Վերջին մեկ տարում ՍԴՀԿ շուրջ ծավալվող իրադարձությունները հասան իրենց տրամաբանական հանգրվանին. Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը երեկ հայտարարեց, որ իր լիագումար նիստում որոշել է այլեւս չհամագործակցել ՀԱԿ-ի հետ: “Հայ իրականության առաջին քաղաքական կուսակցությունը չի կարող լինել որեւէ այլ քաղաքական միավորի կցորդ: Կենտրոնական վարչությունը առավել եւս մերժում է ՀԱԿ-ի ուղղակի պառակտողական միջամտությունը կուսակցության ներքին հարցերին: Ուստի, անհնարին է գտնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս”,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը որքան էլ տրամաբանական է, սակայն ակնհայտ է, որ այն հակասում է ընդամենը մեկ տարի առաջ կուսակցության հռչակած ուղեգծին. 2009-ի սեպտեմբերին կուսակցությունը տրամագծորեն հակառակ որոշում կայացրեց. համահնչակյան 19-րդ համագումարում հստակ որոշում ընդունվեց, որ կուսակցության քաղաքական գիծը չի փոխվում, կուսակցությունը շարունակում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ մինչեւ հաղթական ավարտ: ՀԱԿ-ի հետ ՍԴՀԿ “քաղաքական անհամատեղելիությունը” թերեւս ուրվագծվեց անցյալ տարվա օգոստոսին, երբ ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանը եկավ Հայաստան, հանդիպում ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ հիացական հայտարարություններ արեց, ապա ավելի ուշ հանդիպեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ:
Սա առիթ տվեց լրատվամիջոցներին հիշելու Աճեմյանի բիզնեսը Հայաստանում՝ Հանքավանում կառուցվող հանգստյան գոտին: Այդ ժամանակ Աճեմյանը վարչապետի հետ քննարկմանը նշել էր, թե “կուսակցությունը պանդուխտ է, պետք է վերադառնա հայրենիք”: Իրոք որ, ՍԴՀԿ-ն Հայաստանում վերջին համագումարը հրավիրել է 95-ին, դրանից հետո Հայաստանում ՍԴՀԿ համագումար չէր եղել: Վարչապետը սիրով համաձայնել էր:
Որոշ տեղեկություններով, ՍԴՀԿ ԱՄՆ-ի թեւում ներքին տարաձայնություններ կան: Ոմանք համոզված են, որ ճիշտ ուղին ՀԱԿ-ի հետ համագործակցելն է, քանի որ հենց Համաժողովրդական շարժման հետ համագործակցության ընթացքում ԱՄՆ-ում ՍԴՀԿ-ն ավելի ակտիվ, ներկայացուցչական ու կենսունակ դարձավ: Կուսակցությունը որոշակի զարթոնք ապրեց Համազգային շարժման օրերին: Երեկ, երբ ՍԴՀԿ հայտարարության հետքերով այցելեցինք ՀԱԿ գրասենյակ, այնտեղ էին Դավիթ Շահնազարյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Անդրանիկ Քոչարյանը, ԱՄՆ-ում Կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը եւ այլոք: ՍԴՀԿ հայտարարությանն ի պատասխան կոնգրեսականների հավաքական պատասխանը հետեւյալն էր. “Բայց իրենք ե՞րբ են մեզ հետ համագործակցել, որ դադարեցնում են համագործակցությունը:
Մենք միշտ համագործակցել ենք հայաստանյան կառույցի հետ, հիմա էլ շարունակում ենք համագործակցել: Շիրխանյանախառը երեւույթը երբեք մեզ հետ չի համագործակցել: Կենտրոնական ՍԴՀԿ-ն համագործակցել է ժամանակին: Էստեղի ակցիաների հետ զուգահեռ ակցիաներ են արել Լոս Անջելեսում եւ այլուր: Դա թող հիմա իրենք որոշեն: Այն հնչակյանները, ովքեր համագործակցում էին, շարունակում են Կոնգրեսի հետ մնալ”:
ՍԴՀԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, Հայաստանում կուսակցության մի թեւի անդամ Վահան Շիրխանյանը երեկ մեր հարցին, թե իրեն մեղադրում են իշխանությունների ծրագիրն իրականացնելու եւ ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ից պոկելու մեջ, այսպես պատասխանեց. “Կայացվել է կուսակցության կենտրոնական վարչության որոշում, ոչ թե Վահան Շիրխանյանի: Կենտրոնական վարչության, որի անդամները աշխարհի տարբեր երկրներից են: Ուրեմն 124-ամյա կուսակցությունը պետք է ինչ-որ քաղաքական միավորի՝ տվյալ դեպքում ՀԱԿ-ի մաս լինի ու իր ողջ ծրագիրը մոռանա ու գնա քաղաքական գործողությունների համաձայն ՀԱԿ-ի որոշումների, հա՞: Էդ համարվում է ճիշտ, հա՞”:
Մեր հիշեցմանը, թե ՍԴՀԿ-ն արդեն 2-3 տարի է՝ համագործակցում է ՀԱԿ-ի հետ, նո՞ր հիշեց, որ առանձին կուսակցություն է, կցորդ չի ուզում լինել, Շիրխանյանն այսպես հակադարձեց. “ՀԱԿ-ին անդամագրվելու ժամանակ եղել է պայման, որ ՀԱԿ-ն իշխանափոխության գնալու ժամանակ իրականացնելու է համակարգի փոփոխություն, որը հետագայում անտեսվել է լրիվ, եւ դրանից ելնելով կուսակցությունը որոշել է, որ ՀԱԿ-ում անտեսվում է կուսակցության գաղափարախոսությունը, կուսակցության ծրագրային պահանջները, եւ դրա համար ինքը որդեգրել է ինքնուրույն գործելու ուղեգիծ: Եթե կուսակցությունն ասում է, որ պարտավոր եմ իմ գաղափարախոսության, իմ ծրագրերի շրջանակում աշխատել, պիտի ասեն, որ աշխատում է իշխանության համա՞ր:
Անհեթեթ, անտրամաբանական, երեխայական մոտեցում է”: Այսինքն, ըստ Ձեզ, ՀԱԿ-ում համակարգի դեմ չե՞ն պայքարում,- հարցրինք մենք: “Դուք երբեւէ լսե՞լ եք լիբերալ համակարգի քննադատություն ՀԱԿ-ի որեւէ գործչի բերանից: …Եղել է քննադատություն Հայաստանում տիրող իրավիճակի մասին, բայց երբեք չի ասվել, որ այդ իրավիճակը պատճառ է լիբերալ համակարգի, եւ պետք է փոխել լիբերալ համակարգը: Մենք այսօր դա ենք ասում”,- հայտարարեց Շիրխանյանը: Մեր դիտարկմանը, թե կուսակցությունում ոչ բոլորն են տեղյակ եղել ՍԴՀԿ հայտարարությանը եւ ոչ բոլորն են կողմ ՀԱԿ-ի հետ համագործակցության դադարեցմանը, Շիրխանյանը հայտարարեց. “Ես չգիտեմ որեւէ մեկին, որ գա եւ ասի՝ ես դեմ եմ: Դրսի կառույցները ողջունում են Հայաստանի հնչակյան կազմակերպության ինքնուրույն գործունեությունը”:
Ըստ նրա՝ ՍԴՀԿ-ն առայժմ չի պատրաստվում որեւէ այլ ուժի հետ համագործակցել. “Կգա ժամանակ, կլինեն տարբերակներ համագործակցելու համախոհ քաղաքական ուժի հետ, կքննարկենք, որոշումներ կընդունենք”:
“Շուրջ 2 տարի Սեդրակ Աճեմյանն իր առջեւ նպատակ էր դրել՝ կուսակցությունը հանելու Կոնգրեսի կազմից”,- երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ՍԴՀԿ մյուս թեւի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով. “Ես առայսօր լռել եմ, բայց կարող եմ ասել՝ ինձ ուղիղ ասվել է հետեւյալը՝ է կհասկանամ՝ ինչու կուզեք էդտեղ (ՀԱԿ-ում՝ Մ. Խ.) մնալ, պաշտոնների կձգտեք: Ես ինչ շահ ունե՞մ էդտեղ՝ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացի չէ, չի կարող պաշտոն ունենալ: Տարօրինակ է, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը կարող է նման պրիմիտիվ մտածելակերպ ունենալ”: Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում, որ Աճեմյանին իշխանական թեւում միգուցե ինչ-որ բան առաջարկել են: “Ինքը չհասկացավ, որ միայն մաքուր քաղաքական ուղղություն ունենալու դեպքում կուսակցությունը կարող է հաջողություն ունենալ եւ միայն մաքուր անունով է, որ կարող է հայ հանրությանը ներկայանալ”:
Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում նաեւ, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչության հայտարարությունը կապված է կուսակցության կնիքի դատավարության հետ, եւ վերաքննիչ դատարանի վճիռը շատ բան կապացուցի: Մեր հարցին, թե ՀԱԿ-ն իրոք միջամտե՞լ է կուսակցության ներքին խնդիրներին, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետը միանշանակ բացասական պատասխան տվեց. “Բացարձակ: ՀԱԿ-ն իրեն շատ կոռեկտ է պահել, բայց չէր կարող ուղղակի նայել ինչ է կատարվում: Նրանց գործընկերը մենք էինք, եւ պետք է մեզ ճանաչեին: …Ինչու “Արդարություն” դաշինքի պարագայում ՍԴՀԿ-ն կցորդ չէր, երբ նույնիսկ պատգամավոր չուներ դաշինքի կազմում: Այս պարագայում որեւէ հիմք չուներ նման կարծիք արտահայտելու համար”:
Ըստ Սարգսյանի՝ ՍԴՀԿ-ն “հիվանդացել է”, որովհետեւ չի կարողանում ընդդիմանալ մարդկանց, որոնք անձնական խնդիրներ են փորձում լուծել՝ օգտագործելով կուսակցությանը: Ուստի իրենք միանշանակ շարունակելու են համագործակցությունը ՀԱԿ-ի հետ՝ մինչեւ հաղթական ավարտ: “Կանգնած ենք մեր անկախ պետականության կողքին՝ մեր քաղաքական պայքարի միջոցով արտահայտելու մեր տեսակետը, վերականգնելու երկրում սահմանադրական կարգը եւ ժողովրդի ոտնահարված իրավունքները, եւ ՀԱԿ-ի հետ համատեղ պայքարի մեջ ենք տեսնում այդ նպատակների իրագործումը”:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.