեւորվի, քան թե Օբամայի «ցեղասպանություն» ասելը կամ չասելը», - նշեց Համբիկ Սարաֆյանը: Մեր այն հարցին, թե արդյոք այս պարագայում, ամերիկյան հայկական լոբբիստական կազմակերպությունները չպե՞տք է փոխեն ձեւակերպումները Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ` Համբիկ Սարաֆյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա պետք է վերապահված լինի միայն լոբբիստական կազմակերպություններին, որովհետեւ սա շատ ավելի մեծ եւ շատ ավելի լայնածավալ հարց է, եւ սա պետք է ընդգրկի հասարակության բազմաթիվ շերտեր: Մենք չենք կարող բավարարվել միայն լոբբիստական կազմակերպություններով: Նախ պետք է ճշտվի, հստակեցվի Սփյուռքի եւ Հայաստանի դերը հայ-թուրքական զարգացումների առումով, որովհետեւ սա շատ ավելի բարդ է եւ շատ ավելի բազմաշերտ է, քան թե պարզապես ասել` դե, քանի որ Հայաստանը սկսել է բանակցային գործընթացը, լոբբիստական կազմակերպություններն էլ հետեւեն կամ հարմարեցնեն իրենց գործելաոճը որոշ հանգամանքների հետ», - նշեց մեր զրուցակիցը: Համբիկ Սարաֆյանը այս պահին ավելի կարեւոր է համարում, որ Հայաստանը որպես պետություն հարեւանների հետ հարաբերությունները ճշտի, քանի որ նորմալ հարաբերություններ ունենալը նաեւ կնպաստի Ղարաբաղի խնդրի լուծմանը, որից հետո կարելի է խոսել Ցեղասպանության հարցի մասին: Համբիկ Սարաֆյանը նաեւ նշեց, որ Քոչարյանի օրոք Ցեղասպանության հարցի հիմնախնդիր դառնալու հանգամանքը մեծ վնաս է հասցնում: «Նախեւառաջ Հայաստանը այդ հարցն արծարծելով կամ քննարկելով ինքնաբերաբար Սփյուռքին ներքաշում է կոֆլիկտի մեջ, որովհետեւ գոնե վերջին 43-44 տարում Սփյուռքի հիմնական հարցը եղել է Ցեղասպանության հարցի արծարծումը եւ հանկարծ Հայաստանը անհասկանալի պատճառներով իր վրա է վերցնում այդ հարցի արծարծումը», - ասաց Սարաֆյանը: Վերջինս պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը արծարծելը, առավել եւս` եթե Հայաստանը ինչ-որ ձեւով նպաստել է այդ քայլին, համարում է Ցեղասպանության փաստը հարցականի տակ դնել:
http://www.zhamanak.com/article/11814/

вторник, 7 апреля 2009 г.

Հայտարարություն


Հայ-թուրքական հարաբերությունները արդի փուլում իրենցից ներկայացնում են խոշոր, պատմականորեն ձեւավորված հիմնախնդիրների մի բարդ հանգույց, որի լուծումը պահանջում է մեծ զգուշավորություն եւ բացառում է որեւէ շտապողականություն։ Բանական կլիներ, առաջին հերթին, համադրելով Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի կենսական շահերը, դասակարգել վերոհիշյալ հիմնախնդիրները ըստ կարեւորության, մշակել լուծելիք առաջնահերթ խնդիրների ընթացակարգը, հիմնավորել հնարավոր լուծումների շահեկանությունը հայկական կողմի համար, այնուհետեւ անպայման կազմակերպել լայն հասարակական-քաղաքական քննարկումներ Սփյուռքի մասնակցությամբ, եւ, կոնսենսուսի բացակայության պարագայում, գալ ընդհանուր հայտարարի համազգային հանրաքվեի միջոցով։

Սակայն, ազգային-պետական շահերին հակառակ, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անօրեն զավթած ավազակապետական ռեժիմը գնում է չափազանց վտանգավոր արտաքին քաղաքական մի արկածախնդրության, հուսալով ստանալ աշխարհաքաղաքական որոշ խաղացողների բարյացակամ վերաբերմունքը եւ դրանով իսկ երկարաձգել սեփական գոյությունը, ինչի գինն է Արցախի կորուստը եւ ՀՀ ազգային անվտանգության փաստացի փլուզումը։ Դրա վառ ապացույցն է այն տեղեկատվության տարածումը, որ ամենամոտ ժամանակներում սպասվում է հայ-թուրքական սահմանի բացում, պատմաբանների միջպետական հանձնաժողովի ստեղծում, ինչպես նաեւ ազատագրված Արցախյան տարածքների զիջում Ադրբեջանին, որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման երաշխիք։

Եվ քանզի այդ ամենը կատարվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի տարեկան ուղերձի նախօրեին, որի վերաբերյալ ողջ հայ ժողովուրդը ունի որոշակի սպասումներ, հասկանալի է դառնում, որ Թուրքիան, ցուցադրաբար ներկայացնելով ռազմավարական դաշնակցին իր «բարի կամքը», օգտագործելով հայաստանյան ներկա ռեժիմի թուլությունը ու շահամոլությունը, իրականում փորձում է վիժեցնել ինչպես Հայ Դատը` ընդհանրապես, այնպես էլ ցեղասպանության միջազգայնացման գործընթացը` մասնավորապես, որովհետեւ նշյալ գործողություններից հետո աննպատակահարմար եւ նույնիսկ վնասակար կդիտվի ցեղասպանություն տերմինի գործածումը ԱՄՆ նախագահի կողմից։

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, ելնելով այն համոզմունքից, որ հայ-թուրքական հիմնահարցը կարող է լուծվել միայն համայն հայության միասնական կամքով ու ջանքերով, վճռականորեն դեմ է, որ հայրենի հանրության պառակտվածության պարագայում, երբ կաթվածահար են արված հայաստանյան հասարակության գերիշխող հատվածի քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, երբ ազգի լավագույն զավակները գտնվում են ճաղերի ետեւում, իսկ անցյալ տարվա մարտյան սպանդի իրական կազմակերպիչներն ու իրագործողները միտումնավոր կերպով չեն բացահայտվում, երբ անտեսվում է Սփյուռքի արդար ձայնը, ժողովրդի վստահությունը բացարձակապես չվայելող, ոչ լեգիտիմ ղեկավար անձանց մի նեղ խումբ ստորագրի որեւէ միջազգային համաձայնություն Թուրքիայի հետ։

Նման քայլը ՍԴՀԿ-ի կողմից դիտվելու է որպես ուղղակի ազգային դավաճանություն, ինչը պատժվում է ինչպես սահմանադրորեն եւ քրեորեն, այնպես էլ հայ ժողովրդի կողմից դարերի ընթացքում մշակված ազգային-ազատագրական պայքարի չգրված, բայց բազմիցս իրագործված օրենքներով։

Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչություն
http://www.armtimes.com/7667 

понедельник, 6 апреля 2009 г.

ՍԴՀԿ-ն կհամարի դավաճանություն

«Հայ - թուրքական հարաբերությունները արդի փուլում իրենցից ներկայացնում են խոշոր, պատմականորեն ձևավորված հիմնախնդրիների մի բարդ հանգույց, որի լուծումը պահանջում է մեծ զգուշավորություն և բացառում է որևէ շտապողականություն»,- ասվում է Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչություն հայտարարության մեջ:



Ըստ հայտարարության'
« Բանական կլիներ առաջին հերթին, համադրելով Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի կենսական շահերը, դասակարգել վերոհիշյալ հիմնախնդիրները ըստ կարևորության, մշակել լուծելիք առաջնահերթ խնդիրների ընթացակարգը, հիմնավորել հնարավոր լուծումների շահեկանությունը հայկական կողմի համար, այնուհետև անպայման կազմակերպել լայն հասարակական - քաղաքական քննարկումներ Սփյուռքի մասնակցությամբ, և, կոնսենսուսի բացակայության պարագայում, գալ ընդհանուր հայտարարի համազգային հանրաքվեի միջոցով:
Սակայն, ազգային - պետական շահերին հակառակ, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անօրեն զավթած ավազակապետական ռեժիմը գնում է չափազանց վտանգավոր արտաքին քաղաքական մի արկածախնդրության, հուսալով ստանալ աշխարհաքաղաքական որոշ խաղացողների բարյացակամ վերաբերմունքը և դրանով իսկ երկարաձգել սեփական գոյությունը, ինչի գինն է Արցախի կորուստը և ՀՀ ազգային անվտանգության փաստացի փլուզումը:
Դրա վառ ապացույցն է այն տեղեկատվության տարածումը, որ ամենամոտ ժամանակներում սպասվում է հայ - թուրքական սահմանի բացում, պատմաբանների միջպետական հանձնաժողովի ստեղծում, ինչպես նաև ազատագրված Արցախյան տարածքների զիջում Ադրբեջանին, որպես հայ - թուրքական հարաբերությունների բարելավման երաշխիք»:
«Եվ քանզի այդ ամենը կատարվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի տարեկան ուղերձի նախօրեին, որի վերաբերյալ ողջ հայ ժողովուրդը ունի որոշակի սպասումներ, հասկանալի է դառնում, որ Թուրքիան, ցուցադրաբար ներկայացնելով ռազմավարական դաշնակցին իր ՙբարի կամքը՚, օգտագործելով հայաստանյան ներկա ռեժիմի թուլությունը ու շահամոլությունը, իրականում փորձում է վիժեցնել ինչպես Հայ Դատը ընդհանրապես, այնպես էլ ցեղասպանության միջազգայնացման գործընթացը մասնավորապես, որովհետև նշյալ գործողություններից հետո աննպատակահարմար և նույնիսկ վնասակար կդիտվի ցեղասպանություն տերմինի գործածումը ԱՄՆ նախագահի կողմից»,-ասվում է հայտարարության մեջ:
Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը վճռականորեն դեմ է, որ. «Հայրենի հանրության պառակտվածության պարագայում, երբ կաթվածահար է արված հայաստանյան հասարակության գերիշխող հատվածի քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, երբ ազգի լավագույն զավակները գտնվում են ճաղերի ետևում, իսկ անցյալ տարվա մարտյան սպանդի իրական կազմակերպիչներն ու իրագործողները միտումնավոր կերպով չեն բացահայտվում, երբ անտեսվում է Սփյուռքի արդար ձայնը, ժողովրդի վստահությունը բացարձակապես չվայելող, ոչ լեգիտիմ ղեկավար անձանց մի նեղ խումբ ստորագրի որևէ միջազգային համաձայնություն Թուրքիայի հետ»:
«Նման քայլը դիտվելու է ՍԴՀԿ-ի կողմից, որպես ուղղակի ազգային դավաճանություն, ինչը պատժվում է ինչպես սահմանադրորեն և քրեորեն, այնպես էլ հայ ժողովրդի կողմից դարերի ընթացքում մշակված ազգային - ազատագրական պայքարի չգրված, բայց բազմիցս իրագործված օրենքներով»,-ասված է Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարության մեջ:

среда, 1 апреля 2009 г.

Հանդիպել են (2009-04-01)


ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Երեւանում գտնվող ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ։ Քննարկվել են ՀՀ առջեւ ծառացած ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներ։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԴՀԿ Հայաստանի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՍԴՀԿ ԿՎ քաղաքական եւ սոցիալական հարցերով խորհրդականներ Գուրգեն Եղիազարյանը եւ Արարատ Մկրտչյանը։