среда, 11 августа 2010 г.

Ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու համար պետք է իշխանափոխություն

Արարատ Մկրտչյան
Ասում է առողջապահության նախկին նախարար, Հայ Ազգային Կոնգրեսի առողջապահության հանձնաժողովի անդամ, ՍԴՀԿ անդամ Արարատ Մկրտչյանը

- Պարոն Մկրտչյան, ՀՀՇ համագումարի ժամանակ ուենցած իր ելույթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ահազանգեց ժողովրդագրական ցուցանիշների վատթարացման մասին: Նախօրեին էլ արդեն հրապարակված տվյալներով` 91-ից այս կողմ Հայաստանը լքել է 1.3 միլիոն հայ, եւ բացի այդ էլ` երկիրը լքելու ցանկություն ունեցողների թվով, նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանը առաջին տեղն է զբաղեցնում, ինչը ի դեպ, ըստ Gallup-ի տվյալների, ավելացել է 2008-ից հետո: Որպես առողջապահության ոլորտի մասնագետ, կարո՞ղ եք ասել` ինչո՞ւ է Հայաստանը կանգնել նման ցուցանիշների առաջ, ինչո՞ւ են առաջացել այս խնդիրները:

- Ինքնին` ժողովրդագրությունը` որպես գիտություն, շատ խորը եւ բարդ գիտություն է: Այդ առումով որոշ անձինք նախագահի ելույթում ժողովրդագրության մասով հնչեցրած ահազանգը անտեսեցին եւ քաղաքական տեսանկյունից այն չկարեւորեցին: Մինչդեռ ինքնին այդ գիտության անվանումն արդեն խոսում է տվյալ տարածքում, երկրում ապրող բնակչության նկարագրի մասին: Իսկ այսօր գոյություն ունեցող ժողովրդագրական ցուցանիշների տեմպերը եթե պահպանվեն, ապա իրավիճակն իրոք տագնապահարույց է, եւ նախագահի կանխատեսումը, Աստված մի արասցե, կիրականանա:

- Ի՞նչ ցուցանիշների մասին է խոսքը:

- Դա բնական աճի տվյալներն են` ծնելիություն եւ մահացածություն, դա տեղաշարժերն են` միգրացիան, բնակչության տարիքա-սեռային կազմը: Մենք այսօր ունենք ծերացող բնակչություն, վերարտադրողական տարիքի բնակչության հիմնական մասը գտնվում է դրսում, եւ ծնելիության ցուցանիշների անկման հիմնական պատճառն այն է, որ վերարտադրողական տարիքի մարդիկ բացակայում են երկրից: Ավելին ասեմ` 90-ականներից մինչ օրս ծնելիությունը կիսով չափ նվազել է:

- Ուզում եք ասել, որ ժողովրդագրական ցուցանիշներով պատերազմի տարիներին ավելի լա՞վ վիճակում էինք:

- Միանշանակ:
- Ինչո՞վ է դա պայմանավորված, չէ՞ որ այն ժամանակ պատերազմ էր, «ցուրտ» էր, «մութ» էր:

- Միգրացիոն տվյալները մարդկանց հուսալքության եւ հուսահատության ճիչն է: Իշխանությունների կողմից բնակչությանն ու նրանց խնդիրների պարբերաբար անտեսումը բերում է հուսալքության: Եթե նայենք Gallup-ի տվյալներին, ապա 2008-ից այս կողմ (այսինքն` վերջին նախագահական ընտրություններից եւ մարտիմեկյան սպանդից հետո) մեկնել ցանկացողների թվի աճ ենք ունեցել: Հիմա էլ հո պատերազմ չէ՞, որ երկիրը լքել ցանկացողների թիվը աճել է:

- Ուզում եք ասել, որ այն ժամանակ մարդկանց մոտ հույսը ավելի մե՞ծ էր:

- Իհարկե, միանշանակ հույս կար, հաղթանակ կար: Ճիշտ է, դժվարություններ կային, բայց դա համատարած էր` մի մեծ համակարգ էր փլվել եւ նոր համակարգ պիտի ձեւավորվեր: Իսկ երբ մարդիկ տարիների ընթացքում առաջընթաց չեն տեսնում...:

- Պարոն Մկրտչյան, որո՞նք են այս իրավիճակի հիմնական պատճառները:

- Հիմնականում մարդիկ լքում են երկիրը տնտեսական, սոցիալական անարդարությունից, անպաշտպան լինելուց: Նաեւ քիչ դեր եւ նշանակություն չունի իշխանության ձեւավորման հարցում բնակչության անվստահության խնդիրը, երբ մարդը չի զգում, որ ինքը կարող է իր կամքը դրսեւորել եւ ձեւավորել իշխանություն: Ինչպես արդեն նշեցի` կարեւոր է հուսախաբության պահը: Նաեւ ուզում եմ նշել, որ ժողովրդագրական տեսանկյունից խեղվել է Հայաստանի բնակչության տարիքասեռային կազմը: Մենք ունենք մեծահասակներ, բայց չունենք այն երիտասարդ շերտը, որը կապահովի թե՛ բնակչության ծնելիության ցուցանիշների բարձրացումը, թե՛ սոցիալական խնդիրներ լուծի: Ի վերջո, նա պետք է աշխատի, որպեսզի տարեցների սոցապահովության խնդիրները լուծվեն: Բայց քանի որ նա երկրում չէ, աշխատանք չունի, նաեւ խնդիր է դառնում մեծահասակների սոցիալական պաշտպանվածությունը: Ավելին ասեմ` ժողովրդագրության առումով նաեւ աշխարհագրական տեսանկյունից մենք լուրջ խնդիրներ ունենք երկրի ներսում: Պատկերը խեղված է: Այսօր ունենք տարեցների կուտակում` սահմանամերձ շրջաններում: Որոշակի բարվոք իրավիճակ է Երեւանում եւ նրա մերձակա հատվածում: Իսկ մարզերում իրոք ունենք ծերացող բնակչություն: Այս դիսկուսները եւ նամանավանդ առաջին նախագահի կողմից հնչեցված ահազանգը դրդում են նրան, որ թե՛ իշխանությունները, թե՛ մեք` Հայ Ազգային Կոնգրեսը, լրջագույնս մարտավարական ծրագիր պետք է մշակենք` ժողովրդագրական քաղաքականության վերաբերյալ:

- Նկատի ունեք վերջերս ձեր կողմից ներկայացված առողջապահության ոլորտին առնչվող ծրագրից դուրս առանձի՞ն ծրագիր:

- Այո՛, որովհետեւ սա առողջապահության ոլորտին առնչվող, սակայն առանձին ծրագրի կարիք ունեցող հարց է:

- Պարոն Մկրտչյան, իսկ առկա վիճակը շտկելու համար ի՞նչ քայլեր պետք է արվեն, նկատի ունեմ` քաղաքական կա՞մք է պետք իրավիճակը շտկելու համար:

- Անխոս, քաղաքական կամքի եւ քաղաքականության մշակման խնդիր է: Ինքը` ժողովրդագրությունը սերտորեն կապված է քաղաքական մթնոլորտի հետ: Այն պատճառները, որոնք նշեցի, եւ որոնք ազդում են ժողովրդագրական տվյալների վրա, դրանք հիմնականում տվյալ երկրում վարվող քաղաքականության հետեւանք են: ժողովրդագրական ցուցանիշները աբողջ աշխարհում կապված են եղել քաղաքական խնդիրների հետ: Այնտեղ, որտեղ կան չլուծված հակամարտություններ, տնտեսական խնդիրների բարձիթողի վիճակ, գործազրկություն, սոցիալական երաշխիքների բացակայություն, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ, այդ երկրներում միանշանակ մեծ թիվ է կազմում արտագաղթը, իսկ ժողովրդագրական ցուցանիշներն էլ լրջագույն փոփոխություններ են կրում` ի վնաս տվյալ երկրի:

- Առաջին հերթին ի՞նչ պետք է անել` իրավիճակը շտկելու համար, գործող իշխանությունները կարո՞ղ են իրավիճակը շտկել:

- Եթե գործող իշխանությունները կարողանային, իսկ նրանք այդ ցուցանիշներին լավագույնս տիրապետում են, ուրեմն վաղուց ի վեր պետք է արած լինեին: Մինչդեռ նրանք ընդամենը մանր խնդիրներ են լուծում, որոնք այդ ցուցանիշների վրա չեն ազդում: Մասնավորապես` մի երկու տարի առաջ Հայաստանում ներդրվեց ծննդօգնության սերտիֆիկատի խնդիրը: Այսինքն` ով սերտիֆիկատով գնում է ծննդաբերելու` ասում են, թե ծննդօգնությունն անվճար է: Դրանից հետո մի երկու քաղաքական գործիչներ սկսեցին հայտարարել, թե դա ազդեց ծնելիության բարձրացման վրա: Աբսուրդ: Այսինքն` ի՞նչ, հենց երիտասարդ զույգերն իմացան, որ ծննդօգնությունն անվճար է, սկսեցին երեխայաստեղծ գործունեությամբ զբաղվե՞լ: Կամ մտցրեցին նորածինների նպաստների համակարգը: Այդ ամենը լուծում է սոցիալական խնդիրներ, սակայն ծնելիության աճին դա երբեք չի նպաստում: Սրանք այն փոքր խնդիրներն են, որոնք իբր թե շաղկապված են ժողովրդագրական խնդիրների հետ, եւ որոնք իշխանությունները փորձել են լուծել: Իրականում պետք է ծրագիր, որպեսզի բնակչությունը երկիրը լքելու ցանկություն չունենա: Նայեք, հարցվածներից մեծ թվով երիտասարդներ ասել են, թե ցանկանում են գնալ արտերկիր` կրթություն ստանալու համար: Այստեղից հետեւություն, ուրեմն մենք ունենք կրթության խնդիր: Մեծ թվով մարդիկ ասել են, թե աշխատանքի համար են ուզում մեկնել: Ուրեմն աշխատատեղերի ստեղծման, տնտեսական իրավիճակի բարելավման հարց պետք է լուծել: Իսկ սրանց կարելի է հասնել միայն լուրջ քաղաքական կամքի եւ որոշումների ճանապարհով: Մասնավորապես, ամեն ինչ անել` չվնասելով երկրի անվտանգության խնդիրները, ունենալ բաց ճանապարհներ, ունենալ համագործակցություն բոլոր երկրների հետ` թե՛ հարեւան, թե՛ հեռավոր երկրների, որը իր հերթին կբարելավի նշածս խեղումները:

- Պարոն Մկրտչյան, ասում եք` չլուծված հակամարտություն ունեցող երկրներում նման խեղված ցուցանիշներ են լինում: Սակայն նույն Իսրայելը, թեեւ արդեն քանի տասնամյակ ունի չլուծված հակամարտություն, բայց չունի ժողովրդագրական խեղված ցուցանիշներ:

- Չնայած Իսրայելը արդեն մի քանի տասնամյակ ունի չլուծված հակամարտություն, բայց Իսրայելում չկա օլիգարխիկ համակարգ, կորպորոկրատիա, չկա կոռուպցիա, որը մեր երկրում աներեւակայելի չափերի է հասած` էլի միջազգային կառույցների ուսումնասիրության արդյունքներով: Այնտեղ կա համախմբվածություն, կան նպատակներ եւ կա համասփյուռ հրեաների` երկրին սատար կանգնելու մեծ գործունեություն: Այնտեղ կա վստահություն, այնտեղ ժողովուրդն է ձեւավորում իր իշխանություններին, որը հաշվետու է իր ժողովրդին: Դրանք առավելություններ են, որոնք բացակայում են մեր երկրում: Մինչդեռ այդ երկրի օրինակը մեր երկրի համար լուծումներ գտնելու համար շատ լավ մոդել է:

- Ելքը, ըստ ձեզ, ո՞րն է:

- Ելքը առաջին հերթին ժողովրդավարական պայմաններում, ժողովրդավարություն սերմանելով` ժողովրդի վստահությունն ունեցող եւ նրա կողմից ընտրված իշխանություն ձեւավորելն է: Դա ժողովրդագրական խնդիրների լուծման քաղաքական առաջին պայմանն է, որը, ըստ իս, շատ մոտ է իրականացմանը:

- Պարոն Մկրտչյան, ստացվում է, որ ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու համար էլ անհրաժեշտ է իշխանափոխությո՞ւն:

- Անպայման:

Քրիստինե Խանումյան
http://www.zhamanak.com/article/15712/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.